ՆԱՐԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ. «Վտանգված է մեր պետականությունը»
«Ժամանակը կերտողները» նախագծի շրջանակներում այսօր կզրուցենք լրագրող Նարե Գրիգորյանի հետ:
— Ինչպե՞ս սկիզբ առավ Ձեր մասնագիտական ուղին:
— 2006 թվականին ավարտեցի Սլավոնական համալսարանի լրագրության ֆակուլտետը և քսան օր անց աշխատանքի անցա «Նոյյան տապան» լրատվական գործակալությունում, ինչը հրաշալի դպրոց եղավ սկսնակ լրագրողիս համար։
Վեց տարի անց, սակայն, թողեցի այդ աշխատանքը և ամբողջովին նվիրվեցի որդուս դաստիարակությանը։ Ճիշտն ասած, միտք չունեի վերադառնալու լրագրությանը, ցանկանում էի ավելի հանգիստ կյանքով ապրել, և հետագայում՝ 2013-ին աշխատեցի
կոմունիստական կուսակցությունում՝ որպես ղեկավարի օգնական, 2016-ից գործունեություն ծավալեցի պետական ոլորտում։ Իսկ 2018-ի հայտնի դեպքերից հետո հասկացա, որ պետք է դարձյալ ձեռքս վերցնեմ լրագրողի գրիչն ու ահռելի ծավալի աշխատանք սկսեմ կատարել, քանզի հայ ժողովուրդը աչքերը փակած՝ գնում էր դեպի կործանում, բառի ամենալայն իմաստով։
— Կխոսե՞ք Ձեր ստեղծագործական ձեռքբերումներից:
— Ինչպես արդեն նշեցի, 2018-ի իշխանափոխությունից ամիսներ անց սկսեցի հանդես գալ հրապարակային հոդվածներով, և աղաղակել, որպեսզի մարդիկ սթափվեն, ուշքի գան, հասկանան, որ էյֆորիկ, դեկլարատիվ, գաղափարազուրկ իրականությունը տանելու է դեպի սոսկալի փակուղի։ Ես արժանացա հանրային պարսավանքի, երեխայիս թիրախավորեցին։ Մարդիկ հավատում էին, որ գնում են դեպի պայծառ ապագա, և մտածում էին, որ ես անձնական հարցեր եմ լուծում։ Իրավիճակն է՛լ ավելի սրվեց, երբ կանգնեցի նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողքին, ով այդ ժամանակ բանտում էր։ Օրեցօր, ժամ առ ժամ իմ ու փոքրաթիվ ընկերներիս քրտնաջան ու համառ աշխատանքը, ի վերջո հանգեցրեց նրան, որ հանրության վերաբերմունքը 70-80 տոկոսով փոխվեց, տեսան՝ ով ով է, ով է պետականամետը և ով է ազգակործան պատուհասը, ով է տնտեսություն զարգացնողը և ով է մեր տունը քանդողը, ով է Արցախ ազատագրողն ու ով է Արցախ հանձնողը։ Իմ գլխավոր ձեռքբերումն եմ համարում, որ մարդիկ այդքանը գիտակցեցին, և 2021-ի խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» դաշինքը ստացավ մոտ 300 հազար ձայն, մինչդեռ 2018-ին նախագահ Քոչարյանի անունը չէին ուզում լսել։
— Ի՞նչ առաքելություն ունեք Դուք՝ որպես հայ և որպես մասնագետ:
— Կարծում եմ, ցանկացած մտավորական հայի հիմնական առաքելությունը իր հայրենակիցներին օգնելն է, որպեսզի նրանք ավելի կիրթ, ավելի զարգացած, ավելի համակողմանի մտածելակերպ ունենան։ Միշտ ասել ու հիմա էլ կրկնում եմ՝ մեր բոլոր դժբախտությունները գալիս են անգրագիտությունից ու մակարդակի բացակայությունից։ Այսօրվա դրությամբ հատկապես գյուղական շրջաններում երեխաները հաճախ նույնիսկ դպրոց չեն հաճախում, ուստի ինչպիսի՞ իրավագիտակցություն են նրանք ունենալու ապագայում՝ որպես ՀՀ քաղաքացի, և ինչպիսի՞ իշխանություն են ընտրելու՝ կարելի է միայն սարսափով ենթադրել։
— «Կրթված կանայք հասարակության համար գանձ են»,-ասել է Մխիթար Գոշը: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այս միտքը:
— Ոչ միայն կրթված կանայք, այլ առհասարակ, միայն կրթված քաղաքացին կարող է կերտել իր կյանքն ու ճակատագիրը, ինչպես արդեն ասացի քիչ առաջ։ Սակայն կնոջ վրա, իսկապես, շատ ավելի մեծ խնդիր է դրված բոլոր ժամանակներում, քանզի նա մայր է, իր երեխայի համար կամուրջ է՝ արտաքին աշխարհի հետ կապող, և միայն վեհ արժեքների տեր մայրն է ի վիճակի իր զավակին փոխանցել այդ իսկ արժեքները։ Այս համատեքստում ուզում եմ հիշեցնել նաև Պիեռ Բոմարշեի խոսքերը․«Բնությունը կնոջն ասել է․«Գեղեցիկ եղիր, եթե կարող ես, իմաստուն՝ եթե ցանկանում ես, բայց խելամիտ պետք է լինես անպայման»։
— Ինչ է տալիս մեզ՝ հայերիս, գերմանացի գիտնական Հենրիխ Շլիմանի այն վկայությունը, թե. «Եվրոպայի դժբախտությունն այն էր, որ նա որպես քաղաքակրթական հիմք ընդունեց Հունաստանը, և ոչ Հայաստանը»:
— Իսկապես, եթե Եվրոպան որդեգրեր որոշակի հայկական արժեքներ, միայն շահած կլիներ, այսօր կանգնած չէր լինի այն անբարոյականության աղբի մեջ, որում կանգնած է։ Ընդ որում, մարմնական անբարոյականությունն այնտեղ վաղուց արդեն փոխակերպվել է հոգևորի, քայքայել հազարամյակներ առաջվա եվրոպական քաղաքակրթությունը։ Հայերիս, իհարկե, շոյում են այդ խոսքերը, բայց մենք երբեք չենք կարողանում ի շահ մեզ օգտագործել մեր իսկ առավելությունները։ Մենք այսօր նույնիսկ ադեկվատ արտաքին քաղաքականություն չունենք, գնում ենք ՝ ուր քամին փչի, ոչ Եվրոպայի, ոչ ԱՄՆ-ի, ոչ էլ անգամ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ մեր հայրենի իշխանությունները հստակ հարաբերվելու ծրագիր չունեն, տեսլական չունեն, «իզմ»-երի բացակայությունը փաստացի գաղափարախոսության բացակայությունն է։
— Ո՞րն է Ձեր գաղափարախոսությունը:
— Իմ գաղափարախոսությունը ազգայինի և սոցիալիստականի սիմբիոզն է, այսինքն՝ պահպանելով ու զարգացնելով հայկական ավանդական արժեքները, ձգտել կառուցել սոցիալիստական հասարակարգ, որտեղ կլինի հավասարություն և սոցիալական արդարություն։ Պետությունը պետք է հոգա, որպեսզի բոլորն ունենան աշխատանք, ապահովի անվճար կրթություն և բուժօգնություն։
— Ի՞նչն է խանգարում մասնագիտական ունակությունները ռեալիզացնելուն:
— Մասնագիտական աշխատանքում դեռևս լուրջ խնդիրների չեմ հանդիպել, սակայն առհասարակ լրագրողների համար վերջին տարիներին փորձում են ստեղծել անտանելի պայմաններ՝ սահմանափակելով նրանց ազատությունը տարբեր օրինագծերով և դրույթներով։ Ժողովրդավարությունը Հայաստանում իրականում զրոյական մակարդակի վրա է, որտեղ մեկ գրված բառի համար կարող են հրավիրել ԱԱԾ կամ մեկ ֆեյսբուքյան լայքի համար ազատել աշխատանքից։
— Ձեր վերաբերմունքը այսօրվա իրականությանն ինչպիսին է:
— Այսօրվա իրականությունը շարունակում է մնալ խիստ անհանգստացնող, քանզի թշնամին կատարել է իր մինիմալ ծրագիրը՝ օկուպացնել հայկական Արցախը, և հիմա էլ ձգտում է կատարել իր մաքսիմալ ծրագիրը՝ օկուպացնել Սյունիքը և ողջ Հայաստանը։ Թշնամուն այդօրինակ հանդուգն պահվածքի համար կանաչ լույս է վառել մեր հակահայ իշխանությունը, որից օր առաջ պետք է ձերբազատվել։
— Ինչպիսի՞ հայրենիք կցանկանայիք ավանդել գալիք սերունդներին:
— Ես ինը տարեկան էի, երբ սկսվեց արցախյան առաջին պատերազմը, որդիս ինը տարեկան էր, երբ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը։ Ի՞նչ է սպասվում իմ ապագա թոռնիկին, երբ նա կլինի ինը տարեկան՝ չեմ կարող ասել։ Մեր ապագան, այսպես շարունակելու դեպքում, շատ մշուշոտ է, վտանգված է մեր պետականությունը։ Այսօր հազարավոր հայրենակիցներ փողոցում կռիվ են տալիս Հայաստանի և Արցախի համար, փորձում հեռացնել երկիրը ծնկի բերած կառավարությանը։ Միայն հաջողելու դեպքում կունենանք անվտանգ և ապահով հայրենիք, ինչը և մաղթում եմ գալիք սերունդներին և հույս հայտնում, որ նրանք չեն կրկնի մեր սերնդի սխալները։
ՄԱԳԱՂԱԹՑԻ