«Շնորհակալությամբ ստացա նամակդ և շուջուղը». Դեմիրճյանը` Թոթովենցին
Շնորհակալությամբ ստացա նամակդ և շուջուղը (ի՜նչ բառ է, բայց և` ի՜նչ համ ունի …): Միայն մի փոքրիկ նկատողություն: Շուջուղը շատ էր, իսկ «Դատաստանի» մասին տեղեկությունը` քիչ: Պարզ է, որ անհաջող է անցել: դա ես սպասում էի: Ինքնուրույն դրաման մեզանում ի միջի այլոց է: Եթե Մոսկվայի գեղարվեստական թատրոնը մի ամբողջ տարի է նվիրում մի պիեսի, և խմբական գործակցությամբ և տաժանելի ջանքով սկսում են որոնել դրամայի էությունը, ձևը, տոնը, ուղղությունը, երբ երկու բառի, արտահայտության համար ընդհատում են փորձը և բաց անում ջերմ վիճաբանություն, երբ, վերջապես, գտնում են ու մի երկու փորձից հետո այդ բոլորը համարում են սխալ և սկսում նոր որոնումներ` դա երբեք չի նշանակում, թե նրանք անտաղանդ են ավելի քան մեր դերասանները և, մանավանդ, ավելի հիմար, և, մանավանդ, ավելի հարուստ (ա՛յս օրերս). ո՛չ, դա նշանակում է, որ նախ և առաջ նրանց համար թատրոնը լուրջ գործ է: Ինչո՞ւ է ծառայում Հայաստանի պետական թատրոնը … Արդյոք նրա կոչումն է մեր դերասաններին ընծայելու առատ ճաշասեղա՞ն և նույնքան առատ արտաքնո՞ց: Գուցե նրանք կարծում են, թե Հայաստանի պետական թատրոնը մի թարգմանչատուն է օտար պիեսների՞: Հանձնեցեք թատրոնը այստեղի ռուս անտրպրենիորներին, և դրանք հիանալի ներկայացումներ կտան ռուսերեն լեզվով, մանավանդ որ թատերասեր հասարակության մեծագույն մասը ռուսախոս է և գաղութներից է եկած: Ի՞նչն է հայ կենտրոնական թատրոնի առավելությունն ու մասնահատկությունը: Ի՜նչ խոսք, որ հայ գեղարվեստական դրամայի ստեղծումը: Ահա՛ ինչպես են ստեղծում: Իհարկե, Լևոնը շատ լավ տղա է, բայց նա հանցավոր կերպով ծույլ է: Նա պիտի ինձ իմաց տար փորձերի սկիզբը և տեղեկացներ, թե, ի՛նչպես է ընթանում գործը, և ի՛նչ է սպասվում «Դատաստանի» ներկայացման հաջողության վերաբերյալ: Մամիկոնի «Վարազդատը» ահագին միլիոններ խժռեց բանվոր-գյուղացիական Հայաստանի աղքատիկ գանձարանից: Տաղանդավոր Սարյանը իր վրձինը իջեցրեց մինչև այդ պիեսը: Մեկ ամսից ավելի դերասանները հավատո հանգանակի պես սերտեցին այդ` իրենց չսիրած դրաման: Ի՞նչ պատահեց հիմա, որ վիժեցրին «Դատաստանը»: Որովհետև սա պատվեր չէր ի վերուստ և հրաման փողատիրոջի՞ց: Ակամա հարգանք ես զգում դեպի Մակինցյանը: Ասպետաբար պաշտպանեց իր ինադը և «Վարդազարը»: Իհարկե, դա հայկական ջիգրա-շեն էր, բայց ջիգր էր, թե ինչ, մարդը հերոսաբար գնաց մինչև թեկուզ «Վարդազարի» փորլուծումը: Այսպիսով այս երկու տարին Երևանի պետական թատրոնը երկու «պատմական» պիես տվեց: Փառք Ամենակարողին: