Ոչ թե կինոխցիկի առջև, այլ նրա ետևում. Բեկ-Նազարյանը սկսում է նկարահանել
Համո Բեկ-Նազարյանը, չնայած կինոյի հանդեպ իր սիրուն և էկրանի վրա հայտնվելու իր երազանքին, այնուհանդերձ կինոդերասան էր դարձել պատահաբար, բայց և այնպես Բեկ-Նազարյանի ռեժիսորական դեբյուտը չի կարելի պատահականություն համարել: Կնոդերասանական նրա մեծ ձեռքբերումները, աշխատանքը բազամաթիվ կինոռեժիսորների հետ, որոնց թվում էին Չարդինինը, Գարդինը, կինոգործի նրա հիանալի իմացությունը, ինչպես և կյանքի փորձը, նպաստեցին այն բանին, որ նա ինքը նկարահանելու փորձ աներ:
Եվ այսպես, Հ. Բեկ-Նազարյանը 1923 թվականին նկարահանեց իր անդրանիկ ֆիլմը` մեկ ու կես ամսից ոչ ավելի ժամանակահատվածում: Դա վրաց դասական Ալեքսանդր Խազբեգիի «Հայրասպանը» վեպի էկրանավորումն էր: Նա ինքը գրեց ֆիլմի սցենարը` գրեթե անփոփոխ պահելով վեպի սյուժետային գիծն ու դրվագների մեծ մասը` դրանց տալով սոսկ կինեմատոգրաֆի վերաբերյալ այն ժամանակվա պատկերացումների առավել «շահեկան» տեսք: Նկարում ավելի դրամատիկ բնույթ էին ստացել այն վտանգներն ու հալածանքները, որոնց ենթարկվում էին հերոսները: Այս ֆիլմում լայնորեն կիրառվել է զուգահեռ մոնտաժը:
«Հայրասպանը» պիտանի ֆիլմ է, — գրել է քննադատներից մեկը 1927 թ-ին, — վրդովմունքի աղաղակ կովկասյան օջախների, կյանքի անհատականության ավերման համար, ուշագրավ է, որ ռեժիսորական առաջին աշխատանքը դասական երկի էկրանավորում եղավ»[1]: Հետագայում բեկնազարյանական շատ ֆիլմերի հաջողությունը մեծապես պայմանավորվեց դրանց գրական սկզբնաղբյուրի` կլասիկայի գաղափարագեղարվեստական բարձր մակարդակով:
1925 թ.-ին Գոսկինպրոմը մտադրություն ուներ ձեռնամուխ լինել մեծ ծախսեր պահանջող ծավալուն ֆիլմի բեմադրության: Եվ Համո Բեկ-Նազարյանը նկարահանում է «Նաթելլա» ֆիլմը: Նա ֆիլմում ցույց է տալիս իսկական արևելքը` աղքատ, անշուք: Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում անցյալ դարի կեսերին, երբ իրար են միաձուլվում դավաճանությունը, հայրենիքի հանդեպ սերը, պատերազմը, կորուստը և արդարությունը:
Համո Բեկ-Նազարյանն իր հոդվածներից մեկում գրում է. «Ես Նաթելլայում կատարելապես տուրք տվեցի էկզոտիկային … նկարից բացահայտ կերպով ռահատ-լոխումի և շերբեթի համ էր գալիս»:
Այս ինքնագնահատականների հակասականությունը դժվար չէ բացատրել: Այն, ըստ էության, արտացոլում է հենց իր` Բեկ-Նազարյանի ստեղծագործական աճը, ինչպես և սովետական կինոյում արևելյան թեմայի մարմնավորման աստիճանական զարգացումը: Առայժմ հրապարակի վրա չկային «Նամուսը», «Զարեն», «Էլիսոն», «Խասփուշը», ֆիլմեր, ուր համաշխարհային կինոյում առաջին անգամ ցուցադրվեց իսկական արևելքը` դարավոր նախապաշարումների, ծեծված, տգետ, անողոք շահագործվող ժողովրդական զանգվածների Արևելքը, այդ պայմաններում «Հայրասպանի» և «Նաթելլայի» նման ֆիլմերն այն սակավաթիվ, եթե չասենք` ընդհանրապես միակ կինոներն էին, որոնք չնայած իրենց ողջ ավանդական «օրիենտալիստական» և, «էկզոտիկ» բնույթին, գոնե ինչ-որ չափով ռեալիստորեն էին պատկերում արևելքը:
«Լեգենդ կույսի աշտարակի մասին», «Մահվան մինարեթ», այս կեղծ արևելյան ֆիլմերի տիպի հորինվածքների հեղինակները ամենատարրական տեղեկությունն անգամ չունեին Արևելքի ժողովուրդների կյանքից, կենցաղից, ինչը չէիր կարող ասել «Նաթելլայի» մասին: Ֆիլմին լրջորեն մոտեցած Բեկ-Նազարյանը շատ հավաստիորեն ուսումնասիրել է համոզիչ ու ճշմարիտ ֆիլմ ստեղծելու ամեն մի մանրուք: Դրա համար բավական է հիշել ֆիլմի հենց առաջին կադրերը, որ պատկերում են գյուղացիների մինչև գոտկատեղը մերկ, քրտնած, մռայլ, շոգից ու ֆիզիկական անասելի լարումից ուժասպառ այդ մարդկանց հարկադրական ծանր աշխատանքը:
Հապա ստրկավաճառքի շուկան` երիտասարդ ստրկուհիների համր, տխուր շարքերով, միջավայրի խայտաբղետ, կոլորիտային ռեալությամբ, որ շատ բանով արդեն կանխում է «Խասփուշի» և «Պեպոյի» նմանօրինակ կադրերը:
Սակայն ֆիլմում շատ բաներ մակերեսային են, ոչ այնքան խորացված, օրինակ` արտահայտիչ են վաճառքի տանելու համար իրենց աղջիկներին բռնի ուժով դուրս քաշելու, առևանգելու տեսարանները, բայց դե դա միանգամայն իրական և պատմականորեն ոչ այնքան հեռավոր անցյալի երևույթ էր, մի նյութ, որին դեռ չէր անդրադարձել կինոն: Կարևոր էր նաև այն, որ այդ ֆիլմերը ջերմացած էին վրացի դերասանների ստեղծագործական խանդով ու տեմպերամենտով. Ճիաուրելի, Ժորժոլիանի, Կիկոձե:
Հայրենական արտադրության արևելյան մյուս նկարներից «Նաթելլան» տարբերվում էր նաև տեխնիկական լավ մակարդակով: Ս. Վենը այս ֆիլմի մասին գրել է. «Այստեղ առաջին անգամ կովկասյան արևը նման չէր վատ Յուպիտերի»[2]:
«Կորսված գանձերը», որը Բեկ-Նազարյանը բեմադրեց 1924 թ-ին, այլ կարգի նմանակում էր` երկակի: 1923 թ-ին Պերեստիանին նկարահանել էր «Կարմիր սատանայի ճտերը» հաջողված ֆիլմը, որի հիմքում ընկած էր հեղափոխական ռոմանտիկան, սովետական իշխանության համար ժողովրդի մղած պայքարը, որտեղ նշանակալից իրադարձություններին միաձուլված էին ամերիկյան կովբոյական ռեալությամբ տեսարանները: Այս ամենի հետ մեկտեղ հաշվի առնենք այն, որ ամենալայն հասարակության կողմից խանդավառությամբ ընդունված այս ֆիլմը չէր կարող նմանակներ չունենալ: Եվ ըստ էության այդպիսի ֆիլմերից էր նաև «Կորսված գանձերը»` 3-սերիանոց ահռելի այս ժապավենը, որը բաղկացած էր 20 մասից: Ռեժիսորն ինքը այդ ֆիլմերը դիտում էր իբրև «Կարմիր սատանայի ճտերը» ֆիլմի հերոսական թեման շարունակելու փորձ և ուշագրավն էլ այն է, որ հերոսների դերերի համար հրավիրվել էին Պերեստիանիի ֆիլմում նկարահանված դերասանները` կրկեսի արտիստներ Պ. Եսիկովսկին, Ժուլեֆին:
Պ. Մորսկայի համանուն արկածային վեպակի հիման վրա Բեկ-Նազարյանը գրեց «Կորսված գանձերը» ֆիլմի սցենարը, որը կառուցված էր սուր սյուժետային, ծայր աստիճան խճճված արևմտյան «դետեկտիվների» եղանակով: Գործողությունը կատարվում էր քաղաքացիական պատերազմի տարիներին: Ինչ –որ հակահեղափոխական գաղտնի կազմակերպություն փորձում է սպիտակներին հասցնել ու նրանց տրամադրության տակ դնել սովետական իշխանությունից պահված արժեքներ: Սակայն թշնամու պլանները ձախողվում են աշխատավոր ժողովրդի երիտասարդ ներկայացուցիչների` բանվոր Իլյայի, նրա ընկերուհու Տանյայի և նավաստի Ֆյոդորի շնորհիվ:
Հակակրոնական թեմաներից զերծ չմնացած այս ֆիլմը քիչ է ասել, թե չկարողացավ ոտք մեկնել «Կարմիր սատանայի ճտերը» ֆիլմի հետ:
«Հայրասպանը» և «Նաթելլիա» կինոպատումների տեսակարար կշիռը վրացական ազգային, և ամբողջությամբ առած, սովետական կինեմատոգրաֆի պատմության մեջ մեծ չէ:
Սակայն դրանց փորձը ժամանակին անկասկած նպաստեց Արևելքի կյանքի կինեմատոգրաֆիական յուրացմանը, զարգացում ստացավ նույն թեմային նվիրված սովետական լավագույն ֆիլմերում:
Համո Բեկ-Նազարյանի առաջին աշխատանքներին ասես հետագա ֆիլմերի նկարահանումներին անցնելու նախապատրաստություն եղավ, օրինաչափ մի փուլ, որ երևան հանեց այն ամենը, ինչից հարկ էր հրաժարվել, և այն, ինչ անհրաժեշտ էր զարգացնել ու խորացնել:
[1] Կ.Քալանթար «Համո Բեկ-Նազարյան», Եր. 1986 թ., էջ 11
[2] Կ.Քալանթար «Համո Բեկ-Նազարյան», Եր. 1986 թ., էջ 22
Մերի Ադամյան
Տե՛ս նաև`