«Չարենցին». Մարինե Մկրտչյանի բանաստեղծություններից
Չարենցին…
Քո տեսլականը ժառանգել ես մեզ
Ու ինքդ թաղվել բանտերում հեռու,
Ահա կլրվի մի դարը հլու,
Նորից խնդիր է`լինել-չլինելու:
Թե քեզ բանտեցին`խոսքդ չլռեց,
Երգդ թևածեց ավելի հեռու,
Մենք առանց բանտի` մոխիրներ ենք, տե’ս,
Էլ ո՞վ է լսում մեր ձայնը երեր:
Նորից նժարին է բախտը հայի,
Հայը իր ձեռքով դարձավ ամայի,
Միաբանության կոչերը թեպետ
Հիմա էլ որպես պատգամ են հնչում,
Բայց ո՞վ կա լսող, երբ լսողն օտար
Դռներ է թակում լոկ հացի համար:
Ով մնացել է, տեր է, կամ ստրուկ,
Բռնել են իրար կոկորդ անխնա,
Չկան օրենքներ, պատիժներ կտրուկ,
Ո՞վ աթոռ ունի, ուժեղ է նա:
Էլ ի՞նչ պատգամներ ու էլ ի՞նչ կտակ,
Ամեն ինչ արդեն վաղուց ոտնատակ,
Չի մնացել էլ ոչ մի սրբություն`
Ինչքա՞ն մենք հիշենք անցյալ, պատմություն,
Երբ ներկան ահա`սառույցին գրված,
Հալվում է դանդաղ ու ծրագրված:
***
Բարև, Չարենց,
Դու ինձ չգիտես,
Ես ծնվեցի քեզանից շատ հետո,
Երբ դու չկայիր, և հրապարակում էին
Քո մասին հուշերը ու քո գրքերը բազմահատոր`
Հորիցս ինձ ժառանգված, պաշտամունքը քո հանդեպ
և նաև ազգը շլացնող այլ և այլ մեծերի…
ու ես մեծացա քեզնով (նաև մյուսներով ), որ քեզ հետ
բնակվում են հայոց Պառնասում:
Նրանցից շատերը հիմա հանգչում են Պանթեոնում,
Ուր դու չկաս, չկան նաև ուրիշները,
Ու մենք քեզ փնտրում ենք քո տողերում ու քեզնից հետո
Եկող լեգենդներում, ուր կաս, ոչ սովորական, այլ հանճարեղ
Ու աննախադեպ, ասես դարը միտքը քամել ու տվել է քեզ, ասես
Դարասկզբին արևն իր բոցերը տվել է լոկ այս հողին,
Ասես Արև-արքա`եկել ու բազմել ես հայոց մտքի գահին,
Քեզանից առաջ մեր մեծերը քո ընթացքն են պեղել,
Քո ուղին են հարթել Պատմության քառուղիներում,
Դանթեական ճանապարհներին քո շփոթը ուղղել,
Դարձրել են Գիրք ճանապարհի` Նաիրի երկրի,
Ու՞ր ես հիմա,անզուգական Տեսիլներդ տեսիլվում են են հիմա
Եվ դու` կռահողդ, դու գիտեիր, անգիր գիտեիր ժամանակի
Անթաքույց ոճիրները, և այն Խաչը, որ դու ես կրելու,
Գիտեիր, որ այնտեղ` մոսկվաներում է վճռվում ճակատագիրն
Ազգերի ու ազգերի Հանճարների, թեթև մի ձեռքով, ասես
Ամենևին էլ չի եղել Մեծ արևագալ, նրանք պարզապես արևի
Խավարում էին ուզում և… եղավ: Բայց պահ էր դա լոկ
Պատմության ընթացքի հանդեպ, Արևը պիտի բոցավառվեր,
Պիտի հառներ նորից, իսկ որդերը, որ միայն դավ են նյութում
Ու ոճիր,անհետք պիտի կորչեին Պատմության քառուղիներում…
Ու ես հիմա, ներշնչված քեզնով, ու իմ ու քո ազգի
Հազարամյա մուսաներով, ձեր պառնասների աղոթավորն եմ խոնարհ,
Ձեր մատուռների ու տաճարների ուխտավորը հլու,
Մոմավառը ձեր անշեջ խորանների ու ճգնավորը`ձեր մտքի,
Ես, Չարենց, որ ապրեցի քեզնից շատ հետո`
Քո արևից ջերմանալով անվերջ: