«Նա թարգմանում է մարդու հոգին». Սոս Սարգսյան
Հայ թատրոնում Սոս Սարգսյանը եղավ այն «բարձրացող աստղը», որը առաջին իսկ դերերով հասարակությանը ներշնչում է թատերական նոր կուռքի ծննդյան` հայտնության ժամը: Սոս Սարգսյանն անցավ բնական ու ներդաշնակ զարգացման ճանապարհ` առանց հրավառությունների և անվանը կից աղմուկների, առանց թատերական ազդագրերի մեծախոստում հանձնարարականների և թատերագիտության շռայլ գուշակությունների: Նա հենց սկզբից ռեալիստական, բնական, իրականությանը մոտ կանգնած, ներքին ապրումների խաղաոճի կրողներից մեկը եղավ: Երկար տարիներ, ավելի քան տասնամյակ նա հավատարիմ մնաց բեմական խաղի այդ դավանանքի ոչ թե միօրինակ պատկերագրությամբ, այլ դրա տարբեր ու յուրօրինակ արտահայտություններով: Այդ դավանանքի բարձրակետը եղան վերջին դերակատարումները Գ. Սունդուկյանի անվան թատրոնում և «Հայֆիլմ» կինոստուդիայում: Դրանք են` Մացակ Ավագյանը` սունդուկյանցիների «Հացավան» ներկայացման մեջ (ռեժիսոր` Խորեն Աբրահամյան) և Նահապետը` համանուն ժապավենում (ռեժիսոր` Հենրիկ Մալյան): Երկու միանգամայն տարբեր բնավորություն, կերպար, երկու տարբեր վարքագիծ ու հոգեբանություն, երկու տարբեր խառնվածք ու կենսագրություն, որոնք ի դեմս Սոս Սարգսյանի ունեցան իրենց անվրեպ մարմնացնողին: Երկու դերակատարումներն էլ ունեցան հանդիսանքային մեծ հաջողություն. Նահապետը` համամիութենական էկրանի հեռուստատեսային ցուցադրությամբ, Մացակ Ավագյանը` Մոսկվայում և Կիևում սունդուկյանցիների հյուրախաղային շրջագայությունների ժամանակ: Եվ Նահապետը, և Մացակ Ավագյանը սերում են հայ գեղարվեստական արձակից, Հր. Քոչարի և Ն. Զարյանի ստեղծագործություներից, ուրեմն և նրանց կերպարները հասարակության աչքում ունեն գրական տպավորություն թողնելու համար, պետք է զորություն ունենա գտնելու գրական կերպարներին համարժեք հանդիսանքային տարբերակները: Մանավանդ որ այդ կերպարները արդի հայ արձակի մեջ ունեն որոշակի գեղարվեստական կշիռ: Սոս Սարգսյանը երկու կատարումով էլ լուծել է իր առջև ծառացած սկզբունքային խնդիրը: Ինչպես վեպում, «Հացավանի» յուրօրինակ բեմավորման մեջ ևս Մացակ Ավագյանը երևում է իբրև ուժեղ անհատականություն, որը նրանցից, ովքեր ամբողջ էությամբ դեմ էին գյուղական տնտեսությունների համայնացմանը և այլևայլ միջոցներով, այս անգամ ոչ թե կրակոցներով, այլ գերազանցապես «որոգայթներ» հյուսելու վարքով, գործի են դնում դիմադրության ուժը: Սոս Սարգսյանի Մացակ Ավագյանը, ինչպես վիպական կտավում է, կամային, ուժեղ խառնվածք է, գյուղի հեղինակություն, նաև հրաշալի տնտեսվար է` այդ հասկացության ավանդական բովանդակությմբ: Նաև գյուղական անցուդարձին քաջածանոթ, մարդկային թուլությունների վրա հմտորեն «խաղալու» ընդունակության տեր, խորամիտ անձնավորություն է: Ի տարբերություն համայնքային կենցաղի թշնամիների արտաքին-պլակատային-սխեմատիկ կաղապարների, Մացակ Ավագյանին Սոս Սարգսյանը ներկայացնում է ներքին, հոգեբանական շարժումներով, այնքան բնական ու այնքան կենդանի, որ թվում է, թե նրա նախատիպարը, ճեղքելով ժամանակն ու տարածությունը, 30-ական թվականների գյուղական միջավայրից եկել-հասել է մեր օրերը` 20-րդ դարավերջը: Սոս Սարգսյանի մարմնավորած Մացակ Ավագյանը բավարարում է «մոնումենտալ կերպար» հասկացության բոլոր տվյալները. այդ կերպարը գյուղական իրականության` հոգեբանության և վարքագծի, զանգվածային մի բեկորեն է, այդ իրականության խտացումը, ուր ամեն ինչ` սկսած խոսվածքի կոլորիտային հնչերանգից մինչև պահվածքը, կեցվածքը, շարժվածքը դերասանը ներկայացնում է մանրամասների և կերպարի ամբողջական էության հրաշալի ձուլվածքով: «Հացավանի» բեմավորման մեջ Մացակ Ավագյանը համեմատաբար քիչ խոսք ունի, բայց նրա խոսքի բնագիրը հարստացված է ենթաբնագրային այնպիսի բառ ու բանով, ուր քիչ, համառոտ խոսքը թողնում է ընդարձակի տպավորություն: Նահապետն արդեն ոչ միայն լռակյաց, սակավախոս է, այլև «Նահապետ» կինոժապավենում գործողությունների ծավալման ամբողջ ընթացքում արտասանում է ընդամենը մի քանի բառ-ռեպլիկ: Այդուամենայնիվ, Սոս Սարգսյանի Նահապետը թողնում է անջնջելի տպավորություն: շարունակելի Սուրեն Աղաբաբյան «Դասականներ և ժամանակակիցներ»