ՈՒՇԱՑՈՒՄՈՎ, ԲԱՅՑ ՈՉ ՈՒՇԱՑԱԾ
Աննան անզանգել եկավ։ Նեղացած-նեղացած, մուննաթ անելով՝ ներս մտավ, թե բա՝-Քեզ չի՞ հետաքրքրում՝ մեռած եմ, մեռած չեմ, կամ, չկամ․․․ Ո՛չ զանգ, ո՛չ հարցնել, ո՛չ ձեն, ոչ ծպտուն․․․ Էդպես է, հա՞․․․ Դո՞ւ էլ սկսեցիր ինձ շան տեղ չդնել։«Շան տեղ չդնել»-ը Աննայի կողմից չարչրկված դարձվածքներից է․ ասում է, երբ ուզում է դիմացինին ճնշել իրեն սպասված չափով ուշադրության չարժանացնելու համար։ Համով է ասում։ Համենայն դեպս, ճնշելու այդ ձևը ինձ դուր է գալիս։- Դնում եմ․․․ դնում եմ․․․ Բարև՛։- Բարևելու տրամադրությո՞ւն է մնացել․․․ Քեզանից նեղացած եմ, հերիք չէ, տաքսու վարորդն էլ մի կողմից նեղացրեց։ Հա հազում ու փռշտում էր ամբողջ ճանապարհին․ ասացի՝ էդ գրի՞պ եք… Անդուրը իր արևին սրամտեց, թե՝ չէ՛, տիկի՛ն, վարորդ եմ, իսկ փռշտոցս Ձեր օծանելիքից ու ծաղիկներից է։ Պատկերացնո՞ւմ ես։ Դու մի դրա աներես համարձակությանը նայիր։- Աննա՛, ոչ մի տաքսու վարորդ իրեն թույլ չէր տա, հաճախորդուհուն նման բան ասել, մի անհամ բան ասած կլինես։- Էլի ե՞ս․․․ Ի՞նչ անհամ բան պիտի ասեի․․․ Խոսում էինք խցանում-մցանումից, առիթ եղավ, խոսքի մեջ ասացի՝ վարորդը ինչքան դեբիլ պիտի լինի, որ Մասիվից Կոմիտաս նավիգատորով քշի․․․ Չասես՝ նավիգատոր չէ, ուղեհուշող է․․․-Չեմ ասի։ Բայց դա ասելո՞ւ բան է, որ ասել ես։- Լա՛վ։ Հասկացանք։ Հիմա կսկսես խելք ու խրատ տալ․․․ Մասնագիտական թերություններից ամենաչընդունելին է, գիտես չէ՞։- Լավ հիշեցրիր։ Տոնդ շնորհավոր։- Լավ է՝ հիշեցիր, որ լավ-վատ, կես դար ուսուցչություն եմ արել։- Ուսուցչություն չես արել, ուսուցիչ ես եղել՝ սիրված ու գնահատված։Աննաս հուզվեց։ Ծաղիկներով էր եկել։ Եկել էր՝ ինձ շնորհավորելու․ այն կարծիքին է, որ ուսուցիչը նախկին չի լինում․․․ եթե երբևէ դասարան եմ մտել, ուրեմն իմ տոնն էլ է։Իսկ ես ուզում էի ասել, որ․․․Ու չասացի։ Լռեցի։Աննան տխրեց։Արցախի բոլոր դպրոցների դռներն այսօր փակ էին։Դատարկ ունայնությունն էր վայում անաշակերտ դասարաններում։ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՀԱ՛Յ ՈՒՍՈՒՑԻՉ։
Զուխրա Երվանդյան
Գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ