Նոր տարուն նախորդող գիշերն հայտնի էր Լոլեի գիշեր, Խլվլիկ, Կախ կամ Կաղ, Գոտեկախ, Ծաղկեմուտ անուններով
Հունվարի 1-ին տարին սկսելու և Նոր տարվա սկզբի տոն նշելու սովորույթը հայոց մեջ ընդհանրացել է համեմատաբար ոչ վաղ անցյալում: Արևմտահայոց շրջանում, Կիլիկիայի տարածքի հայերի մեջ, մասամբ` արևելահայ որոշ ազգագավառներում և հայկական մի շարք գաղթօջախներում 19-րդ դարում Նոր տարին նշվում էր հունվարի 1-ին և բավական կայունացած արարողակարգ ուներ: Սակայն մինչև 20-րդ հարյուրամյակի սկիզբը արևելահայ որոշ շրջաններում Նոր տարուն զուգահեռ, ավելի խանդավառ ու ջերմորեն նշում էին Նավասարդը` որպես Նոր տարի, և Նավասարդը նշող շրջաններում հունվարի 1-ին Նոր տարին նշելը սահմանափակվում էր ընդամենը միմյանց շնորհավորելով: Այնուամենայնիվ տոնակատարությունն արդեն կայունանում էր և նրանում ամրագրվում էին տարեմտին կամ Նոր տարում բնորոշ սովորույթները:
Տոնի անունները հայոց մեջ տարբեր էին: Հիշվում էր Ամանոր, Տարեմուտ, Տարին Գլուխ, Նոր տարի, Կաղանդ, Կաղինդ, Կալոնտար, Նոր տարուն նախորդող գիշերն էլ հայտնի էր Լոլեի գիշեր, Խլվլիկ, Կախ կամ Կաղ, Գոտեկախ անուններով, իսկ համշենահայերի մոտ` Ծաղկեմուտ: Այս բոլոր անուններն ունեն իրենց բացատրությունները: Նախ` Կաղանդ, Կաղինդ, Կալոնտար ձևերը գործածվել են գլխավորապես արևմտահայոց միջավայրում, հունական ազդեցությամբ: Արևելահայոց մեջ առավելապես տարածված էին Նոր Տարի, Տարեմուտ ձևերը: «Լոլեի գիշեր» անունը, թերևս, գալիս այն հանգամանքից, որ Նոր տարվան նախորդող օրը հայոց մեջ թխվող հացատեսակների շարքում` «փուռնիկ», «կլոճ» և այլն, հիշատակվում է նաև «լոլիկը»: Կախ կամ կաղ բառերը ժողովրդական ստուգաբանությամբ բացատրվում են այդ գիշեր պահուստի թարմ մրգի «կախանները» տուն բերելու և առաստաղից կախելու, «գոտեկախը»` պատանեկան գիշերային շրջայցերի ժամանակ երդիկից գոտիով գուլպաներ կամ զամբյուղներ կախելու սովորույթով:
Նույն կերպ որոշ տարբերություններ կային ծիսական սովորույթների կատարման ձևերում, սակայն դրանք իրենց բովանդակությամբ ընդհանուր էին:
Ամանորի սովորույթները խմբավորվում են հետևյալ երևույթների շուրջ.
— բնակարանը, բնակավայրը և մարդու մարմինն ու հոգին մաքրելը, հարդարելը,
— ծիսական ուտեստը,
— ծիսական այցելությունները,
— բախտագուշակությունները (անձնական, ընտանեկան, համայնքային, ազգային),
— հաջողությունն ապահովելուն միտված և չարը կանխարգելող հմայական խոսքերը, ծիսական մաղթանքները:
Նոր տարվա տոնին նախապատրաստվելու ընթացքում բնակարանի մաքրությանն առանձնակի կարևորություն էր տրվում: Ոչ միայն մաքրվում էր բնակարանը, այլևս հնարավորինս դուրս էին նետվում անպետք իրերը, նորոգվում էին քանդված մասերը: Հանվում և մաքրվում էր ողջ ամանեղենը, լվացվում էր ողջ սպիտակեղենը: Բնակարանը ներծծվում էր մաքրության բույրով: Բնակարանը հարդարվում էր, զարդարվում: Զարդարանքները ոչ միայն գեղագիտական էին, այլև` չարխափան կամ բարեբեր: Չարխափանների շարքում կարելի է հիշատակել չար աչքի դեմ կիրառվող նշանները, որոնք տեղադրվում էին ինչպես մուտքի դռան վրա, այնպես էլ` պատերին:
Ապա ընտանիքի բոլոր անդամները լողանում էին և հագնում տոնական հագուստ, ցանկալի է` նոր հագուստ: «Նոր տարվա նախորդ օրերը շարուրցիների բոլոր երդիկներից անընդհատ ծուխ էր բարձրանում». օջախի վրա անընդհատ ջուր էին եռացնում: Եթե ընտանիքում գժտություն կար, աշխատում էին լուծել գժտության առիթը, հաշտեցնել գժտվածներին: Նույն կերպ գժտվածներին փորձում էին հաշտեցնել հասարակական միջավայրում:
Նոր տարվա գլխավոր նախապատրաստություններն ուտելիքների շուրջն էին: Տոնի ժամանակ օգտագործվող ուտեստի տեսականին, դրանց ծիսական բնույթն ընդհանուր առմամբ նույնական էին հայոց շատ ազգագավառների համար, սակայն երբեմն տարբերվում էին պատրաստման կերպով, մատուցման և ճաշակման ժամանակով, անուններով: Աշնանից սկսած այս տոնի համար պահած ունենում էին զանազան չորացրած ու թարմ մրգեր, պաստեղներ, ընկուզերշիկներ և այլն: Պետք է հիշել, որ հունվարի 1-ը, ընկնելով հայոց ծննդյան տոնի շաբաթվա մեջ, պաս օր էր, և ամանորյա ուտելիքները բաղկացած էին պասին թույլատրելի ուտելեղենից: Դեկտեմբերի 30-31-ին տանտիկինները ջանասիրաբար մաքրում էին լոբին, սիսեռը, ոսպը, բրինձը, ձավարեղենը, որոնք տարբեր կերակրատեսակների ձևով պիտի զարդարեին տոնական սեղանը: Տարբեր տեղերում այդ ճաշատեսակները տարբեր էին, բայց շատերը ջանում էին դրանց թիվը հասցնել յոթի: Ահա, օրինակ, ականատեսի նկարագրությունը Բալուի ամանորյա ճաշատեսակների վերաբերյալ «ա) Պղլուր (ձավար), աղընձած ու ծեծված և խյուսի վերածված շուշմա (սուսամ), քիչ մը ծեծված մանր կարմիր պղպեղ, բավական շատկեկ ջարդված սոխ, իրարու հետ խառնելով, կը լեցնեն զանոնք մինչև կեսը կամ քիչ մը ավելի ջուրով լեցուն պուտուկի մեջ, որուն կափարիչը վրան դնելով անոր բոլորտիքը կը ծեփեն խմորով ու կը դնեն թոնիրին մեջ որ եփի, ատոր կսեն Խորու: բ) Պղլուրով ու անոր երեք անգամ սիսեռով գրեթե թոփիկի հար և նման գնդիկ կը շինեն: գ) Անուշապուր, որոն նյութերն են ծեծված ցորեն, որ մաքրված է իր թեփերեն, ընկույզ, նուշ, չամիչ, մեղր կամ ռուպ, երբեմն գազարե ալ կը դընեն, երբ զայն ունենան: դ) Փերփերապուր, ասոր ալ նյութերը կը բաղկանան չորցված փերփերե, ծեծված ցորենե, կարմիր լոպիկե (լուբիայի տեսակ մը), աղացված ոսպ, չոր, բայց քիչ պղպեղե, սոխե և շուշմայի յուղե: ե) Պահոց քեշկեկ, աս` կը բաղկանա ծեծված ցորենե, ոսպե, սիսեռե` չորցված կանկարե, ավելուկ ըսված չէր բանջարե և շուշմայի յուղե: զ) Շուշմայի հետ ասիկա զուտ ցորենի ալյուրի շաղված խմոր մըն է զոր կը բանան խիստ բարակ ու կը տապակեն շուշմայի յուղին մեջ ու հետո անոնց ամեն մեկուն երկու երեսներուն վրա կը լեցնեն կամ կը քսեն ռուպով կամ մեղրով շոեւշմային խյուսին եհտ խառնուրդը, և կը շարեն դրանք իրարու վրա, որպեսզի կակուղ մնան և թե ավելի անուշնան իրար ծեծելով: Պետք է գիտենալ, թե այս բոլոր կերակուրները պահոց կերակուրներ են»:
Շատ ընդունված էին ոսպից, սիսեռից սարքած քյուֆթան, ոսպից, սիսեռից, լոբուց, ձավարեղենից ձեթով սարքած տոլման («սուտ տոլմա»), Բալուի կերակրատեսակների մեջ հիշատակված անուշապուրի տեսակները, որ շատ տեղերում «մայրամապուր» (Մարիամի ապուր) էր կոչվում, ինչպես, օրինակ, ծեծած կորկոտով, չամիչով, չոր ծիրանով ու սալորով եփված մայրամապուրը, որի մեջ եփելուց հետո դոշաբ են դնում: Լոռեցիների համար հատուկ նշանակություն ունեին լոբին և լոբաջրով պատրաստված կերակրատեսակները: «Նոր տարին գալ չի առանց լոբու», — ասում էին լոռեցիները:
Շատ մեծ նշանակություն էր տրվում մրգերին: Չոր ու թարմ մրգերը չամիչի ու ընդեղենի հետ կազմում են ամանորյա ընթրիքի հիմնական բաղադրիչները: Որոշ տեղեր դարձյալ ջանում էին պահել «յոթ» թիվը` յոթ տեակ թարմ միրգ (օրինակ` խնձոր, տանձ, սերկևիլ, նուռ, խաղող, սեխ, զկեռ, արմավ և այլն), յոթ տեսակ չրեղեն կամ չոր մրգեր (սալորի, ծիրանի, խնձորի, տանձի, թզի, խաղողի, թթի, արմավի չրոր, զանազան չամիչներ, ունապ, փշատ և այլն), յոթ տեսակ ընդեղեն (օրինակ` ընկույզ, պնդուկ, նուշ, պիստակ, ծիրանի կորիզի միջուկը, շագանակ, ձմերուկի կորիզ և այլն), յոթ տեսակ պաստեղ (օրինակ` սալորի, ծիրանի, հոնի, մոշի, խաղողի, սերկևիլի, արմավի և այլն): Ահա թե ինչպես են նկարագրում ականատեսները Դիարբեքիրի հայերի Նոր տարվա մրգեղենի սեղանը. «… «պրկիշը» (պղնձյա կլոր սեղան) տաքուկ թոնիրին վրա դրված կըլլա, լեցուն` քաղցրավեղեններով, նպարեղեններով, բանդակներով և այլն …, որոնց նշանավորներն են ընկուզերշիկը, նշերշիկը, փոստուղերշիկը: Անդեղտան ապակիի նման պասատեղը, նուռը, սերկևիլը, արմավը ./.., սեխը, մեղրապոպը: Նաև պտուտակը, ունապը, փշատը և այլն: Փոքր սեղանի մի վրա դրված է … նշանավոր անուշեն հալվաները` ընկույզե, նուշե, շուշմայե, որոնց բույրը և համը աննկարագրելի է …»: «Տանտիկինը ցորեկին կպատրաստե «մեզեին պրկիշը»: Սեղանին վրա կը շարե նուրբ պնակներ` ամեն տեսակ մեզեղեներով լի` շաքարեղեններ, նուշ, լեպլեպի, կուտեր, նարինջ, խնձոր, նուռ և այլն: Իրիկունը, արևը մար մտնելեն վերջ, տան մեծավորը կը բազմի թոնիրին ճակատը, շուրջը ունենալով ընտանիքին մյուս անդամները: Հիմակ այս պրկիշը կը բերեն, կը դնեն թոնրին վրա. սեղանի երկու կողմը կը շարվին սեղանին շուրջը: Բոլորովին գիշեր ըլլալուն պես …, ընթրիքեն վերջ կը վերցնի մեզեի սեղանը, թոնիրի վրան կը մաքրվի, փոքրիկի մանչերն ու աղջիկները կելլեն կը նստին թոնիրին վրա` անհամբեր սպասելով «Լօլե»-ին, որ ահա կը բերվի, և մեծ պրկիշ մը դարձյալ, լեցուն հետևյալ կարգով` կարմիր չամիչով, սև չամիչ, ընկույզ, նուշ, լեպլեպի, արմավ, թուզ, սիճուգ, բոլորը իրարու վրա լեցված, որոնց ամենուն վրա կը կենան քանի մի ծալ պաստեղ: Մանուկները կը սկսին երկու ձեռքով խառնել արդեն այս խառնուրդը, որուն կըսեն «լօլեին խառնել»: Լօլեն կատարյալ չէ մանկան համար, մինչև որ չբերվի «չաթալ մոմը». ասիկա հաստ արմատ ունեցող և արմատեն քանի մը նախշուն ճյուղեր արձակող, հատկապես Լօլեին համար պատրաստված մոմ մըն է: Երեք «չաթալեն» սկսյալ` մինչև քառսուն «չաթալները» կան: Ավանդություն մը կա, թե ընտանիքը քանի անդամե որ կը բաղկանա` այնչափ պետք է որ վառված ըլլան մոմի ճյուղերը»: Քեսապում տանտիկինը «ամբարեն կը հանէր թուզի ընտիր տեսակները, չիրը, չամիչը, պաստեղը, «սուճուխ»-ը, «մըլպի»-ն, ընկոյզը, կը բովէր բեվեկ, թրջած ցորեն ու սիսեռ, կը խառնէր իրարու: Չոր մրգերն ու բովածը (կ’ավուրմու) կը դնէր ծեղէ ամաններու մէջ, ինչպես նաև պահուած պտուղները` խնձոր, տանձ, նուռ, նարինջ, սերկևիլ, ադամաթուզ: Ասոնք ճղիին ու գինիին հետ Նոր տարուան գիշերէն սկսեալ անպակաս կ’ըլլային սեղան`ն մինչև Ս. Ծնունդի երկրորդ շաբաթը»:
Նոր տարվա սիրված անուշեղեններից էին նաև աղանձը` չամիչի, մաքրած ընկույզի, նուշի ու բոված կանեփի, երբեմն` բոված սիսեռի հետ խառնած, ինչպես նաև Նոր նախիջևանում «Կաղանդ» կոչվող անուշը: Վերջինս սպիտակելոը աստիճան հարած մեղրի և կեղևից մաքրած ու բոված ընկույզի միջուկի խառնուրդն է:
Հրանուշ Խառատյան-Առաքելյան «Հայ ժողովրդական տոները»