Ռուզան Հովասափյան. ԿԱՐՈՏՍ ԹՈՂ ՀԱԳԻԴ ՄՆԱ
***
Սերը
Թակում է
Դուռը օրերիս
Ու ինձ համոզում՝
Այս անգամ ինքն է.-
Հավատա՞մ արդյոք,
Արդյո՞ք ներս թողնեմ։
Նա կփաթաթվի
Փխրուն ուսերիս,
Կծաղկապատի
Ուսերս մրսած,
Կհամոզի,
Որ
Չի
Հեռանալու։
Եթե այդպես է —
Իմ ցրտահարված,
Փխրուն ուսերին
Կկարողանա՞մ
Այս սերը տանել…
***
Սիրտն էլ է գետ.
Նույն սիրտը
Երկու անգամ չես մտնի,
Ուրեմն
Մի նայիր
Սրտիս վարար ալիքներին,
Մի մտածիր,
Որ
Սիրտս
Կարող է քեզ տանել…
Մի օր,
Երբ փնտրեն քեզ,
Ուզում եմ`
Սիրտս քեզ տարած լինի…
***
Քեզ մոտ գալու
Երկու արդարացում կա.
Կամ
Մինչև ոսկորներս
Պիտի թրջված լինեմ սիրուց,
Որ
Կուչ գամ
Աչքերիդ կրակի մոտ,
Կամ էլ
Սերը դանակի պես
Պիտի
Ոսկորիս հասնի,
Ու
Աչքերիդ կրակը
Գցվելս լինի
Իմ վերջը…
***
Դու նորից ես գնում,
Եվ ես
Անձրևից եմ
Իմանում այդ մասին
(Ինչպես որ անձրևը շշնջաց`
Եկել ես)…
Դու նորից ես գնում,
Եվ իմ հին օրերը,
Իմ անհուր օրերը
Հետ են գալիս նորից
(Բայց գնացե՞լ էին)։
Դու նորից ես գնում
Ու թե էլ չե՞ս գալու,
Ինքդ իմացրու ինձ,
Թե չէ անձրևները,
Երկար անձրևները
Ինձ արդեն ասել են…
***
Ա՛ռ քո բաժին սիրտս, գնա՛,
Հետ չնայես,
Կարոտս թող հագիդ մնա,
Է՛լ չհանես։
Ա՛ռ քո բաժին կյանքս, գնա՛,
Հետ չնայես,
Թե սիրուցս մի պեծ մնա,
Հե՛չ, կմարես։
Ա՛ռ քո բաժին մահս, գնա՛,
Հետ չնայես,
Օրերիցս թե բան մնա,
Ձայն կհանես….
***
Դու իմ հետևից
Թռչուններ մի’ ուղարկիր.
Ես սրտիդ քարերով եմ գալու։
Դու իմ հետևից
Երազներ մի’ ուղարկիր.
Քարերին ընկնելով եմ գալու:
Դու իմ հետևից
Դրախտներ մի’ ուղարկիր.
Ես սրտիդ հողերով եմ գալու:
Դու իմ հետևից
Աստվածներ մի’ ուղարկիր.
Ես հողե, հողեղեն եմ գալու…
***
Ես եմ աղոթել,
Ես եմ սեր խնդրել,
Եվ աստվածները
Լսել են ձայնս,
Եվ աստվածները
Խղճացել են ինձ,
Ու ես հիմա քեզ
Աստծո պես ունեմ…
Մի՞թե աստված չես,
Եթե չեմ տեսնում,
Եթե չեմ լսում,
Եթե չեմ գրկում,
Բայց հավատում եմ,
Որ կաս…
Գալու ես…
***
Որտեղի՞ց իմանամ, որ դու էլ ես սիրում,
Դու էլ ես որբ, իմ լավ,
Կյանքը չի կատակում երազներով սիրուն
Ու դաս չի տա մի լավ։
Որտեղի՞ց իմանամ, որ օրերիդ խորքից
Ինձ ես կանչում, լավս,
Ու բացի պատերից ոչ ոք չկա կողքիդ,
Որ հարցնի՝ լա՞վ ես։
Որտեղի՞ց իմանամ՝ կյա՞նքն է ծաղրել, թե՞ միշտ
Ես չեմ ուզել լավս,
Ու թե ես չեմ ուզել, ինձ դաս տալն էլ է քիչ —
Պատերով տուր կավս…