Նա գրքից և գրելուց դուրս կյանք չուներ, ուրիշ հաճույք չգիտեր
Նա լինելով չունևոր ընտանիքի զավակ, նյութական ծանր զրկանքների տակ, ավարտելով Շուշվա քաղաքային դպրոցը, տակավին պատանեկան հասակում նետվեց կյանքի պայքարի մեջ` ընտանիքի ապրուստը հոգալու համար:
Անսպառ եռանդի տեր և չափազանց աշխատունակ` նվիրվեց ինքնակրթության և իրենից շիկնեց-կերտեց գրական այն ուժը, որ երկար տարիներ եղավ տիրապետող դեմքերից մեկը կովկասահայ հասարակության մտավոր կյանքի մեջ:
Որպես ինքնաշխատությամբ ստեղծված մի մեծություն, շատ հետաքրքրական օրինակ է Լեոն:
Հազիվ կարելի էր գտնել այդքան չարաչար աշխատող մի մարդ: Անշուշտ դրան նպաստում էր և իր ուժեղ, առողջ ֆիզիկական կազմը:
Առանց ժամանակ կորցնելու, անընդհատ պարապում էր, կարդում ու գրում, գրում ու կարդում դպրոցի օրերից մինչև ծերություն, մինչև աչքերի կես կուրության հասնելը:
Նա գրքից և գրելուց դուրս կյանք չուներ, ուրիշ հաճույք չգիտեր. եզակի ընթերցասեր էր, գրապաշտ, գրամոլ: Տարին մի քանի անգամ հազիվ կհանդիպեիր նրան դուրսը, փողոցում, հանդեսներին, հասարակային հավաքույթներին:
Ինչե՜ր չէր կարդացել և ինչե՜ր չէր կարդում – գեղարվեստական գրքեր, քննադատական, աշխարհագրական, պատմական, գիտական, փիլիսոփայական: Ռուսական ինքնուրույն և թարգմանական ծով գրականությունը լափում էր և չէր հագենում: Իսկ հայերեն հին ու նոր գիրք չկար, որ նրան անծանոթ լիներ: Անհուն էր նրա հարցասիրությունը:
Տասնևութ տարեկան հասակից ոտք դրեց գրական ասպարեզի մեջ` յուրացնելով Շպիլհագենի նշանավոր վեպի հերոսի Լեո անունը, և ամբողջ 55 տարի գրիչ բռնեց և մեռավ գրիչը ձեռքին:
Լինելով Գր. Արծրունու խանդավառ աշակերտը, իր կրքոտ խառնվածքի բոլոր թափով արծարծեց և ժողովրդականացրեց իր պաշտած վարպետի լիբերալ տեսությունները և անողոք պայքար մղեց հայկական պահպանողական հոսանքների դեմ:
Շատ հաճախ աչառու և կուսակցամոլ` նրա գրիչը թույն էր հղում և նշտարի սրություն ուներ:
Ավ. Իսահակյան