«Նրա կյանքը մի այնպիսի պայքար է եղել, որը բաժին է ընկել աշխարհի բազմաթիվ մեծերի». այսօր Տիգրան Չուխաջյանի ծննդյան օրն է
Հայկական օպերային արվեստի հիմնադիր, մեծաքանքար երգահան, շնորհալի դաշնակահար, բոլորանվեր մանկավարժ Տիգրան Չուխաճյանի անունը սիրով եւ երախտագիտությամբ է լցնում ամեն մի հայի սիրտ եւ ապա հոգին պարուրում խորը թախիծով, որով նրա կյանքը մի այնպիսի պայքար է եղել, որը բաժին է ընկել աշխարհի բազմաթիվ մեծերի, հատկապես հայ ժողովրդի մեծերին, որոնք կրել են ոչ միայն բնության առթած տվայտանքները, այլ նաեւ իշխող երկրի օրենքների դաժանությունները:
Մեծ երգահանի անդրանիկ զավակը եղավ «Արշակ Բ.» օպերան, որը հանդիսացավ նաեւ Մերձավոր Արեւելքի առաջին օպերան: «Արշակ Բ»-ը հայրենասեր ստեղծագործողի հայրենասեր որդին է, որը բախտ ունեցավ խոսելու իր մայրենի լեզվով` հայերենով, այն էլ եւ՛ արեւմտահայերեն (Թովմաս Թերզյանի բանաստեղծական շնչով), ե՛ւ հետագայում` արեւելահայերեն, մայր հայրենիքում: Այն առաջին անգամ բեմադրվեց 1868-ին, Կ.Պոլսում, ուր ծնվել է երգահանը 1837-ին, ապրում եւ ստեղծագործում էր: Տիգրան Չուխաճյանը ընդամենը 31 տարեկան էր, եւ հայրենասիրական թեմայով հայկական օպերա գրելը նրա ներշնչանքն էր եղել դեռ այն տարիներին, երբ սովորում էր Միլանի երաժշտական բարձրագույն դպրոցում, 1861-1864-ին: «Արշակ Բ»-ը եղավ մեծ երգահանի մինուճարը, որը խոսեց մայրենի լեզվով, հաղթական մուտք գործեց համաշխարհային թատրոն, բայց շուտով սկսեց կրել Քրիստոսի չարչարանքը, որ բաժին ընկավ նաեւ հեղինակին: Քաղաքականությունը շատ էր վատացել Թուրքիայում. այլ ազգի ներկայացուցիչներ իրավունք չունեին ստեղծագործելու մայրենի լեզվով:
Տիգրան Չուխաճյանի հետագա գործերը եղան թրքալեզու, որոնց թեման թեթեւ կենցաղային կատակերգություններ են` «Արիֆ», «Քյոսե Քեհյա», «Լեբլեբիջի Հոր-Հոր աղա», որոնցից երրորդը գերազանցում էր նախորդներին եւ՛ բովանդակությամբ, եւ՛ երաժշտական ճոխությամբ: Այն նաեւ բախտ ունեցավ վաղ հայրենիք գալու, երգելու մայրենի լեզվով եւ վերածվելու սիրված կինոժապավենի` «Կարինե»:
Հաջորդ գործի համար Տ. Չուխաճյանը դիմեց հեքիաթային ժանրին, ուր քաղաքականությունը գործ չունի, ուր մարդիկ կարող են ապրել բարի շրջապատում, սիրել եւ սիրվել. այն «Զեմիրեն» է, արաբական մի հեքիաթ:
1896-ին Թուրքիայում եւ հատկապես Պոլսում հայերի դեմ կատարված վայրագությունները հուսահատեցրին հայ մտավորականներին եւ նրանք սկսեցին հեռանալ քաղաքից: Չուխաճյանը ընտանիքով տեղափոխվում է Զմյուռնիա (Իզմիր), զբաղվում մանկավարժությամբ, կազմակերպում համերգներ, բայց նրա առողջական վիճակը հետզհետե վատանում է: Նա գամվում է անկողնին եւ 1898-ի մարտի 23-ին հեռանում կյանքից: Մեծ երգահանի շիրիմը գտնվում է Իզմիրում, ովքե՞ր են այցելում արդյոք նրան:
Տ. Չուխաճյանի գործերի հետագա ճակատագիրը բարդ ու դժվարին է եղել հեղինակի ճակատագրի նման: Նրա գործերը տպագրության չեն արժանացել, այլ արտագրվել են նրա գործընկերների եւ աշակերտների կողմից, իսկ հետագայում ցրիվ են եկել աշխարհով մեկ: Ինչպես ասվեց, նրա «Արշակ Բ.» առաջին օպերան է հայերենով գրվել, իսկ մյուսները` թուրքերենով-օսմաներենով (արաբական տառերով): Իշխանության գլուխ գալուց հետո Քեմալը փոխել տվեց թուրքերենի այբուբենը լատինատառի (1923-ից): Նրա «Զեմիրե»-ն ամենաանվնաս գործն էր եւ Տ. Չուխաճյանը այն թարգմանել է տվել ֆրանսերենի եւ իտալերենի: Թարգմանությունը կատարել է Անմեղյանը: Օպերայի ձայնատետրը (score) հասել է մեզ:
Նրա մահվան առթիվ «Բազմավէպը» գրել է. «Սիրեցինք մենք զինքը, մելամաղձութեան այդ տխրանոյշ զաւակը, զի մերն էր ան, մեր հոգիին ազնուագոյն մասը»:
ԱՆԱՀԻՏ ՊՈՂԻԿՅԱՆ-ԴԱՐԲԻՆՅԱՆ
(Հատված «Ինչպես վերծանեցի Տ.Չուխաճյանի «Արիֆը» հոդվածից)
«ԱԶԳ »ՕՐԱԹԵՐԹ — ՄՇԱԿՈՒՅԹ
15-03-2008
Աղբյուրը՝ Լուսինե Զաքարյան Lousine Zaqaryan ֆեյսբուկյան էջ