Պերսեպոլիսի նոր գտածոն
Հնագետները Իրանի Շիրազ քաղաքից 70 կմ հեռավորության վրա գտնվող Պարսկաստանի հնագույն Պերսեպոլիս (հին հունարենով՝ Περσέπολις՝ «պարսից քաղաք») քաղաքում հայտնաբերել են Պարսկաստանի Աքեմենյան դինաստիային պատկանող քարե արձանագրության կտորներ: Գտածոները հայտնաբերվել են Քսերքսես Առաջին արքայի (մ.թ.ա. 520 թ.) պալատում:
-Մասնագետների խումբն աշխատանքներ է տանում գտնված կտորները միմյանց կցելու ուղղությամբ, որպեսզի հնարավոր լինի ընթերցել սեպագիր արձանագրությունը,- հայտարարել է Յան Պիետրո Բասսելլոն՝ հետազոտող խմբի ղեկավարը, որը Իտալիայի Նեապոլ քաղաքի համալսարանի՝ «L’ ORIENTALE» պարսկական լեզուների պատմաբանասիրական բաժնի մասնագետ է: Նա պնդում է, որ հայտնաբերված սեպագրի մեջ առկա են որոշակի ուղղագրական սխալներ:
— Սեպագրերի տեքստերը միշտ գրագետ են գրվել՝ բարձր գրագիտություն ունեցող անձանց կողմից, սակայն, ենթադրում եմ, որ սխալները թույլ են տրվել քարին փորագրող վարպետները:
Աքեմենյանների տերությունը հին աշխարհի տերություններից մեկն էր, որը գոյություն է ունեցել մ.թ.ա. IV-VI դարերում: Տերությունը հիմնել է պարսից Կյուրոս Բ Մեծ արքան: Պերսեպոլիսը կառուցվել է Դարեհ Առաջինի կողմից (մ.թ.ա. 518թ.) և հռչակվել տերության մայրաքաղաք:
Պերսեպոլիսի ավերակները գրանցված են համաշխարհային մշակութային ժառանգության ՅՈՒՆԵՍԿՕ կազմակերպությունում և պահպանվում են որպես հին աշխարհի մշակույթը ներկայացնող արժեքներից մեկը:
( Նկարում՝ պարսկական սեպագիր արձանագրություն )
Նյութը՝ ՊԵՐՃ ԴՈԼԻՆՅԱՆԻ