«Նա ամեն ինչ անում էր զուսպ ու չափավոր». Լուսինե Զաքարյան
Մենք երիտասարդ էինք: Խորեն Պալյանը ամենշաբաթյա էքսկուրսիաներ էր կազմակերպում դեպի Հայաստանի տարբեր վանքերը: Շրջում էինք, ուսումնասիրում, զվարճանքներ կազմակերպում: Աշտարակի վանք կատարած այցելությունից իբրև հուշ մնաց այս նկարը, որը ձեզ եմ ներկայացնում:
Մեր շրջայցերի մշտաներկա հյուրն էր Լուսինե Զաքարյանը: Եվ նա էլ զարդարում էր մեր զբոսայցերը իր անգերազանց երգեցողությամբ: Սքանչելի կին էր Լուսինեն. մարդը լրացնում էր երգչուհուն: Երբ երգում էր, կարծես հաղորդակցվում էր երկնային ուժերի հետ, երբ չէր երգում, նա սովորական, բայց նույնքան էլ անսովոր երկրային էակ էր: Բարի էր անչափ, ժպիտը` միշտ դեմքին, և չափազանց միամիտ էր: Կարծես վերացած լիներ նյութական աշխարհից, իր համար, երգից բացի, ոչինչ գոյություն չուներ: Հիշում եմ. մի անգամ նրանց տանն էինք, երբ հյուրասիրելիս մանկական անկեղծությամբ հարցրեց Խորենին. «Ազնո՛ ջան, աղամանը որտե՞ղ է»: Բոլորս գիտեինք, որ Լուսինեն ջերմեռանդ հավատացյալ էր, ողջ հոգով նվիրված աստծուն: Պալյանը պատմում էր, որ աշխատավարձ ստանալիս միշտ խաչեր էր գնում: Միևնույն ժամանակ աշխույժ էր Լուսինեն և հրաշալի մարդ էր ընդհանուր առմամբ: Մարդամոտ էր, շփվում էր բոլորիս հետ, զրուցում, հարցեր տալիս, պատասխանում հարցերին: Ճանապարհին անեկդոտ կամ զվարճալի պատմություններ պատմելիս ինքն էլ մյուսների հետ ծիծաղում էր բարձրաձայն: Բոլորս էինք կատակում, ծիծաղում, ուտում Խորենի պատրաստած խորովածները, Լուսինեն էլ` մեզ հետ միասին, միայն թե նա ամեն ինչ անում էր զուսպ ու չափավոր:
Մի անգամ` շրջայցերից մեկի ժամանակ, երբ նկատեցինք, որ Ռաֆայել Իշխանյանը վանքից քիչ այն կողմ պառկել է կանաչների մեջ ու հանգստանում է, աղջիկներով մոտեցանք նրան ու շուրջպար բռնեցինք: Լուսինեն ևս միացավ մեզ, պարում էինք միասին, կատակում ու ծիծաղում: Սակայն բոլորովին այլ էր նա, երբ եկեղեցու կիսամութի մեջ երգում էր: Իսկ նրա երգեցողությունը մեր զբոսայցերի պարտադիր մասն էր կազմում: Երգում էր Լուսինեն, ու ձայնի գեղգեղանքը տարածվում էր կամարների տակ: Շրջապատում էինք նրան, հմայված լսում: Բայց միայն մենք չէինք: Նրա ձայնը հրավեր էր կարդում մերձակա գյուղաբնակներին, ու մարդիկ կախարդված` գալիս էին աստծո տուն` հաղորդակից լինելու Լուսինեի` երգի ձևով հնչեցրած երկնառաք աղոթքին: Անմոռաց են այդ կատարումների թողած տպավորությունները, որոնց մեջ երգչուհին փայլում էր իր ողջ շուքով:
Շողիկ Ստեփանյան
Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ