ՆՈՆԱ ՊՈՂՈՍՅԱՆ. «Գրողի առաքելությունն է սովորեցնել ճշմարտության հետ առերեսվելու դժվարին արվեստը՝ երբեք չընկրկելու պայմանով»
«Ժամանակը կերտողները» նախագծի շրջանակներում այսօր կզրուցենք բանաստեղծուհի Նոնա Պողոսյանի հետ:
—Ինչպե՞ս սկիզբ առավ Ձեր ստեղծագործական ուղին:
—Դեռ փոքր էի, 10 տարեկան: Բանաստեղծություն գրեցի ուսուցչուհուս մասին: Մայրս կարդաց, քաջալերեց: Հետո դրան ավելացան ևս մի քանիսը և մորս հետ միասին որոշեցինք ուղարկել դրանք <Պիոներ-Կանչ>
թերթին: Շուտով պատասխան ստացանք, որտեղ առաջարկում էին դառնալ թերթի պատանի ստեղծագործողների <Շավիղ> ստուդիայի անդամ: Շատ բան սովորեցի <Շավիղում>, մինչև դպրոցն ավարտելը հաճախեցի: Այն եղավ իմ գրական մկրտությունը:
— Կպատմե՞ք Ձեր ստեղծագործական ձեռքբերումների մասին:
—Դրանք շատ են: 8 բանաստեղծական ժողովածուներ, մրցանակներ, <Գրական վաստակի համար> ՀԳՄ կողմից շնորված մեդալ, տարբեր լեզուներով թարգմանված, գրական տարբեր հավաքագրքերում ընդգրկված գործեր, բազմաթիվ հեռուստա և ռադիո եթերներ: Մի խոսքով՝ հետաքրքիր ու բովանդակալից ճանապարհ…
— Ի՞նչ առաքելություն ունեք Դուք՝ որպես հայ և որպես մասնագետ:
—Գրողի առաքելությունը ոչ այլ ինչ է, քան իր ստեղծած գրականությամբ մարդկանց իրական կյանքն ավելի գեղագիտորեն ու հետաքրքիր ցույց տալը, բայց և առանց զարդումների ու առանց <դիմահարդարման>…
Նաև՝ սովորեցնել ճշմարտության հետ առերեսվելու դժվարին արվեստը՝ երբեք չընկրկելու պայմանով…
— «Կրթված կանայք հասարակության համար գանձ են»,-ասել է Մխիթար Գոշը: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այս միտքը:
—Կրթված կանայք նախ՝ կրթված մայրեր են, կրթված զավակներ, կրթված սերունդ, կրթված քաղաքացի,կրթված հասարակություն և ապագային ճիշտ հայացքով նայող երկիր…
Կրթված կինն ի վերջո քո երկրի ողնաշարն է…
— Ինչ է տալիս մեզ՝ հայերիս, գերմանացի գիտնական Հենրիխ Շլիմանի այն վկայությունը, թե. «Եվրոպայի դժբախտությունն այն էր, որ նա որպես քաղաքակրթական հիմք ընդունեց Հունաստանը, և ոչ Հայաստանը»:
Գուցե Շլիմանը չի սխալվել: Բայց ես միշտ կողմնակից եմ <ներսհայացք> գցելու այն բացառիկ կարողությանը, որը շատ հաճախ բացակայում է մեզանում՝ դառնալով մերթ սխալ, մերթ՝ պարտություն, մերթ <կիսատ> ճանապարհ, ի վերջո նաև՝ Ճակատագիր:
— Ո՞րն է Ձեր գաղափարախոսությունը:
—Սերը, Սերը ու միմիայն Սերը: Նա է բոլոր լուծումների Բանալին, բոլոր անհաջողությունների Շտկումը, բոլոր պարտությունների Թոթափումը…
— Մերօրյա իրականությունն ինչպե՞ս է արտացոլվում Ձեր ստեղծագործություններում:
—Զինվորական լինելն ինձ ավելի է մոտեցրել այն իրականությանը, որում ապրում է իմ Ժողովուրդը: Այն նաև իմ գրականությանը բերել է մի ուղղություն, որ Ռազմի պոեզիա է կոչվում: Թե′ քնարերգության մեջ, թե′ այստեղ ես ինձ հավասարապես ներդաշնակ եմ զգում ու կարծում եմ, որ ընթերցողին կարողանում եմ փոխանցել շատ նվիրական ու ճշմարիտ զգացողություններ:
— Ի՞նչն է խանգարում մասնագիտական ունակությունները իրականացնելուն:
—Ոչինչ, հավատացեք, որ ոչինչ: Եթե մարդը շատ է ինչ որ բան ուզում՝ ոչինչ և ոչ ոք չի կարող խանգարել: Իմ ողջ կյանքում ես բոլոր տեսակի խնդիրների լուծմանը հասել եմ միմիայն սեփական ջանքերի ու համառության միջոցով: Այդպես շատ ավելի ազնիվ է… Իսկ ամենակարևորը, որ ինքնաբավ ես դառնում…
— Ձեր վերաբերմունքն այսօրվա իրականությանն ինչպիսի՞ն է։
—Բարդ, ահավոր բարդ ու մարտահրավերներով լի: Ողջ երկրագունդն ասես <եռում է>: Աշխարհաքաղաքական վերադասավորումների ջատագովները ոչնչի առջև չեն կանգնում… Ու դա սարսափելի է: Մանավանդ փոքր ազգերի համար: Մեզ լրջորեն ուժեղանալ է պետք: Ու դա յուրաքանչյուրիս ազգանպաստ ներդրումը պիտի դառնա:
Ցավոք՝ շատ ենք փոխվել, աղավաղվել է նաև մեր ազգային դիմագիծը: Պետք է սկսել նոր տողից ու մեծատառով…
— Ինչպիսի՞ հայրենիք կցանկանայիք ավանդել գալիք սերունդներին:
—Հզոր, ուժեղ Հայրենիք, բարձր հասարակության բոլոր ցուցիչներով:
Իսկ ամենակարևորը՝ ազգայինի խորին ընկալմամբ ու գալիքի մարտահրավերներին դիմակայելու բոլոր <գործիքներով> …
ՄԱԳԱՂԱԹՑԻ