Նա կրակեց իր քունքին` հասկանալու համար, թե այդ երկուսից այն կողմ ինչ կա
Իր էության անհարմարությունը զգալով` Վան Գոգը փորձեց հասկանալ իր ներկայության իմաստը: Եվ ընդհանրապես` նյութեղեն գոյության խորհուրդը: Իր բոլոր զգայարաններով շոշափեց նյութը` ամենակոշտ առարկաները, մարդկանց խոժոռ, գետնակոր կերպարանքները, նրանց դեմքերն ու անտաշ ձեռքերը, կորդապատառ հագ ու կապը, ամրափայտ աթոռն ու սեղանը, կոշկոռ կարտոֆիլ ուտողների բիրտ մակատեքստն ու, նույնիսկ, նրանց շարժումների նյութականությունը… Առարկայի մեջ թափանցելու, նրա միջուկը տնտղելու նպատակով իջավ հանքախորշերը: Ու առարկան կախեց հոգուց և սկսեց քարոզել փրկարար հոգու զորությունն ու բանականությունը, հավերժությունը: Բայց սեփական գոյի տառապանքը չնվազեց. ճար չուներ ու ելք: Հոգու անասելի ու անմիտ ցավերից սկսեց աջ ու ձախ ընկնել, դուրս եկավ հանքախորշից, հեռացավ առարկայի կամքից ու կոնկրետությունից, տագնապահար վրձինը պտտեցնում էր իր շուրջը` ընդարձակ ու լայն` գտնելու հույսով որևէ հենակայան, ուր իր հոգեմաշ անձկության և վայրագ ձանձրախտի ոտքերը կկապեր և որտեղ կջարդեր ներչարչարանքի աննպատակությունը: Ու քարոզիչ Վան Գոգը դարձավ աղաղկող, բոռացող, վտարակ, պտտեցրեց իր հուսալքությունը, պտտեցրեց և գծեց արև… Արևը մեծացրեց-մեծացրեց և մեծացրեց-մեծացրեց և դարձրեց Աստված: Քրիստոնյա Վան Գոգը փոխակերպվեց արևապաշտի: Քարոզիչը դարձավ հեթանոս: Այդ էլ չփոքրացրեց նրա տառապանքը: Եվ նա կրակեց իր քունքին` հասկանալու համար, թե այդ երկուսից այն կողմ ինչ կա և որտեղ կարող է հանգստացնել իր գոյության ծուռումուռ անիվներով սայլը:
Աղասի Այվազյանի էսսեներից
Անի Փաշայանի ֆեյսբուկյան գրառումներից