«Նրա ընդունակություններն արտակարգ էին, ձիրքը` բազմակողմանի». Սերգեյ Էյզեյնշտեյն
Ռիգացի ճարտարապետի որդի Սերգեյ Միխայլովիչ Էյզեյնշտեյնը դեռ մանուկ հասակում հիանալի կրթություն էր ստացել: Նրա ընդունակություններն արտակարգ էին, ձիրքը` բազմակողմանի: Այսօր Էզեյնշտեյնի աշխատությունները կարդալիս զարմանում ես նրա գիտելիքներով ու հետաքրքրությունների անսահմանությամբ:
Իր ուղին արվեստում Էյզեյնշտեյնը սկսեց թատրոնից: Նրա բեմադրած երեք ներկայացումներն աչքի են ընկնում ձևավորման ձգտմամբ: Նա ջանացել է թատրոնը վերածել, ինչպես ինքն էր պատկերացնում, նոր ժամանակներին համահնչուն, մինչև այդ չտեսնված հանդիսանքի: Շուտով Էյզեյնշտեյնն զգում է, որ թատրոնը պիտանի չէ իրեն հանգիստ չտվող հղացումներն իրականացնելու համար: Նա գրում է. «Փաստորեն թատրոնը, որպես ինքնուրույն միավոր, հեղափոխական շինարարության գործից … դուրս է մնացել: Անհեթեթ բան է արորը կատարելագործել: Տրակտոր է պահանջվում»: Իհարկե, այս խոսքերը արտահայտում են ոչ թե կինոյի և թատրոնի օբյեկտիվ գնահատականը, այլ նախ և առաջ իրեն համար նոր արտահայտչամիջոցներ հայտնաբերող ռեժիսորի անձնական տրամադրությունները:
«Տրակտորը», պարզվում է, կինեմատոգրաֆիան է, որին զինվորագրվում է Էյզեյնշտեյնը, և նրա երիտասարդական ավյունը, փորձելու-գտնելու կիրքը կիրառության լայն ասպարեզ են ստանում:
Նրա առաջին իսկ ֆիլմը` «Գործադուլը», վառ նորարական ֆիլմ եղավ թե՛ բովանդակությամբ և թե՛ ձևով: Իսկ 1925 թվականի դեկտեմբերին ցուցադրված «Պոտյոմկին զրահանավը» դառնում է սովետական և համաշխարհային կինոյի վիթխարի իրադարձությունը, որով բացվում է կինոարվեստի արդարև նոր, սոցիալիստական փուլը:
Հանդիպումներ X մուսայի հետ