ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ՏԱՐԵԴԱՐՁԴ, ՀԵՐՈՍ
Քո փառքը երկրում պիտի լիներ… Հիշու՞մ եք այս խորաթափանց հայացքով տղային: Նա Մայիս Աղվանի Հովսեփյանն է , ով տարիներ առաջ մեր հայրենակիցների սրտերը գրավեց «Ամենախելացին» հեռուստահաղորդման եթերաշրջանի ժամանակ: Եվ դարձավ հաղթողներից մեկը: Նա բազմաշնորհ էր ու լայնախոհ: Չի եղել մի բնագավառ, մի առարկա, որին նա չտիրապետեր: Նրա տարերքը արևելյան մարտարվեստն էր, բարձրագույն տեխնոլոգիաների ոլորտը… 9 տարեկանից զբաղվել է այկիդո մարտարվեստով՝ սև գոտի առաջին դան էր: Նա այն պատանիներից էր, ով գիտության ոլորտում չհասցրեց ասել իր խոսքը: Մայիս Հովսեփյանի տեսակն էր լինելու չափանիշը, թե ինչպիսին պիտի լինի 21-րդ դարի հայը՝ հոգով ազգային, գաղափարներով՝ նորարար:…2001 թվականի սեպտեմբերի 9-ին, Աղվան և Լուսինե Հովսեփյանների ընտանիքում ծնվեց հրաշամանուկը՝ Մայիս Հովսեփյանը ՝ երկվորյակ քույրերի միակ եղբայրը: Սովորել է Պարույր Սևակի անվան հ. 123 հիմնական դպրոցում: Թումո ստեղծածար տեխնոլոգիաների կենտրոնի սան էր:Մայիս Հովսեփյանն hասցրել էր նվաճել բազմաթիվ մեդալներ և դիպլոմներ թե՛ սպորտի ասպարեզում ,և թե ՛ միջազգային օլիմպիդաներում, որոնք այսօր հերոսի տանը մի ամբողջ սենյակ են զբաղեցնում:Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, մեր հավերժ հերոսը դարձավ 21 տարեկան: Արցախի ու Հայաստանի դեմ թշնամու սանձազերծած պատերազմը խլեց Մայիսի ու հազարավոր լուսավոր տղաների կյանքը:Ու ամեն անգամ մեր հերոսների մասին գրելիս, նրանցից յուրաքանչյուրի կերպարը բացահայտելիս հիշում եմ Վազգեն Սպարապետի խոսքերը.-«Ես համոզված եմ, որ մեր երկիրը դառնալու է հզոր, հարուստ պետություն։ 21-րդ դարը, անկասկած, մերն է լինելու»։21-րդ դարը Մայիս Հովսեփյանի պես տղաներն էին դարձնելու Հայինը՝ մե՛րը…Չհասցրեցին: Չթողեցին:Մայիս Հովսեփյանը Հայոց բանակ զորակոչվեց ՝ժպիտը դեմքին: Ասում էր.-Եթե ես չգնամ, մյուսը չգնա, է հետո՞…Մեր երկիրն ո՞վ է պահելու …Կգնամ, կծառայեմ, կգամ, հետո կորոշեմ, թե որ բնագավառում եմ կրթությունս շարունակելու…Իսկ Մայիսի հետաքրքրությունների ոլորտները բազմաթիվ էին: Եվ որ ասպարեզում էլ գործեր, նրա անունը լսելի էր դառնալու ամենքին…Պահպանվել է մի տեսանյութ, որտեղ «Ամենախելացին» հեռուստանախագծի վարող Նազենի Հովհաննիսյանը նրան հարցնում է, թե ի՞նչ հարց կուզենաս ուղղել Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարարին, 12-ամյա պատանին պատասխանում է.-Ինչու՞ պետք է մենք դպրոցում սովորենք 12 տարի , այլ ոչ թե ավել:Այսպես կարող էր պատասխանել միայն ամենալայնախոհ , իսկապես ամենախելացի աշակերտը, ում մեջ ապագա գիտնականն էր խոսում:Մայիս Հովսեփյանը բանակ զորակոչվեց 2019-ի դեկտեմբերի 25-ին: Ծառայում էր Արցախում: Նռնակաձիգ էր: Սեպտեմբերի 27-ից եղել է պատերազմի ամենաթեժ կետերում: Խիզախ զինվորը իր հնարամտություններով, արագ կողմնորոշվելու բարձր ունակություններով փայլել էր նաև ռազմի դաշտում: Ոչնչացրել է թշնամու մեծաթիվ դիվերսիոն խմբեր: Ղեկավարելով ծառայակից ընկերներին՝ կարողացել է 5-6 օր շարունակ պահել հայկական դիրքերը ու չնահանջել: Նույնիսկ գրավել են թշնամու դիրք : Պատերազմի դաշտից մի քանի անգամ հասցրել էր խոսել ծնողների հետ :Հեռախոսային կարճ զրույցներից մեկի ժամանակ ասել էր.-Մամ, հենց այս ամենն ավարտվի, ես ձեզ բերելու եմ Արցախ, ամեն տեղ շրջելու ենք միասին, որ տեսնեք, թե մենք ինչ հողեր ենք պահել:Հերոսի համար Հող ասվածը նշանակում էր Հայրենիք ՝ Հայաստան և Արցախ՝ այն միասնական Հայրենիքը, որի պատիվը բազմիցս բարձր էր պահել միջազգային մրցույթների ժամանակ…Մայիս Հովսեփյանի անմահության ուղին սկսվեց հոկտեմբերի 21-ին՝ Ջրականում՝ վիրավոր հրամանատարին դուրս բերելու ժամանակ: Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն » մեդալով:Մեր լուսավոր հերոս, դու պետք է քո ճանաչումը գիտության ասպարեզում վայելեիր, բարձրագույն տեխնոլոգիաների ոլորտում քո ստեղծագործական, նորարարական մտքերով զարգացնեիր մեր երկրի ցանկացած բնագավառ, որովհետև բնությունը քեզ օժտել էր բազմաթիվ շնորհներով։ Դու կարող էիր շարունակել քո ուղին` որպես արևելյան մարտարվեստների վարպետ, որոնք սիրում էիր փոքր տարիքից։ Դու ամեն ինչ կարող էիր։ Չհասցրեցիր…Ամեն ինչ մնաց անկատար երազանքների տիրույթում։Մնացիր հավերժ դիրքապահ` քեզ վստահված Ջրականում։Շնորհավոր երկնային տարեդարձդ: Խոնարհվում ենք քո և ծնողներիդ առաջ: Անունդ միշտ մնալու է մեր սրտում: ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ