«Ոճի խստությամբ` դասական, բառապաշարի հարստությամբ` բարոկկո, պատկերների հանդգնությամբ` մոդեռն». Սեն-Ժոն Պերս
Երգեհոնային քերթություն. հնչողականությամբ թերևս այսպես կարելի լինի բնութագրել ֆրանսիացի մեծ բանաստեղծ Սեն-Ժոն Պերսի բանաստեղծությունը: Այն ներառում է ձայնասահմանի գրեթե բոլոր նրբերանգները` քնքշության ամենացածր ութնյակներից հառնելով մինչև պաթոսի հուժկու հնչյունաշարերը, փայտյա սրինգներից անցնելով պղնձե փողերին ու շեփորներին, մեներգային ու մենանվագային մտերմիկ հատվածները ընդմիջարկելով նվագախմբային և երգչախմբային ամեհի ձայնացնցումներով: Թվում է, թե հունական անմեռ ողբերգության երգչախումբն է մեր առջև. Հակիրճ պրոլոգոսյան հատվածները մեզ նախապատրաստում են քերթվածի վիթխարակերտ թեմաներին և հնչյունաշարի հարուստ համայնապատկերին:
Միաժամանակ XX դարին բնորոշ բանաստեղծություն է, ուր պոեզիան ընդլայնում է իր սահմանները, ուր Խոսքը նորանոր տարածություններ է նվաճում, և քերթողական արվեստի բոլոր տարրերը ձգտում են թարմության, նորության, անսովորության: «Ոճի խստությամբ` դասական, բառապաշարի հարստությամբ` բարոկկո, պատկերների հանդգնությամբ` մոդեռն». Ֆրանսիացի մի քննադատի այս բնութագրումը բավական խոսուն հատկանշում է բանաստեղծական ոչ մի դպրոցի չպատկանող, ոչ մի ուղղության չհարող այդ ինքնատիպ քերթությունը: Վերոհիշյալ բնութագրմանը կուզենայի այդ բանաստեղծության բովանդակությանը վերաբերող մի դիտարկում հավելել. Պատկերների, փոխաբերությունների բարդումները, ասոցիացիաների բարդ, երբեմն տրամաբանական սահմաններից անդին ընկած փոխաբերությունները դուրս են սոսկ հասկացումից և գործում են մոգության օրենքներով. Բառերը կորցնում են իրենց իմաստները, հայտնվում երանության մեջ: