«Որպես զավակ ես սիրված ու փայփայված էի». Շիրվանզադե
Սկիզբը` «Նա ինքը թեև անգրագետ էր, բայց հասկանում էր ուսման արժեքը». Շիրվանզադեն` մոր մասին
Մի քանի ամիս անցած՝ հայրս վերադարձավ Ղուբայից, ուր նա լինում էր տարվա մեծ մասը: Նա, իհարկե, բարկացավ ինձ վրա,երբ մայրս հաղորդեց նրան իմ հանդուգն արարքի մասին, բայց ոչ այնչափ, որչափ կարծում էի: Միայն խստիվ պատվիրեց ինձՍարգիս վարպետից գրել-կարդալ սովորել, բայց նրա հեթանոսական քարոզները չլսել: Երբ խրախուսված բաց արիայբբենարանս և կարդացի մի քանի տող, այն ժամանակ նա ավելի մեղմացավ: Պարզ էր, որ նա էլ, անգրագետ լինելով,հասկանում էր գրագիտության արժեքը: Հետևյալ օրը, ինձ ճանապարհ դնելով ուսումնարան, նա ասաց.
— Գնա՛, ավելի լավ է ուսումնարանում նստել, քան շուն-շան որդիների հետ փողոցում վազվռտել:
Եվ դառնալով մորս` ավելացրեց:
— Հը, ի՞նչ կասես, Սոնա, լակոտդ հետո մեզ էլ գրել-կարդալ կսովորեցնի, հե՞: Բայց առաջ իր քույրերին, հետո ծնողներին:
— Ես քույրերին էլ ուզում եմ ուսումնարան ուղարկել:
— Թող նրանք կույսի մոտ գնան, աղջիկները տղերանց հետ չպիտի խառնվեն, թե չէ, ճանաչո՞ւմ ես ինձ:
Եվ, այս ասելով, հայրս իր կապույտ աչքերն այնպես ոլորեց, որ ես սարսափեցի մորս մասին: Թեև երբեք նա իր կնոջ վրա ձեռք չէր բարձրացրել: Առհասարակ նա այնքան դաժան մարդ չէր, որքան կարելի էր կարծել՝ նայելով նրա չափազանց բարձր հասակին և խոժոռ դեմքին:
Չեմ հիշում՝ տարի ու կես թե երկու տարի մնացի Սարգիս վարպետի ուսումնարանում: Հիշում եմ այն երջանիկ օրը, երբ ծնողներս բարեկամների խորհրդով ինձ տեղափոխեցին եկեղեցական դպրոց: Դժբախտաբար, այդտեղ էլ երկար ժամանակ չպահեցին» հայրս ուզում էր, որ ես ավելի ռուսերեն սովորեմ, քան հայերեն: Նա ասում էր.
—Հայերեն լեզվի մեջ հաց չկա. եթե չես ուզում տերտեր կամ վարդապետ լինել, գնա ռուսերեն սովորիր: Երբ այդ օրհնված լեզուն սովորես, ես քեզ կուղարկեմ Մոսկով, որ դու ինքդ ծախես իմ տորոնը Մառոզովին: Այդ ջհուդ Մարդախայը ամեն տարի ինձ խաբում է՝ հաշիվներս խառնելով:
Ես անցա քաղաքային դպրոց և երջանիկ էի, որ շուտով պիտի խոսեմ ռուսերեն, ինչպես մեր հարևան պրիստավ Միքայել-բեգ Ավշարովը: Ես, իհարկե, չէի երազում պրիստավ կամ չինովնիկ դառնալու, որովհետև հայրս ավելի լավ ապագա էր խոստանում: Նա ասում էր.
— Աշխարհի տերը հիմի վաճառականն է. Թագավորին ծառայելով՝ մինչև կյանքիդ վերջը ծառա էլ կմնաս, մեջքդ մեծերիդ մոտ ծռած:
Խե՛ղճ մարդ, չէր գուշակում, որ մի քանի տարուց հետո ինքն էլ շատերի հետ պիտի սնանկանա և ընկնի ծայր աստիճան չքավորության մեջ:
Ահ, բախտավոր չի եղել ոչ իմ մանկությունը և ոչ էլ պատանեկությունը: Այն օրից, երբ սկսել եմ քայլել, ծծել եմ կյանքի դառնությունները: Միջավայրը, ո՞ւր ծնվել եմ, անթափանցելի խավար էր, ուր կարող էր խեղդամահ լինել նույնիսկ իմնից շատ պակաս զգայուն հոգին: Ես ունեի մի մայր, որ հեզության տիպարն էր, մի զմայլելի գեղեցկուհի, որ ծնվել էր ճակատագրի հալածանքը լռությամբ կրելու համար: Եվ մի հայր, որ որքան արտաքուստ դաժան էր, նույնքան բարի էր իր հոգու խորքում: Որպես զավակ ես սիրված ու փայփայված էի, հետևաբար նրանց վերաբերմամբ ես գանգատ չունեմ: Իմ մանկական և պատանեկան տվայտանքների աղբյուրը միջավայրն էր, մթնոլորտը, որ ես շնչում էի, և այն, ինչ որ տեսնում ու լսում էի ոչ միայնդրսերում, այլև տանը: Ծնողներիս հոգեկան հանգստությունը խափանված էր հորեղբորս ժպիրհ բնույթով և անզուսպ վարք ու բարքով: Այդ մարդը մեր գերդաստանի չար ոգին էր, մի անվերջ սպառնալիք իր մերձավորների համար: Որքան հայրս աշխատասեր էր, ժուժկալ, ամոթխած և հավատարիմ նամուսի պահանջներին, նույնքան նրա կրտսեր եղբայրը խռովարար էր և ենթակա իր անձնական կրքերին: Ատելով աշխատանքը, նա սիրում էր վայելել կյանքի հաճույքները, որ նրա համար ամփոփված էին թղթախաղի, հարբեցողության և իգամոլության մեջ: Գրեթե օր չէր անցնում, որ ես չտեսնեի նրա գժտությունը հորս հետ կամ լսել նրա անիրավ պահանջները և փողոցային հայհոյանքները: Նա անարգում էր ոչ միայն իր ավագ եղբորը, այլև նրա անմեղ կնոջը, իմ սիրեցյալ մորը: Քանի-քանի անգամ երկու եղբայրների կռիվների ժամանակ իմ մեջ միտք է հղացել հորս պաշտպանելու համար հարձակվել կատաղած կատվի պես նրա խռովարար եղբոր վրա և եղունգներով դուրս գջլել նրա արյունալի աչքերը: Բայց տատս պաշտպանում էր իր անզուսպ որդուն, իսկ ես սիրում էի տատիս իմ մատաղ հոգու ամբողջ զորությամբ: Խե՛ղճ պառավ, հիշում եմ քո դառն արցունքները և կսկծալի ճիչերը, երբ կրտսեր որդիդ բռնում էր մեծ որդուդկոկորդը և, բռունցքը բարձրացնելով, գոռում էր. «Փող տուր, թե չէ շանսատակ կանեմ»: