ՈՐՏԵ՞Ղ ՓՆՏՐԵՆՔ ՄԵՐ ՈՒԺԸ
Իմ սերունդը կրթվեց ռուսական ու եվրոպական արժեքների ազդեցությամբ: Կարդում էինք այն, ինչը վերին կամքով թարգմանվում էր: Ճապոնական գրականությունից ես մի Կավաբատա գիտեի, մի Աբե, հնդկականից` Թագոր, արաբականից` գիշերային պատմությունները և կցկտուր տեղեկություններ, թե կա արևելյան մեծ մշակույթ:
Այս տարեսկզբին հոգուս մեջ տարօրինակություններ սկիզբ առան: Պատահականորեն հնդկական սերիալից /Ի՞նչ անվանենք այս սերը-1/ մի դրվագ դիտեցի ու դարձա հնդկասեր:
Անբացատրելի էր այն զգացողությունը, որ այդ հեռավոր երկրում ահռելի ու հզոր պետություն կառուցած հինդուսները հայերիս ամենահոգեհարազատ էակներն են: Տղամարդ
հերոսները մաքրամաքուր արիական կերպարներ են, կանանց դեմքերից էլ նկարչությունը ջնջելիս ու սարիների փաթեթավորումն անտեսելիս նկատում ես կողքիդ ապրող հայուհիներին:
Հետաքրքրասիրությունը ձեռքս բռնեց, ինձ առաջնորդեց Հնդկաստան` սկսեցի նյութեր փնտրել, համադրել, մտորել:
Այն փաստը, որ ճարտարապետական գանձ ու սիրո տաճար Թաջ Մահալը կառուցված է հայուհի Հեղինե-Արջումանդ-Մումթազի պատվին` կարծես թե ընդունված փաստ է:
Հայուհու ամուսինը` Շահ Ջահանն իր սիրելի կնոջ հիշատակն անմահացնելու համար նշանավոր վարպետների հետ շինարարություն է հրավիրել նաև հայ ճարտարապետ Գրիգորին ու բազմաթիվ կառուցողների: Այդ նրանց շնորհիվ են հայկական զարդանախշերն ու խաչերը հայտնվել Թաջ Մահալի հրաշագեղ պատերին:
Ասում են Արջումանդը հնդկուհիներին հմտացրել է Մարաշի ասեղնագործությունում, ինչի արտացոլանքը ևս տաճարն է` այն ասես ասեղնագործական պճնանք լինի: Որոշ հետազոտողներ կարծում են, որ գմբեթը ևս, որը ճարտարապետական ու մաթեմատիկական գլուխգործոց է` հայերի ձեռքի գործն է. ոճը հարևնման է հայկական եկեղեցիների գմբեթներին:
Ի՞նչ եմ ուզում ասել. շատ բան չէ, միայն այն, որ Շահ Ջահանը` մեծ մողոլների կայսրության այդ հզորագույն տիրակալը, նույնպես հայազուն է` կայսրուհի Մարիամ-Ջոդհայի հարազատ թոռը:
Այո, կրկին խոսելու եմ հնդկական սերիալի մասին, որը ժանրի բացառիկություններից է` թե սցենարի, թե բեմադրական աշխատանքի առումով:
Ես ՋՈԴՀԱ ԵՎ ԱՔԲԱՐ սերիալն սկսեցի նայել Հնդկաստանի պատմությունը հասկանալու համար և հայտնաբերեցի մի եզակի հայուհու կերպար` խելքի, արդարամտության, կանացի առաքինությունների մի իսկական խտացում:
Ֆիլմում որևէ ակնարկ չնկատեցի, թե նա Արևմտյան Հայաստանից գաղթած հայ իշխանի դուստր է, բայց Աքբարը տարբեր առիթներով նրան անվանում է Մարիամ ուզ ազանի /աշխարհի տիրուհի/: Համացանցում որոշ փաստեր գտա, դրանք հաստատեցին կայսրուհու հայկական ծագումը:
Շահնշահ Ջալալեդին Աքբար կայսրը իր իմաստուն կնոջ խորհրդով և մասնակցությամբ երկրում վերացրել է ստրկությունը, ինչպես նաև այրիներին ամուսինների հետ այրելու սարսափելի սովորույթը, համերաշխություն է հաստատել իսլամի և մյուս կրոնների միջև, մեղմել է հարկերը, արտոնություններ է տվել հայերին և հենց նրա առաջարկով են Նոր Ջուղան լքած հայ ազնվականները բնակություն հաստատել մայրաքաղաք Ագրայում:
Երկու հզոր հայ կայսրուհիներ` Ջոդհան և Մումթազը, մինչև այսօր հնդիկ ազգի սրտում սիրո մեծ կայան ունեն: Բացի Գորգեն խանից /Գրիգոր Հարությունյան/, ով իր ռազմական տաղանդի շնորհիվ դարձել է Հնդկաստանի զորքերի գլխավոր հրամանատարը և մեծ բեկումներ է մտցրել այդ երկրի բանակում, օրինակ` ներմուծելով հրետանին, այս երկու իմաստուն հայուհիները հիմք են ստեղծել, որպեսզի մեր ազգի հանդեպ այդ հեռավոր երկրում իշխեն անկեղծ հարգանքն ու վստահությունը:
Բայց արդյո՞ք հեռավոր և արդյո՞ք ԱՅԴ:
Չեմ խորշում ասածս կրկնելուց. աշխարհում շատ ժողովուրդներ կան, որոնց համար իրենց ապրած երկիրն իրենց հարազատ մայրն է, սակայն նրանք չգիտեն, որ ունեն նաև հարազատ տատիկ, և այդ տատիկը Հայաստանն է:
Հնդիկները չեն ուրանում պատմական այն փաստը, որ իրենց նախնիների երկիրը Հայաստանն է, սակայն չգիտեմ` այսօր մեր հայագիտական շրջանակներում կա՞ն հետազոտողներ, ովքեր ստանձնել են հայ-հնդկական հարազատությունը բացահայտելու գործը: Չէ՞ որ հիմա դա բարդ չէ` ԴՆԹ-ի պատասխանը ամեն հարցականի պատասխան է, իսկ լեզվական ընդհանրություններն ուղղակի ակնհայտ են:
Հոռետեսները ևս մեկ անգամ կտան իրենց քամահրական հարցը` հետո՞ ինչ, որ աշխարհում հայազն ազգեր կան, դրանից մեզ ի՞նչ օգուտ:
Հետո այն, որ մեր մեջ ներարկվող խուճապը, թե թույլ ենք, անօգնական, անհեռանկար` հօդս կցնդի, և մենք ձեռք կբերենք աստվածատուր, բնական, հզոր դաշնակիցներ:
Ներեցեք, ես տնտեսական հայկական հրաշքին չեմ հավատում:
Քաղաքականությունը անարդար է, հետևաբար հայամետ չէ:
Մեր մշակույթը մեզնից կողոպտում են, մենք էլ այն անգիտորեն խեղաթյուրում ենք…
Մեր ուժը մեր արմատների մեջ է:
Թող թշնամիներն ու նախանձորդները ժխտեն, թող թերահավատները նվնվան, թող վախկոտները թաքնվեն, միևնույն է` Հայը մի հզոր ծառ է, որի արմատները հողի մեջ շռայլորեն տարածվում են: Մոլորակի տարբեր հեռաստաններում այդ արմատները ծլարձակել են և նույնպիսի հզոր ծառերի կյանք տվել:
Կրկին ու կրկին մեր կյանքում պակասում է ՆԱ` խելոք, համբերատար, աշխարհաշեն ՀԱՅ ԱՅԳԵՊԱՆԸ:
Հրաչուհի Փալանդուզյան
1.11.2017