Նվիրում եմ Արամ Քոչարյանի հիշատակին
Դու զինվորն էիր հայ քաջանց զարմից,
Իսկական հայի տեսակն արարող,
Բարի ծնունդով հայ սիրո սերմից,
Կյանքի, ապրելու համար պայքարող
Հայ ռազմիկ էիր՝ խորհուրդով խորին,
Որ ժպտում էիր հայոց աշխարհին…
Խոստացել էիր դեռ օրեր առաջ՝
Մորդ ասելով. «Չեմ ուզում՝ մեռնեմ,
Ապագայում շա՜տ անելիքներ կան,
Եվ ես դեռ այնքա՜ն երազանք ունեմ»…
Ինչո՞ւ էր սիրտդ այս կյանքը զգում
Սառն ու անողոք սև մահվան նման,
Երբ կյանքն ես սիրել, քեզ կյանքն էր ձգում,
Ավա՜ղ, օրերիդ հույսերն էլ մեռան…
Դժոխքով անցար՝ չզգալով մահը,
Չզգացիր գուցե վճռական պահը,
Դիպուկահարի թունավոր խաղը
Եվ անհայտության բացած երախը…
Բարության սերն էր քո սրտում խոսում՝
Բազկիդ ուժը միշտ պահելով ներսում։
Դեմքդ խաղաղ էր, հայացքդ՝ խոհուն,
Ժպիտդ` ընծա, ծիծաղդ՝ զնգուն։
Այսուհետև քեզ տեսնելու համար
Պիտի նայենք վեր, երկնքից անդին,
Դու էլ քո եղբայր արևից անմար
Կնայես ներքև՝ երկնքի սրտին,
Ծիածանագույն կամուրջ կկապենք
Եվ լույսի շողով կողջագուրվենք…
Սիրեցիր հողդ կյանքիցդ ուժգին,
Կյանքդ տվեցիր հանուն քո ազգի
Լուսե գալիքի, հարատևության,
Բայց ուրիշները՝ թշվառ, տմարդի,
Որ ընդունակ են դավաճանության…
Իսկ դու հպա՜րտ ես, մայր հողի որդի…
Դժվար բաները թվում են այնքա՜ն
Պարզ, սովորական, թեև անմեկին
Մահվան գաղտնիքն էլ չգիտենք անգամ,
Եվ մահվան ահն է պատել ամենքին…
Գուցե ամեն ինչ նորից է լինում,
Բայց առաջվա պես ոչինչ չի լինի…
Երբ լռությունն է ներսումդ տիրում,
Կողքիդ աղմուկն էլ քեզ չի խանգարի…
Կարո՜տ, ափսոսա՜նք, ուշացա՜ծ զղջում,
Ինչո՞ւ է հաղթում նենգ չարը բարուն,
Աստված նայում է, մարդուն չի խղճում,
Խոնարհվա՜ծ խոսքեր, հեռացո՜ղ գարուն…
Եվ ո՜վ իմանա՝ որտեղ են գրում
Մարդուս ճակատի չջնջվող գիրը,
Եվ ո՞վ է մի օր աննկատ մարում
Կրակը հոգու, ցրում՝ մոխիրը…