ՆԱԻՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ. «Մեր զավակները բերելու են ա՛յն ապագան, որի համար սերունդներ են սրբանում…»
«Ժամանակը կերտողները» նախագծի շրջանակներում այսօր կզրուցենք բանաստեղծ, թարգմանիչ ՆԱԻՐԱ ՍԻՄՈՆՅԱՆԻ հետ:
— Ինչպե՞ս սկիզբ առավ Ձեր ստեղծագործական ուղին:
— Իմ սերն առ գրականություն վաղ տարիքից է եղել, մոր և մանկան փոխկապվածության նման մի բան է դա. նրան վստահել եմ իմ կյանքի «խաչելությունն ու հարությունը»: Չգիտեմ, գուցե մեր տան «մթնոլորտն» է նպաստել դրան, երբ հաստափոր գրքերի և հազարաթերթ տետրերի տրցակներն ամենուր էին՝ պահարանների գզրոցներում, պատուհանագոգերին, սեղաններին և երեկոյան դպրոցից
վերադառնալով՝ մանկավարժ ծնողներս կռթնում էին դրանց առջև, հաճախ նաև մեզ՝ զավականերիս, «օգնության» կանչում…
— Կպատմե՞ք Ձեր ստեղծագործական ձեռքբերումներից:
— Վաղ հասակից եմ ստեղծագործել: Առաջին բանաստեղծությունս տպագրվել է «Պիոներ» ամսագրում, երբ 12 տարեկան էի: Ամսագրի ավագ գրական աշխատող, բանաստեղծ Մաքսիմ Ոսկանյանը խրախուսական նամակներով առաջնորդում էր թոթովախոսիս.
— Տերյանական հայրենիքն է քո մեջ,- գրում էր նա,- շարունակիր ստեղծագործել, օրեցօր նկատում եմ քո հասունացումը:
Գրել եմ, երբ զգացել եմ, որ խուսափելն անհնար է… անփույթ եմ եղել, շատ անգամ, նույնիսկ, կողքի եմ շպրտել թերթերն ու անխնա այրել,
սակայն, անառակ որդու նման վերադարձել եմ բառիս, ներում հայցել ու շարունակել…
Բանաստեղծական հինգ և թարգմանական չորս ժողովածուներ եմ հրատարակել Հայաստանում և Ռուսաստանի Դաշնությունում, հայերեն եմ թարգմանել ժամանակակից ռուս բանաստեղծների ստեղծագործությունները՝ արժանանալով «Բառը կապող թել» միջազգային մրցույթի մրցանակի:
Կազմել և թարգմանության եմ ներկայացրել նաև հայ գրականության 16-ից ավելի հեղինակների ստեղծագործություններ՝ նպատակ ունենալով Արևմտյան Սիբիրի մարզերում, Տյումենի տարածաշրջանում տարածել մեր անզուգական պոեզիայի հմայիչ «գեղգեղանքն» ու մեղեդայնությունը:
— Ի՞նչ առաքելություն ունեք Դուք՝ որպես հայ և որպես մասնագետ:
— Կյանքը բարդ և հակասական իրողությունների արգասիք է: Ինձ թվում է՝ եթե մարդ արարածի հոգու մեջ բազում փորձություններից ու դժվարին ելևէջներից հետո մի կենսական շող է դեռ փայլփլում, ապա այն անպայման մշակույթի աստծո «աչքից» է: Մեր լեզուն, գրականությունն ու մշակույթը հենց այդ կենսատու շողերն են. օտար ափերում ես փորձում եմ վառ պահել հայ գրականության, հայոց մշակույթի ջահը:
Թե որքանով եմ հաջողում՝ կդատեն սերունդները:
— «Կրթված կանայք հասարակության համար գանձ են»,-ասել է Մխիթար Գոշը: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այս միտքը:
— Համաշխարհային գրականության և պատմության մեջ բազում էջեր կարելի է գտնել՝ հաստատելու համար այս միտքը: Բայց մեր հերոսուհիները մեզանում են և, ես ավելի շատ կուզենայի, որ մեր սերունդը սևեռվի մեր առասպելի և կենսափորձի վրա: Կինն է, որ իր նրբին ուսերին տանում է աշխարհի բեռը, նեցուկ կանգնում տղամարդուն, օջախ հիմնում ու այն լցնում աննկարագրելի մի հրաշքով՝ կյանքով: Սրանք սոսկ բառեր չեն, եթե պատմության խորքը նայելու թերացում էլ ունենանք, ապա 44-օրյա պատերազմը կվկայի մեր զավակների էպոսային բնույթի ու սխրանքների, հայ մայրերի նվիրական վարքի ու ծով- համբերության, «արցունքի Կաթնաղբյուրից» կյանքը բուռ-բուռ վերաշինելու աննահանջ մղումների մասին:
Կինը բնության զարդն է, կրթված կինը՝ կատարյալ սևեռումն Աստծո… դրեք նրա ափերի մեջ այս փոքրիկ հողագունդն ու այն կծաղկի, ինչպես նրանում նոր կյանքն է ծաղկում…
— Ինչ է տալիս մեզ՝ հայերիս, գերմանացի գիտնական Հենրիխ Շլիմանի այն վկայությունը, թե. «Եվրոպայի դժբախտությունն այն էր, որ նա որպես քաղաքակրթական հիմք ընդունեց Հունաստանը, և ոչ Հայաստանը»:
— Քաղաքական միտում եմ տեսնում սրանում, համաշխարհային պատմության ոճրագործները փորձում են մարդ արարածին ամեն կերպ շեղել բարոյական և հոգևոր նորմերից, ամեն ինչ արել և անում են՝ հենվելով մեր թափթփվածության և անկազմակերպվածության վրա, դրան աջակցում է մեր անուսը: Այս և նմանատիպ վկայությունները ոչինչ են, եթե մեր ազգային սևեռումը չկենտրոնանա իր մշակույթի, կենսափորձի և այս ամենն ընդհանարացնող հոգևոր և ֆիզիկական զորության վրա:
— Ո՞րն է Ձեր գաղափարախոսությունը:
— Նեցուկ լինել ժողովրդիս, մարդկությանը,փարոս դառնալ կյանքի փոթորկուն ծովին, մոլորյալ հոգիներին խաղաղ ափերը դուրս բերելու շնորհ ունենալ:
— Մերօրյա իրականությունն ինչպե՞ս է արտացոլվում Ձեր ստեղծագործություններում:
— Ես հայ ժողովրդի մասնիկն եմ, ինձանում կորիզված է «հայոց հոգևոր և ֆիզիկական ծառի» բույրն ու գույնը, նրա ցավն ու ժպիտն են իմ հոգում, դեմքին ու ստեղծագործություների մեջ.
«Պտղի գույնը կա ծառերի խորքում.
Մենք արձագանքն ենք մեր նախնիների…
Այսպես, կորիզված իրար ենք դառնում
Ես՝ քեզ, դու էլ՝ ինձ, Երկիր Նաիրի»:
Այս քառատողն իմ բանաստեղծությունից է, ավելի բնութագրական բան դժվար կարողանամ ասել: Որքան էլ կյանքն ինձ ապտակի և լլկի՝ ես, միևնույն է, նրանից (իմ հայրենիքից) չեմ պոկվելու: Հավատացնում եմ, օտար ափերում ինձ հայոց հնչյունն ու բառն են պահել, զարմանալու բան է սա, շշմելու «կենսահյութ» ունի լեզուն՝ հայո՛ց լեզուն, հայո՛ց բառը, հայերենը… երբ ինձ հրավիրում են ելույթների կամ հանդիպումներ են կազմակերպում ինձ հետ ՌԴ տարբեր քաղաքներում, դպրոցներում, համալսարաններում, ես պոեզիան ընթերցում եմ հայերենով, թվում է՝ օտար մշակույթին պատկանող հանրությունը պիտի ձանձրանա այլ լեզվով հնչող ստեղծագործություններից, բայց դա այդպես չէ, այստեղ տեղի է ունենում հակառակ պրոցեսը. ինձ սիրով են ունկնդրում, շնորհակալություն հայտնում, դարձյալ հրավիրում…
Աննկարագրելի գեղեցի՜կ իմ լեզու, իմ հայերե՜ն, իմ մեսրոպատա՜ռ մեղեդի, իմ օգնակա՜ն, փրկի՜չ, իմ սիրասո՜ւն…
— Ի՞նչն է խանգարում մասնագիտական ունակությունները իրականացնելուն:
— Չեմ կարծում, որ խութերն ու բարդությունները կարող են խանգարել անհատին, եթե նա կենտրոնացած է, հստակ գիտի իր անելիքն ու անշեղ գնում է իր նպատակին:
— Ձեր վերաբերմունքը այսօրվա իրականությանն ինչպիսի՞ն է։
— Դժվարին, բարդ ժամանակներ են: Բայց, եկեք խոստովանենք, որ կյանքը մեզ չէր խոստացել դյուրին ու հարթ ճանապարհ. հիմա, այստեղ, այս ժամանակահատվածում է մեզ տրվել կյանքի ամբողջական և թերի խաղերի մասնակիցը դառնալու խաղաքարտը:
Ապաշնորհ քաղաքական գործիչներ ունենք, անուս ու անտեղյակ «առաջնորդներ», բայց, փառք Աստծո, հրաշալի սերունդ է գալիս, սա է, որ հանգիստ չի տալիս մեր արտաքին և ներքին թշնամիներին: 44-օրյա պատերազմը բացահայտեց չարի և բարու, լույսի և ստվերի առճակատումը՝ մեր հոգիներում: Այնքան պարզ ու տեսանելի դարձան մարդու մեջ եղած լույսն ու խավարը…
Հավատում եմ իմ ժողովրդի հոգևոր զարթոնքին, մեր լեզվի, բազկի զորությանը …
Մեր զավակները բերելու են ա՛յն ապագան, որի համար սերունդներ են սրբանում…
— Ինչպիսի՞ հայրենիք կցանկանայիք ավանդել գալիք սերունդներին:
— Գիտեք, ինչ-որ բան ավանդելը բավականին բարդ բան է, քանի որ աշխարհը գերարագությամբ է փոփոխվում: Այս ընթացքի մեջ, հարկավոր է «կարգի բերել» սեփական աշխարհը, ինձ բաժին հասած (գուցե վաստակած) տարածքի խավարը ցրել՝ սեփական հոգու լույսով՝ դրանով իսկ նպաստելով սերունդների դաստիարակությանը: Հիմա դա եմ փորձում անել, եթե հաջողեմ՝ ուրախ կլինեմ:
Փայփայե՛նք մեր հողը, որը մեր սրբազան պապերի և որդիների արյունով է պահվել, լույս փռենք նրա վրա, հարստացնենք և շենացնենք այն, անկեղծ լինենք նրա հանդեպ… Իսկապես դժվար, պատասխանատու գործ է սա: Սեփական աշխարհի մաքրությամբ է ստացվելու այս գործընթացը, ինչի մասին խոսեցի:
ՄԱԳԱՂԱԹՑԻ