Շնորհավոր օրհնյալ ծնունդդ, Դավիթ ջան
Շնորհավոր օրհնյալ ծնունդդ, Դավիթ ջան։
Լարվածությունից հիշողությունների քարավանը անցնում է աչքերիս առջևով։ Խավարի վրայից հանում եմ միտքս և բացում երկնքի դռները, որ նայեմ ներս՝ հազարավոր զինվորների միջից քո ճառագող դեմքի հերոսական դիմագծերը տեսնելու համար…
Դավի՜թ… Հա՛յ դյուցազն… Դու գիտեիր, թե ուր ես գնում՝ պատերազմելու ամբողջ աշխարհի դեմ, որ երկրի զարկերակը կանգ չառնի…
Դու կարողացար անել անհնարինը՝ փայլուն գիտելիքների շնորհիվ և ճշգրիտ հաշվարկներով ոչնչացնելով թշնամու թիրախները… Լռությունը մագնիսանում է՝ իջնելով սառած կոպերիս վրա,
հետո խզվում է գունատված երկրի ակնախորշերում, որտեղ գոյություն չունեցող ստվերների թագավորությունն է, և որտեղ իշխողը խեղկատակությունն է…
Դաժան ժամանակի սլաքները կանգ են առել տարվա մահճում, և բոլոր եղանակներից աշունն է ողբում։
Արծաթահոս ամայություն է շուրջը։ Լույսի խորության մեջ նշմարվում է դեմքդ, հետո ավելի պարզ երևում են աչքերդ ու շուրթերդ։ Ընդգծված հերոսական դիմագծերդ խոսուն մարգարե են ասես, որ հաղթել են կենդանի հրեշներին, և հոգիդ՝ ամրակուռ մի լեռ։
Տարիներ շարունակ մղձավանջային քաոս է՝ աշխարհների, մարդկության, մտքի հոսքի, հույզերի և թախծի։ Եվ բազում սևազգեստ մայրեր ու հայրեր, կանայք ու երեխաներ, քույրեր ու եղբայրներ կտրում-անցնում են ցնորվող ու թափառող մտքերի տարածությունը։ Ներսիս աղմուկը հառաչում է՝ շաղ տալով նռան հատիկները, և ամեն մի հատիկից մի-մի անուն է կաթում՝ ճնշելով գիտակցությունս։ Զարհուրելի է… Պոկեցին գարնան ծաղկունքը, մեր ոսկե հունձքը տվեցին քամուն… Հանում եմ հոգիս՝ նետելով երկրի վրա, որ կարողանամ դիմակայել պատերազմի շնչառությանը։ Թվում է՝ անէացել եմ, վերացել, ընկել թմբիրի կամ հեղեղի շնչառության մեջ։ Ժամն անգամ մեռել է։ Ապրողներն էլ են մեռել։
Հետո, երբ տարիներն անցնեն, և հողն ամբողջությամբ կլանի երիտասարդ արյունն ու ավելի սրբանա, ձնծաղիկներն այդ ժամանակ կարթնացնեն ձեր ոտնահետքերը, որպեսզի իջնեք երկնքից ու ձեր պաշտպանած նոր Հայաստանը կերտեք… Չէ՞ որ դուք եք երկրի տերերը՝ ապագայի և եկող սերունդների առաջնորդողները…
Ես հավատում եմ, որ դու վերադառնալու ես, բոլորդ վերադառնալու եք, որ վերածնվենք մենք, վերածնվի հայոց երկիրը…
2001 թվականին ծնված Դավիթն ավարտել էր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոցը, ապա ընդունվել է Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայրի ֆակուլետ: 2019 թ. հուլիսի 19-ին զորակոչվել էր բանակ:
Ուսումնական զորամասում գերազանց հանձնելով քննությունները՝ կրտսեր սերժանտ Դավիթ Յակովլևը դարձել էր հրետանային ինքնագնաց կայանքի հրամանատար։
Արդեն դասակի հրամանատարի տեղակալ Դավիթը պատերազմի օրերին Մարտունու շրջանի թեժ կետերից մեկում էր։
Մաթեմատիկական փայլուն գիտելիքների շնորհիվ ճշգրիտ հաշվարկներով ոչ միայն արագ ու անվրեպ ոչնչացրել էր թիրախները, այլև օգնել էր մարտկոցի մյուս երեք հրետանային ինքնագնաց կայանքների հաշվարկները կատարելուն։
Նա երազում էր իր ընտանիքի պես երջանիկ ու համերաշխ ընտանիք ունենալ։ Դավիթի մայրը պատմում է, որ որդին դեռ դպրոցը չէր ավարտել, սակայն արդեն մտածում էր իր տունն ունենալու մասին․ «Ծրագրում էր թե՛ իր ապագա կյանքը, թե՛ օրվա անելիքները։ Դավթի ամեն օրն իր նպատակին հասնելու մի քայլ էր։ Մի տեսակ սովորություն էր դարձրել այդ ճանապարհն անցնելու համար անհրաժեշտ միջավայր ստեղծելը»։
Հոկտեմբերի 26-ին Դավիթը 11 ընկերների և հրամանատարի հետ զոհվեց «Սմերչի» հարվածից։ Անվերջ շտապող Դավիթն անմահացավ՝ հավերժ մնալով 19 տարեկան…
Դավիթը հետմահու արժանացել է ԱՀ Մարտական ծառայության և արիության համար մեդալի։
Փառք ու խոնարհում՝ հանուն մեր սուրբ հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած բոլոր արիներին։
ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ