«Նա ուրիշ դեր չի խաղում, նա ինքն իրեն է խաղում». Կարպ Խաչվանքյան
Նա ուրիշ դեր չի խաղում, նա ինքն իրեն է խաղում՝ ինչքան էլ անձնավորված կերպարները տարբեր լինեն բնավորությամբ, ժամանակաշրջանով, սոցիալական պատկանելությամբ, անգամ ազգությամբ: Ի՞նչ խաղ, դա նրա բնական վիճակն է, որը դրսևորվում է ինքնայրումով՝ սեփական ինքնայրմանն անտեղյակ, կերպարից էլ, ինքն իրենից էլ կարծես վերացած: Դա հենց բեմական արարումն է, որ հափշտակում է հանդիսատեսին: Եվ նա գործ է ունենում ոչ այնքան առանձին անհատի, որքան երևույթի հետ, որը խորհրդանշում է «թատրոն» հասկացությունն առհասարակ՝ այս դեպքում միջնորդավորված Կարպ Խաչվանքյանով:
Եթե Խաչվանքյանի արվեստը մենաբնորոշող մի հատիկ բառով բնութագրելու լինենք, դա հենց ինքնայրումն է: Խաչվանքյան-ինքնայրումն արտահայտվում է շղթայական ռեակցիայով, որն անընդհատ ընթանում է բեմական հախուռն հրճվանքի՝ մեկը մյուսից ծայր առնող բռնկումներով, վառ, պես-պես գույների հանկարծակի միախառնումով ու հանկարծակի անջատումով, սաստկացող ծիծաղի շարունակական այն ալիքով, որը քարուքանդ է անում դահլիճը: Դա իր՝ Խաչվանքյանի սանձակոտոր ծիծաղն է, իր շնչառությամբ հևացող ձիուն ձուլված այն հեծյալի, որը, քափուքրտինքի մեջ կորած, ամեն կերպ ուզում է սանձել վարգող իր անհնազանդ նժույգը, բայց վերջինս, դրանից մոլեգնած, ավելի մեծ արագությամբ է թռչում ինչի վրայով պատահի՝ վտանգելով հեծյալի՝ մազից կախված կյանքը: Պարզ չէ՞, որ ուրիշ հեծյալի չի հանդուրժի այդ խելահեղ նժույգը. Խաչվանքյանն ուրիշի չի կարող խաղալ, նա իրեն պիտի խաղա՝ այդ ուրիշը դառնալով ինքը:
Ի դեպ, կարելի է խոսել արտիստի մասին և մի պահ ակամա մոռանալ ամենակարևորը՝ Խաչվանքյանի բեմական հիպնոսացնող հմայքը: Չափված-ձևված արտաքին և անչափելի հմայք, որին էլ հենց պատկանում է նրա բեմական հաղթարշավի առյուծի բաժինը: Միշտ, երբ բեմում է Խաչվանքյանը, թվում է, թե այնտեղ շատ մարդ կա: Թվում է, որովհետև արտիստի վարած կռվին մասնակում է ողջ դահլիճը: Հանդիսատեսը նրան չի թողնում մեն-մենակ անարդարության դեմ հանդիման: Չի թողնում, որովհետև կռիվ տվողը Խաչվանքյանն է, նրա կռիվն էլ բարության կռիվն է ընդդեմ հավերժության և միշտ այնքան ժամանակակից չարի: Հզոր չարի դեմ անզոր բարու կռիվը, որը բարի է հենց իր հուզիչ անզորությամբ: Դրանով է նա անօրգանականության աստիճան ազնիվ և այդ ազնվությամբ է նա բեմում զորավոր: Հենց դրանով էլ՝ միաժամանակ նաև ծիծաղելի, իսկ ինչքան ծիծաղելի, այնքան բարի, ինչքան ծիծաղելի, այնքան ազնիվ:
… Ծիծաղը գին չունի, ծիծաղն անգին է: Բայց այդ ծիծաղը միայն իր ծիծաղը չէ, դա հայ ժողովրդի ծիծաղի խաչվանքյանական տեսակն է: Խաչվանքյանի ծիծաղի մեջ լավատեսություն ու հավատ կա: Զարմանալի է՝ ինչպե՞ս է դա արտահայտվում: Բաղադրության մեջ է, դժվար է տարրալուծել այդ ծիծաղի պես-պես հատկանիշները: Առանց հավատի՝ հայ մարդը չի կարող ծիծաղել: Ապրեցնող ծիծաղի համար է նա սիրում Խաչվանքյանին…
Ծիծաղը երևի գին չունի, ծիծաղն անգին է…
Ժիրայր Անանյան
Աղբյուրը` Լուսինե Զաքարյան Lousine Zaqaryan ֆեյսբուկյան էջ