«Որմնանկարն էլ ապրելու իրավունք ունի» նախաձեռնությունը պայքար է սկսելու` պայքար ընդդեմ հարազատ երկրի Մշակույթի նախարարության
Լրագրող-արվեստաբան Անահիտ Կորյունի արձագանքը Մշակույթի նախարարության պատասխան — նամակին .
Անկեղծ ասած, Մշակույթի նախարարության գրավոր, թե բանավոր արձագանքները այլևս վստահություն չեն ներշնչում: Փաստորեն, Մշակույթի նախարարությունը նամակիս հստակ պատասխան չտալով, իրավունք է վերապահում, որ գերատեսչության անունից Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի աշխատակիցը հանդես գա: Վերջինս իմ ֆեյսբուքյան էջում գրառումներ է թողել` թե որմնանկարին տրվում է հուշարձանի կարգավիճակ, մինչդեռ նախարարությունը լրատվամիջոցին ահա այս կերպ է պատասխանել` «Որմնանկարի գեղարվեստական արժեքի վերաբերյալ դրական եզրակացության դեպքում, դրան կտրվի նորահայտ հուշարձանի կարգավիճակ»: Անկեղծ ասած, այս նախադասությունն արդեն իսկ բացասական տրամադրություն է ստեղծում, մտածելու տեղիք տալիս: Հինգ ամիս է, ինչ նախարարությունը տեղյակ է որմնանկարի մասին և երկու ամիս է, ինչ գերատեսչությանը նամակ եմ հղել: Ի վերջո, մամլո ասուլիսով հասարակությանը տեղեկացրել եմ գտնված որմնանկարի մասին և մեկ տասնյակից ավել լրատվամիջոցներ արձագանքել են, վաղուց արդեն համացանցում պտտվում է Էդուարդ Արծրունյանի «Հայաստան» որմնանկարը ներկայացնող տեսահոլովակը: Եվ շատ մասնագետներ` նկարիչներ, արվեստաբաններ և պարզապես արվեստասերներ վաղուց արդեն իրենց կարծիքը հայտնել են և տվել իրենց գնահատականը` «Հայաստան» որմնանկարը ՀՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Արծրունյանի գլուխործոցներից է` նրա արվեստի խտացումը: Եվ եթե դուք հող եք նախապատրաստում բացասական եզրակացություն տալու համար, ապա ես իմ հետագա գործողությունների համար պատասխանատու չեմ: Եթե երկար տարիներ շարունակ շատ անօրինությունների առաջ աչք եմ փակել հենց հանուն Էդուարդ Արծրունյանի, ապա այսուհետ մտադիր չեմ նույն կերպ շարունակել:Իրականում ես ոչ-ոքի հետ վիճելու,պայքարի մեջ մտնել մտադրություն չունեմ, սակայն եթե իրադարձություններն այլ ընթացք ունենան` «Որմնանկարն էլ ապրելու իրավունք ունի» նախաձեռնությունը պայքար է սկսելու` պայքար ընդդեմ հարազատ երկրի Մշակույթի նախարարության: