ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԽԵՂԿԱՏԱԿՈՒԹՅՈՒՆ․ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԼՈԿԻ «ԲԱԼԱԳԱՆՉԻԿ» ԴՐԱՄԱՆ՝ ՀԱՅ ԲԵՄԻՆ
Հ․ Պարոնյանի անվ․ երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում օրերս պրեմիերա էր․ բեմադրվել էր ռուս գրականության «արծաթե դարի» փայլուն բանաստեղծ Ալ․ Բլոկի վեց պիեսներից մեկը՝ «Բալագանչիկ»-ը։ Բլոկի քնարական դրամաները ֆանտաստիկ ծայրահեղությունից մինչև ողբերգական դատապարտվածության զգացումով են հագեցած։ Այդ դրամաներից երկուսը 2022-ին թարգմանել և առանձին գրքով հրատարակել է բանաստեղծ և թարգմանիչ Գագիկ Դավթյանը։ Կարճ ժամանակ անց՝ նույն տարվա աշնանը, գրքում տեղ գտած «Արքան հրապարակում» երկը բեմադրվեց երաժշտական կոմեդիայի թատրոնում։ Այն մտակեղեքման աստիճան ճշմարտություն էր պարունակում կործանիչ հեղափոխություններից ամբոխների սպասումների, արդյունքում՝ հիասթափությունների մասին, և այս ամենը՝ խորհրդանիշների լեզվով, որոնց երաժշտական իրացում էր տվել կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը։ Երաժշտա-դրամատիկական այս ֆանտազիան երևանյան պրեմիերաներից հետո հաջողությամբ ներկայացվել է Միլանում կայացած՝ «Մերկ թատրոն» անվամբ միջազգային փառատոնում։ Եվ ահա շուրջ մեկ տարի անց թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանն անդրադարձել է Բլոկի «Բալագանչիկ»-ին։ Ներկայացումն ունի «Կոլումբինա» անունը՝ գործող անձանցից մեկի անունով։ Երաժշտությունը դարձյալ հեղինակել է Վ․ Շարաֆյանը, զգեստները՝ Աննա Գևորգյանը, պարերը բեմադրել է Արտյոմ Գևորգյանը։«Ալ․ Բլոկի բանաստեղծական ժառանգության կողքին բացառիկ տեղ ունի դրամատուրգիան,- ասում է Գ․ Դավթյանը։- 1906-1920 թ․թ․նրա ստեղծած վեց պիեսները թեմաների բազմազանությամբ, խոսքի լակոնիզմի հետ մեկտեղ իմաստային զարմանալի տարողությամբ, սյուժետային զարգացման անակնկալներով գալիս են հաստատելու, որ Բլոկը ոչ միայն որպես քնարերգու, այլև որպես դրամատուրգ, իր մեծ և դժվարին ճանապարհին միշտ որոնել է նորը և այսօր էլ նոր է ու արդիական, ինչպես ավելի քան մեկ դար առաջ»։ Ահա թե ինչու է Հ․ Ղազանչյանի ընտրությունը կանգ առել Բլոկի պիեսների վրա։«Բալագան» բառը պարսկերենից թարգմանությամբ նշանակում է վերին սենյակ, պատշգամբ։ Այն ժամանակի ընթացքում ստացել է թատերական, էստրադային ներկայացումների ժամանակավոր շինություն իմաստը։ Փոխաբերական իմաստ էլ ունի մարդկային գործելակերպ, որ նման է բալագանային տեսիլների, խեղկատակային է։Պոեզիայի, երաժշտության, դասական վոկալի սինթեզը Հ․ Ղազանչյանի բեմադրությունում դժվար է ամբողջապես նույնականացնել Բլոկի ստեղծագործության հետ։ Մերօրյա մեկնաբանությունը «բալագանի» գաղափարը բերում, հանգեցնում է խելագարությանը, բեմադրության մեջ քանիցս հնչող հարցերը մերօրյա հնչողություն ունեն և հռետորական հարցումների պես պատասխանները մնում են օդից կախ, անպատասխան՝ «դու լսու՞մ ես», «դու սպասու՞մ ես»։ Լռության և անհայտության ունկնդրումն ընդմիջվում է խենթանոցում զսպաշիկներով կաշկանդված կերպարների երևակայական դեգերումներով, որոնցում սիրո անհավանական փնտրումը կա։ Իսկ այդ սիրո առարկան, բեմադրիչի ներկայացմամբ, հենց արնակարմիր ձեռնոցներով կինն է՝ խենթերի համար անգույն, սառն ակներով բժիշկը, իսկ Պյեռոյի համար՝ գոյության երևակայական աղբյուրը, և այդ երևակայությունը սահմանակցում է խենթությանը։ Զսպաշապիկներով կերպարները, պիտի ենթադրել վերնագրից, բալագանային տեսիլների մասնակիցներ խեղկատակներ են, միաժամանակ կյանքից ու մարդկանցից մերժվածներ։Եվ ես՝ իրականության դարձերեսը հիշեցնող այս ողբերգական խեղկատակության հանդիսականս, հարց եմ տալիս՝ արդյոք ծանր ու կեղեքիչ չէ՞ այն թանձր մութ գույնը, որ մատուցվում է մեզ նոր ներկայացմամբ, թե՞ ներկայումս ապրած մեր օրերի չբարձրաձայնված հարցման արձագանքն է՝«դու լսու՞մ ես», «դու սպասու՞մ ես»։ Եվ ինչի՞ն ենք սպասում մենք՝ խմբվելով իրար գլխի, ոնց ներկայացման մեջ՝ միստիկները։ ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ