ՋԱԶԻ ՏՈՆ ԵՎ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ՍՏԵՂԾԵՑ ՄԱԵՍՏՐՈ ԳԱՐԻ ՔՅՈՍԱՅԱՆԸ
Երաժշտություն , որ գալիս է երկնքից ու մեր հոգևոր ժառանգությունից
…Աշխարհը ջազ է լսում: Ապրիլի 30-ը ջազի միջազգային օրն է: Իսկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում երեկ կրկնակի տոն էր, որովհետև այն մեկտեղվել էր ջազմեն, կոմպոզիտոր, դաշնակահար Գարի Քյոսայանի 75-ամյա հոբելյանի հետ: Համերգային երեկոյի խորագիրը խորհրդանշական էր՝ «Գարի Քյոսայանը և ընկերները»: Բեմում հայ ջազմեններն էին, ովքեր արվեստասեր հանդիսատեսին պարգևեցին իսկական ջազային հրավառություն:
Սա առաջին անգամ չէր, որ Մաեստրոն ու իր կյանքի ուղեկից՝ դերասանուհի, երգչուհի Ալլա Սահակյանը համախմբել էին տաղանդավոր երաժիշտներին: Այս համերգն առանձնահատուկ էր, քանի որ համերգային երեկոյի «սիրտն ու ոգին» Գարի Քյոսայանի ստեղծագործություններն էին, որոնք ջազի հսկաների հանրահայտ գործերի հետ ստեղծում էին մի հզոր կտավ:
Բեմում ինքնատիպ արվեստագետներն են: Ու բոլորին միավորում էր ջազը, ինչպես մաեստրոն է սիրում ասել ՝«իմպրովիզների այդ մեծ արվեստը», որը «մարդուն բերում է հոգևոր ներդաշնակության»:
Հնչում էին Գարի Քյոսայանի, Ռեյ Չարլզի, Էտտա Ջեյմսի, Գրովեր Վաշինգտոն Ջունիորի և Ջո Զավինուլի, որոնք մեզ էին մատուցում օրվա հոբելյարը՝ Մաեստրո Գարի Քյոսայանը (երգեհոն, դաշնամուր), շրթհարմոնի վարպետ Արտակ Ներսիսյանը, տաղանդավոր ջազմեն Արմեն Ավետիսյանը, շեփորի վարպետ Արմեն Խաչատուրյանը …Ռիթմն էլ ապահովում էին, Արմեն Հովհակիմյանը (բասս) և Արմեն Մովսեսյանը (հարվածային):
Դրանք սովորական կատարումներ չէին, այլ ասես, տարբեր աշխարհների ամուր ու կատարյալ ներդաշնակություն, երկխոսություն: Տաղանդավոր երաժիշտները իրենց գործիքներով ու կատարումներով ստեղծել էին մի ոգեղեն աշխարհ (երգեհոն, դաշնամուր, շեփոր, կոնտրաբաս, հարվածային գործիքներ)՝ Մաեստրոյի հետ շարունակական երկխոսության մեջ մտնելով: Երեկոն իրենց հրաշալի ու ինքնատիպ կատարումներով զարդարում էին բազմաշնորհ երգիչներերը՝ Մարբին, Ալլա Սահակյանը, Սոնա Ումրոյանը, Արսեն Ստեփանյանը :
Հնչեցին Մաեստրոյի ստեղծագործությունները, որոնք վաղուց արդեն սիրվել են ջազի աշխարհում՝ «Ծիր Կաթին», «Apricot Tree», «Armenia» եւ, վերջապես, «Message from Ararat»-ը, որը խորհրդանշում է հավերժական Հային, որ թումանյանական իմաստուն հայացքով Արարատից նայում է աշխարհին ու երազում «հաշտ ու խաղաղ մարդկության» մասին: Հնչեցին Գարի Քյոսայանի այլ ստեղծագործություններ ևս․ «Light from Nazareth», որը մեծ բեմից հնչում էր առաջին անգամ, «Blues for Maria», «Day of my dream», «Sunday blues», «Yesterday love» , «Promising day»: Հնչեց նաև «Shining stars»-ը՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած հայ մանուկների հոգիներին, և այն տարիներ շարունակ կատարվել է ջազի բազմաթիվ վարպետների կողմից՝ պատմելով հայ ազգի ապրած ողբերգության մասին, որը դարձավ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը՝ որպես նախերգանք հետագա բոլոր արհավիրքների: Նշենք, որ այս ստեղծագործությունն առաջին անգամ հնչել է 2005 թվականին, և դահլիճում ՝ Մաեստրոյի համերգին ներկա է եղել Շառլ Ազնավուրը:
Համերգի ընթացքում եղան նաև ստեղծագործությունների պրեմիերաներ: Ինչ վերաբերում է դասականներին, ապա հնչեցին Էտտա Ջեյմսի հանրահայտ «Love to you»-ն, Գրովեր Վաշինգտոնի «Just a two of us»-ը, Ռեյ Չարլզի «You don’t know me»:
Եվ որպես եզրափակիչ ակորդներ՝ հնչեցին Գարի Քյոսայանի՝ հանդիսատեսի կողմից չափազանց ջերմ ընդունելության արժանացած, «Eddi» ստեղծագործությունը և Ջո Զավինուլի «Mercy, Mercy»-ն:
Գարի Քյոսայանի ստեղծագործություններում հանդիպել են ժամանակները, որտեղ արվեստասերը փնտրում ու գտնում է 21-րդ Մարդու հոգևոր նկարագիրը, որը դեռևս մարդկային իդեալ է, երազանք: Իսկ Մաեստրոյի երաժշտությունն ասում է, որ երրորդ հազարամյակի Մարդը պետք է լինի հոգևոր բարձր արժեքների կրող , միաժամանակ նորարար, յուրաքանչյուրն իր ազգային արմատներին հավատարիմ: Չէ՞ որ մեր մարդկային մոլորակը ազգերի, ռասաների ու մշակույթների բազմազանությամբ է գեղեցիկ: Եվ այդ Գեղեցիկը ոչնչացնող ամեն երևույթի դեմ պետք է պայքարել: Գարի Քյոսայանի երաժշտությունն ու ինքը՝ Մաեստրոն միշտ բոլորին է միավորել:
Գարի Քյոսայանի երաժշտությունը տոգորված է Հայրենիքի ու Ազգի հանդեպ սիրով: Իսկ առանց Ազգդ սիրելու չես կարող լինել մարդասեր: Մաեստրոյի ստեղծագործությունները մարդասիրության ուղերձ են աշխարհին, որոնք ծնվում են մեր քաղաքակրթության ակունքներից: Այս համերգը Մաեստրոյի՝ իր ապրած տարիների բարձունքից զրույցն էր ժողովրդի հետ, որին հետևելու ընթացքում անհնարին էր չհիշել նրա հարցազրույցներից մեկը, որտեղ ասել է.
-Երաժշտությունն, ինչ խոսք, գալիս է երկինքից, Տիրոջից: Եվ Քրիստոսի կերպարը՝ աշխարհի քրիստոնյա ժողովուրդների համար գերագույն կերպար է: Ապրելու ամենագեղեցիկ ձևերից մեկն է լինել քրիստոնյա: ԱՄՆ-ում, Եվրոպայում ընկերներիս հետ զրույցներ շատ ենք ունեցել՝ կապված կյանքի դժվարությունների հետ: Ու մի եզրակացության ենք եկել, որ երջանիկ լինելու համար կարևոր չէ ունենալ, փող, պաշտոն: Երջանկությունը՝ հոգևոր երջանկությունն է, հոգևոր գանձ է:Եվ կյանքիս ընթացքում հասկացել եմ, որ երջանկությունը Տիրոջ կողմից տրված քո հոգևոր ներդաշնակությունն է, հանգստությունն է, որ քրիստոնեության առաջնակարգ օրենքներով պիտի ապրես: Ես գերագույն հաճույք եմ ստանում, որ երաժշտության շնորհիվ, ինչ Տերն ինձ պարգևել է, կարողանում եմ մարդկանց երջանկացնել ,հոգևոր հավասարակշռության բերել:
Գարի Քյոսայանը համերգի ընթացքում շնորհակալություն հայտնեց համերգի գլխավոր հովանավոր «GPM GeoProMining» ընկերությանը, որը մշտապես եղել է իր կողքին և, առհասարակ, նպաստում է, որ մատաղ սերնդի շրջանում քարոզվեն մշակութային բարձր արժեքները:
…Հանդիսատեսը երեք ժամ ապրեց ջազով: Իսկ Գարի Քյոսայանի երաժշտության լույսը երկար է ապրեցնելու և՛ դահլիճում ներկա հանդիսատեսին, և՛ վաղվա սերնդին: Ջազի տոնը կայացավ: Մաեստրո Գարի Քյոսայանի երաժշտության մոգական ուժը միավորել էր հանդիսատեսին, որոնց շարքերում նաև բազմաթիվ օտարերկրացիներ կային: Աննկարագրելի էներգետիկան էր, թե ինչպես էին օթյակում մեծերի հետ պարում նաև ծնողների հետ եկած դպրոցահասակ երեխաները: Սա նաև սերունդների կենդանի երկխոսություն էր: Հաջորդ սերունդը կանգնած է հերթի ՝ հաղորդակցվելու մշակութային իրական արժեքներին և պահպանելու այն ժառանգությունը, որոնք վաղը մեր այցեքարտն են դառնալու աշխարհում, թե ինչ է ստեղծել հայ ազգը 21-րդ դարում: Իսկ Գարի Քյոսայանը ստեղծել ու շարունակում է արարել 21-րդ դարի երաժշտություն՝ ջազի լեզվով: Երաժշտություն, որը գալիս է մեր հոգևոր ակունքներից: Եվ դարձյալ ուզում եմ հիշատակել Մաեստրոյի մտքերից մեկը, որը աշխարհի ընթացքին իր ազգի աչքերով նայող հայ արվեստագետի պատգամն է մեզ՝ բոլորիս.
— Մեր ազգը երբեք չպետք է մոռանա, որ ինքն առաջին քրիստոնյա ազգն է: ԱՄՆ-ում խոսք ունեն՝ ժամանակը փող է…Ես դրա հետ երբեք համաձայն չեմ եղել: Ի հակառակ դրան՝ մի ստեղծագործություն եմ գրել, որտեղ վեր եմ հանել այս գաղափարը. Ժամանակը փող չէ: Ժամանակը նվեր է դրախտից, որ ամեն առավոտ, ամեն երեկո ժպտում է քո համար: Ժամանակը դատավոր է դրախտից, որ նայես քո գործերին…
ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ
Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ