Ռուբեն Հովսեփյան. Մտավորականը հայրենիքի զինվորն է
Որքան էլ փորձում ես հեռու մնալ ընդհանրացում-բանաձևումներից, որքան էլ փորձում ես մասնակիցը միայն լինել բանաձևումների հասունացման՝ ավարտուն ձևակերպումը վստահելով ինքնաբյուրեղացմանը, չի ստացվում. միկրոֆոնով, գրիչով քեզ դեմ են անում պատին ու պահանջում ընդհանրացնել, բանաձևել, ձևակերպել… Կարծես մեկընդմիշտ լուծվող հարց է, և, ահա, քո բանաձևումով ավարտվելու է պատմությունը:
Հազարավոր ձևակերպումներ կան, մտավորականի հազարավոր օրինակներ են շողշողում, բայց դրանք, կարծես, չեն բավարարում հանրությանը, և այսօր, ահա, դու ես ընկել լրագրողի ճանկը, այն էլ՝ որերորդ անգամ, և դու պիտի ձևակերպես քոնը…
Սարերից իջնող ձնհալի ջրերը՝ գետակի տեսքով, թե աղբյուրի, նույն համն ու հոտը չունեն, ինչ ունեն ամենավերում: Ճանապարհին, մինչև հարթավայր և կամ մինչև հորդացող աղբյուր, ջրերն այդ իրենց մեջ են առնում բազմատեսակ հանքանյութեր, հարստանում են և այս բաղադրությամբ են ներկայանում մեզ՝ որպես ջուր: Վերևում, ամենավերում, եթե կուզեք, այդ ձյան հալոցքը ջուր էլ չէ և կամ՝ ջուր է, սակայն անհոտ և անհամ: Դրանով ոչ կհագենաս և ոչ էլ բույս կսնես:
Որևէ հասարակության համար մտավորականը, ահա, ջրին համուհոտ տվող, ջրին ջուր դարձնող այս բաղադրությունն է, որ ներառվել է բնականորեն, աննկատ և մանավանդ առանց արտաքին միջամտության գդալի: Կարող էի և «շերեփ» ասել, որովհետև երբ բացվում է միջամտության ախորժակը, գդալն այլևս անելիք չունի: