Մտածեցեք մահացողի վիճակի մասին, երբ նույն պահին ամբողջ մի բազմություն, հեռախոսի մոտ կամ սրճարաններում, խոսում է պայմանագրերի, նավերի բեռնավորման կամ բեռնաթափման, զեղչերի մասին
Ժանտախտը
Եթե հնարավոր է բանտարկության մի տեսակը հասկանալի դարձնել մեկ ուրիշի նկարագրությունով, ուրեմն հնարավոր է նաև իրապես գոյություն ունեցող մի վիճակ հասկանալի դարձնել գոյություն չունեցողով: Դանիել Դեֆո
Այն հետաքրքրական դեպքերը, որոնք այս ժամանակագրության նյութն են կազմել, տեղի են ունեցել 194… թվականին՝ Օրանում: Ընդհանուրի կարծիքով ոչ սովորական բնույթի այդ դեպքերի համար ճիշտ քաղաքը չէր ընտրված: Առաջին հայացքից, իսկապես, Օրանը մի սովորական քաղաք է, ոչ ավելին, քան ֆրանսիական մի պրեֆեկտուրայի կենտրոն՝ ալժիրյան ծովափին:
Քաղաքն ինքը, պետք է խոստովանել, տգեղ է: Նա ունի խաղաղ տեսք և որոշ ժամանակ է պետք նկատելու համար, թե ինչն է նրան տարբեր դարձնում երկրագնդի նույն լայնության բոլոր աստիճանների վրա գտնվող այնքան ուրիշ առևտրական քաղաքներից: Օրինակ, ինչպես պատկերացնել մի քաղաք առանց աղավնիների, առանց ծառերի, առանց այգիների, որտեղ չես լսում ոչ թևաբախյուն, ոչ տերևների շրշյուն: Կարճ ասած, բոլորովին բացասական մի վայր: Եղանակների փոփոխությունը այնտեղ կարելի է իմանալ միայն երկնքից: Գարունն իր գալուստը ազդարարում է օդի որակով կամ ծաղիկների զամբյուղներով, որ մանրավաճառները բերում են արվարձաններից և շուկաներում գարուն են ծախում: Ամռանը արևը հրդեհում է շատ չոր շենքերը և նրանց պատերը ծածկում գորշ մոխրով: Այդ ժամանակ կարելի է ապրել միայն փակ փեղկերի ստվերում: Աշնանը, ընդհակառակը, ցեխաջրի հեղեղ է: Հաճելի օրերը միայն ձմռանն են լինում:
Որևէ քաղաք ճանաչելու ամենաճիշտ ձևերից մեկն էլ իմանալն է, թե ինչպե՞ս են այնտեղ աշխատում, ինչպե՞ս են սիրում և ինչպե՞ս են մեռնում: Մեր փոքր քաղաքում, կլիմայի ազդեցությունի՞ց արդյոք, այդ երեքն արվում են նույն մոլեգնությամբ, բայց և միաժամանակ անտարբեր տեսքով: Նշանակում է, որ մեզ մոտ բոլորն էլ, ձանձրանում են, և ձանձրույթից էլ սովորույթներ են ձեռք բերում: Մեր համաքաղաքացիները շատ են աշխատում, բայց միշտ ավելի հարստանալու համար: Նրանք հիմնակալում հետաքրքրվում են առևտրով և զբաղված են, ըստ իրենց արտահայտության, «գործ անելով»: Բնականաբար ունեն նաև պարզ հաճույքների ճաշակը, սիրում են կանանց, կինոն և ծովում լողալը: Բայց շատ ողջամտորեն նրանք այդ հաճույքները պահում են շաբաթ գիշերվան և կիրակի օրվան՝ մյուս օրերին փորձելով շատ փող աշխատել: Գրասենյակներից դուրս գալուց հետո, երեկոյան որոշակի ժամին նրանք հավաքվում են սրճարաններում, զբոսնում են միևնույն ծառուղիում և կամ մաքուր օդ շնչելու համար նստում են իրենց պատշգամբներում: Երիտասարդների ցանկությունները բուռն են և կարճատև, մինչդեռ ավելի տարիքավորների մոլությունները գնդակախաղի ընկերություններից, ճաշկերույթներից և մեծ գումարով թղթախաղի շրջանակներից հեռու չեն գնում:
Կարող են ասել, անկասկած, որ դա միայն մեր քաղաքի համար հատկանշանական չէ, թե մեր բոլոր ժամանակակիցներն այդպիսին են: Անշուշտ, ոչ մի բան այնքան բնական չէ այսօր, քան տեսնելը մարդկանց, որ աշխատում են առավոտից երեկո, իսկ այնուհետև չգիտեն՝ ինչպե՞ս վատնել ապրելու համար մնացած ժամանակը, թղթախաղո՞վ, սրճարանո՞ւմ, թե՞ շատախոսությամբ: Բայց աշխարհում կան քաղաքներ և երկրներ, որտեղ մարդիկ կասկածում են, թե հնարավոր է ուրիշ ձևով ապրել: Դրանից, ընդհանրապես, նրանց կյանքը չի փոխվում: Միայն հնարավորության կասկածը: Բայց դա էլ օգտակար է, մնում է որպես շահ: Իսկ Օրանը, ընդհակառակը, ակնհայտորեն չտարակուսողների քաղաք է, այսինքն լրիվ ժամանակակից քաղաք: Հետևաբար կարիք չկա ճշգրտելու, թե ինչպե՞ս են սիրում մեզ մոտ: Տղամարդիկ և կանայք կամ շատ արագ իրար հոշոտում են սիրո ակտ կոչվածում, և կամ վարժվում են երկուսով ապրելու սովորույթին: Այս ծայրահեղությունների արանքում հաճախ ոչ մի տարածություն չի մնում: Այս էլ ինքնատիպ չէ: Օրանում կամ մի այլ վայրում ժամանակի և մտածողության պակասի պատճառով մարդիկ ստիպված են իրար սիրել առանց պատճառն իմանալու:
Մեր քաղաքում առավել ինքնատիպը այն դժվարությունն է, որ մեջտեղ է գալիս մահանալիս: Դժվարությունը, սակայն, ճիշտ բառը չէ, ավելի ճիշտ կլիներ խոսել անհարմարավետության մասին: Երբեք հաճելի չէ հիվանդ լինելը, բայց կան քաղաքներ և երկրներ, որոնք հիվանդության ժամանակ, այսպես ասած, քեզ հենարան են դառնում, որտեղ հնարավոր է, ինչ–որ ձևով, կյանքը դասավորել: Հիվանդը կարիք ունի մեղմության, նա բնականաբար սիրում է հենվել ինչ–որ բանի: Բայց Օրանում կլիմայի ծայրահեղությունները, գործերի կարևորությունը, անգույն, գորշ շրջապատը, արագ վրա հասնող մութը և հաճույքների որակը, ամեն ինչ պահանջում է լավ առողջություն: Հիվանդն այնտեղ իրեն շատ մենակ է զգում: Մտածեցեք շոգից ճարճատող հարյուրավոր պատերի հետևում թակարդն ընկած մահացողի վիճակի մասին, երբ նույն պահին ամբողջ մի բազմություն, հեռախոսի մոտ կամ սրճարաններում, խոսում է պայմանագրերի, նավերի բեռնավորման կամ բեռնաթափման, զեղչերի մասին: Կարելի է պատկերացնել, թե որքան անհարմարավետ է թեկուզ ժամանակակից մահը, երբ վրա է հասնում նման մի չոր վայրում:
Այս մի քանի նշումները գուցե բավարար գաղափար են տալիս մեր քաղաքի մասին: Սակայն ոչինչ պետք չէ չափազանցել: Միայն պետք է ընդգծել քաղաքի և նրա կյանքի անշուք տեսքը: Բայց մարդն իր օրերը այնտեղ անցկացնում է առանց դժվարության, եթե արդեն սովորույթներ է ձեռք բերել: Այն ժամանակվանից, ինչ մեր քաղաքը նախապատվություն է տալիս սովորույթներին, կարելի է ասել, որ ամեն ինչ դեպի լավն է գնում: Թեև կյանքն այնքան էլ գրավիչ չէ, բայց, մեզ մոտ անկարգություններ չկան: Եվ մեր անկեղծ, համակրելի և գործունյա բնակչությունն արԺանի հարգանք է վայելում ճանապարհորդների կողմից: Առանց նկարչագեղության, առանց կանաչության և անհոգի այս քաղաքն ի վերջո թվում է հանգստավետ, և այցելուն մնում է այնտեղ գիշերելու: Բայց արդար կլինի ավելացնել, որ քաղաքը կառուցված է հավասարը չունեցող մի բնանկարի վրա, լուսավոր բլուրներով շրջապատված մի լերկ սարահարթի կենտրոնում, կատարյալ գծագրությամբ մի ծովածոցի վերև: Կարելի է ափսոսել միայն, որ քաղաքը ծովածոցին չի նայում, և ծովը տեսնելու համար պետք է այն միշտ որոնել:
Այս բոլորն ասելուց հետո կարելի է առանց դժվարության հասկանալ, թե ինչու մեր համաքաղաքացիները չէին կարող կանխատեսել այդ տարվա գարնանը տեղի ունեցած դեպքերը, որոնք, մենք դա ուշ հասկացանք, լուրջ իրադարձությունների շարանի առաջին կանխանշանները եղան, և որոնց ժամանակագրությունը մենք պիտի անենք: Այդ դեպքերը շատ բնական պիտի թվան ոմանց, իսկ ուրիշներին՝ անճշմարտանման: Բայց ժամանակագիրը չի կարող ուշադրություն դարձնել այս հակասությունների վրա: Նրա պարտականությունը ասելն է միայն՝ «Այս դեպքը տեղի է ունեցել», եթե վստահ գիտի, որ այդ դեպքն իսկապես տեղի է ունեցել, որ այն հետաքրքրել է ամբողջ մի ժողովրդի, և հետևաբար, հազարավոր վկաներ իրենց հոգում պիտի հաստատեն գրվածի ճշմարտացիությունը:
Բոլոր դեպքերում շարադրողը, որի ինքնությունը կբացահայտվի ժամանակին, նման գործի համար պիտանի չէր լինի, եթե պատահականությունը նրան հնարավորություն չտար որոշ թվով վկայություններ հավաքելու, եթե դեպքերի բերումով խառնված չլիներ այն բոլորին, ինչ նա հավակնում է վերապատմել: Այդ բոլորը նրան իրավունք են տալիս պատմաբանի գործ կատարել: Հասկանալի է, որ պատմաբանը, նույնիսկ եթե սիրող է, փաստաթղթեր է օգտագործում: Այս պատմության շարադրողն էլ, հետևաբար, ունի իր փաստաթղթերը, նախ՝ իր վկայությունը, հետո՝ ուրիշներինը, քանի որ իր խաղացած դերով նա հնարավորություն է ունեցել հավաքելու այս ժամանակագրության բոլոր գործող անձանց գաղտնիքները և ձեռքն ընկած փաստագրական նյութերը: Նա այդ բոլորը կօգտագործի, երբ հարմար համարի և այն չափով, որ դրանք նպատակահարմար թվան: Նա նպատակ ունի նաև… Բայց գուցե ժամանակն է վերջ տալու մեկնաբանություններին և նախազգուշացնող խոսքերին, որպեսզի հասնենք բուն պատմությանը: Առաջին օրերի դեպքերի մանրամասնությունները կարևոր են: