«Գծեց, ջնջեց, փորձերը գտնելով անհամաձայն իր ներքին շքեղ տեսիլին, միշտ ձգտելով կատարելության». Ալեքսանդր Թամանյան
Թամանյանին ամենից շա´տ կիզող, մաշող, նաև թևավորող հարցը ժողովրդական տան կառուցումն էր: Այդ նրան մտալլկող դևն էր: Տարիների ընթացքում որքա՛ն աշխատեց, տքնեց նա, գծեց, ջնջեց, գծեց, ջնջեց, բազում անգամ փոխեց հատակագծերը և միշտ դժգոհ, փորձերը գտնելով անհամաձայն իր ներքին շքեղ տեսիլին, միշտ ձգտելով կատարելության, մինչև որ մի օր, վերջապես, բավարար համարեց և ձեռնամուխ եղավ իրականացմանը:
Երբ Եվրոպա մեկնելիս գնացի նրան հրաժեշտ տալու, գլուխը բարձրացրեց ժողտան անթիվ թղթերի վրայից և ասաց.
— Ա՛խ, ի՛նչքան բախտավոր պիտի լինեմ, որ վերադարձիդ տեսնես շենքս վարջացած: Պիտի շտապեմ, ժամանակը իմ բարեկամս չէ:
Ես հասկացա նրան և սրտիս մեջ հառաչեցի: Այնուհետև երևակայությանս մեջ միշտ տեսնում էի նրան իր հոյակապ երազի մարմնացման աստիճանների վրա օրեցօր բարձրանալիս: Ավա՛ղ, անողորմ ճակատագիրը չթողեց, որ նա հասներ իր գործի կատարին: Բոլորավին թերի մնաց նրա երազը, որ մեր բոլորիս երազն էր: Անհուն ցավը սրտին` անջատվեց նա իր մեծագույն ձեռնարկից. այդ ցավը այսուհետև մերն է լինելու:
Սակայն ինչ էլ որ լինի ժողտան ճակատագիրը` պիտի ավարտվի՞ հեղինակի կաղապարի համաձայն, թե պիտի այլափոխվի – մի բան անայլայլելի իրողություն է, որ նոր Երևանի անունը հավերժապես կապված է Թամանյանի անվան հետ: Նրա դրոշմի տակ է Երևանը: Նրա մեծաթև շունչը ամենուրեք է: Նրա տրամաբանված, կշռված հատակագծի վրա է, որ բարձրանում է մեր մայրաքաղաքը: Չքնաղ Երևանի պողոտաները պիտի թռչեն ղողանջուն Զանգվի վրայից, պիտի բացվեն Արարատյան դաշտի հրաշքներին ակնդետ, պիտի ձգտեն դեպի Մասիսի լույսերը:
Եվ երախտագետ Երևանը, սերունդներով, հարգալիս գլուխ պիտի խոնարհե մեծ արվեստագետի, մեծ հայրենասերի հիշատակի առաջ:
Ավ. Իսահակյան «Երկերի ժողովածու» հատոր V