Պարը համապատասխան է մարդկային խոսելակերպին. ամեն ազգ ունի իր խոսքը և իր պարաոճը
Սահակյան Մերուժան Խորենի – Բալետմեյստեր ռեժիսոր, պրոֆեսոր: Ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը, թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը, Լենինգրադի թատրոնի, երաժշտության և կինոյի պետական ինստիտուտի ասպիրանտուրան: 1968 թ. դասավանդում է ԵԹԿՊԻ-ում:
Հեղինակ է «Բեմական սուսերամարտ» դասագրքի, արվեստի դպրոցների պարային բաժնի «դասական պար» ուսումնական ծրագրի, մի շարք մասնագիտական հոդվածների:
Բազմաթիվ ներկայացումների բալետմեյստերական և ռեժիսորական աշխատանքների հեղինակ է:
Ստորև ձեզ ենք ներկայացնում Մերուժան Սահակյանի «Ռուսական բալետի ակունքները» գիտական հոդվածից մի հատված:
Պարարվեստը ունի վաղեմի պատմություն: Մարդը միշտ ունեցել է կենսական պահանջներ` ռիթմի փոփոխության, ներքին և արտաքին հույզերի, աշխատանքի, ռազմական, որսի ցուցադրման վիճակների, որոնք անհրաժեշտ են մարդուն կյանքում: Նման մոտեցումը պարին` շարժմանը, օրինաչափ է համայն մարդկության համար, միայն տարբեր` ըստ ազգային առանձնահատկությունների: Այս առումով պարը համապատասխան է մարդկային խոսելակերպին. ամեն ազգ ունի իր խոսքը և իր պարաոճը. եվրոպացին իր կերպ է պարում, ռուսը, հնդիկը, աֆրիկացին` իրենց կերպ: Դժվար է պարզել, թե որ երկրամասում, երբ է ձևավորվել մարդկային շարժումը-պլաստիկան` որպես պարաձև: Շատ ազգերի մեջ անգամ վերացել է սկզբնական «պարը», կամ վերափոխվել դարերի ընթացքում: 500-ական թվականներից Ռուսաստան տեղափոխված ազգերն իրենց հետ բերել են ազգագրական պարեր, սակայն դարերի ընթացքում ձևափոխվել են: Ռուսական պարերը, ինչպես և մյուս ազգերի պարերը, կատարվել են ծիսակատարությունների ժամանակ, որտեղ բոլոր գործողությունները տեղի են ունեցել երգի-խաղի, պարերի միջամտությամբ: Ժողովուրդը մեծ հավատ է ունեցել` Աստծուց խնդրելով լավ բերք ստանալ: «А мы просо сеяли, сеяли», «Яр хмель» երգերը բերքահավաքի համար էին երգում-պարում: «Ленок» երգ-պարը այն մասին է, թե ինչպես են ցանում, մշակում, հնձում վուշը, վերջում ստանում թել և գործվածք: Ժողովրդական ծեսերի վրա մեծ ազդեցություն ունի բնակավայրը, օրինակ` Սիբիրում բնակվող ազգերի մեջ առաջնային են որսի ծիսակատարությունները, ծովափղերի, արջերի և այլ կենդանիների և թռչունների տեսքով-ձևով կատարվող երգն ու պարը: Այս բոլոր ծիսակատարություններից զատ` զերծ չէին մնացել և պաշտամունքի հետ կապված ծեսերից, նկատի ունենք առաջին հերթին արևի պաշտամունքի արարողությունը, որն անցկացվել է շատ ճոխ, մի քանի օրերի ընթացքում: Ռուսական ժողովրդական ազգային երգի — պարի մշակույթը մնացել է առ այսօր: Պատմական պարերի շարքին է պատկանում խոռովոդը (хоровод), որը գոյություն ունի այսօր, համարվում է արևի պար-երգ, որտեղ գովերգվում է արևը: Պարը զանգվածային է եղել, որին մասնակցել են բոլորը` առանց սեռի և տարիքի: Պարը սկսվել է առավոտից և շարունակվել ամբողջ գիշեր: Մեծ նշանակություն են ունեցել ռազմական պարերը` կոփված ազգ ունենալու համար: Ցավոք, ռուսական տարբերակները չեն պահպանվել: Ռազմական պարերից ուկրաինացիներն ունեն «Գոպակ», վրացիները` «Խոռումի», հայերը` «Քոչարի», «Յարխուշտա» և այլն:
«Հանդես» (Գիտամեթոդական հոդվածների ժողովածու)