ՄՈՒՇԵՂ ԳԱԼՇՈՅԱՆ – 90
Մուշեղ Գալշոյանի մորմոքուն ցավի անթեղը կենսականորեն նրանից անբաժանելի կարոտն էր, որ զգում էր Սասնա աշխարհի` իր կենսաբանական ներհայաց դիտողականությամբ ստեղծած էրգրի նկատմամբ: Նա սասունցիների ինքնօրինակ մշակույթի կրողն էր և իր մեջ համադրում էր նրանց` հին ու նոր օրերում ստեղծած բարոյահոգեբանական բոլոր արժեքները, որոնց խոր պատկառանքով էր վերաբերվում։ Իր ներաշխարհից եկող թախիծը նա միաձուլում էր գեղարվեստական պատկերներին, դարձնում քնարաշունչ, փոխանցում ոչ միայն հերոսներին, այլև ընթերցողին` համակելով նրանց տխրածին խոհերով ու մտորումներով:Հեղինակային մտորումներով, կորստյան ցավի, կարոտի անզսպելի զեղումներով, հույսի, սպասումների պոռթկումներով հյուսված հուզառատ մի պատմություն է «Դո՛ւ նայիր, դու…» ակնարկը: Առաջին հայացքից անսովոր է թվում թեմայի ընտրությունը` «Պիտի գրեմ հարսանիքի մասին»: Բայց հակիրճ մուտքին հաջորդող տողերից իսկ սկսվում են հույզերի, ապրումների այնպիսի հոսքեր, որոնք ընթերցողին հուշում են, որ «Դա ուրիշ հարսանիք էր: Ուրի՜շ»: Իրենց ծնողներից որբության ցավն ու պանդխտության ցուպը ժառանգություն ստացած Աբրահամի ու Լուսիկի հարսանիքն էր իրենց կարոտած ու երազած հայրենիքում:«Կաղապարված օրենքների» խախտումով հարսանիքի նկարագրությունը սովորական չէ. գեղարվեստական հնարանքներով հեղինակը ներկայացնում է գաղթականների գոյաբանական խնդիրները, արժեհամակարգով իրենց օտար հասարակության մեջ մերվելու դժվարությունների առաջացրած ընկճվածությունը, հայրենակորույս մարդու հոգեմաշ կարոտն ու հիշողությունների ցավը։Գեղագիտական հնարանքներից մեկը հարսանիքի սեղանի շուրջը մաղթվող կենացների մեջբերումն է նախատրամադրության ստեղծումով («Կենացներ էին մաղթվում, որոնցից ոչ մեկը երբևէ իմ մասնակցած կենացների ցանկում չեն մաղթվել,- նշում է գրողը․- ահավասիկ. «Օտար երկինքներուն տակ կեցած հայերուն կենացը», «Անդուռ ու աներդիկ մնացած տներուն կենացը», «Օտար երկրներուց մեր հայրենակիցներուն տուն բերող քարավաններուն կենացը», «Հայերու օջախներում եղնող… հարսանիքներու կենացը», «Էս տները մեզի համար շինած հայրենակիցներու կենացը»):Երբեմն Գալշոյնը ակնարկում (կամ պատումի մեջ ներթափանց) ներկայացնում է մեկ այլ չափումով ժամանակի ու տարածության մեջ տեղի ունեցող իրադարձություններ ու դեպքեր, որոնք վերհուշի միջոցով գոյավորվում են գիտակցական դաշտում: Նման ակնարկներում, ինչպես օրինակ, «Անթեղված ոգի», «Օրիորդ Մարի», հեղինակը լավագույն ձևով իրականացնում է հերոսների գոյաբանական դժվարությունների վերհանման խնդիրը։ Դրանք ընթերցողին ծայրաստիճան լարված պահող բարձրարվեստ գործեր են՝ աներևակայելի հզոր շեշտադրումներով: Սահմռկեցուցիչ խոսք-պատկերներով են ողբերգական իրողությունները թափանցում ընթերցողի մտային տիրույթ, թափանցում են իրենց ամբողջ չարագուժությամբ` արթնացնելով ժառանգաբանական մակարդակում պահպանվող այն ցավը, որ զուտ հայկական է, որից հայ մարդը չի ճնշվում, չի ընկճվում, այլ համակվում է զորավոր մի զգացողությամբ, որ տակուվրա է անում վրեժխնդրության անթեղը: Բնություն-պատկեր տիրույթում ակնարկագրի գրիչը հասնում է բարձրարվեստ գեղարվեստականության. ոճրագործության վկա երկինքը «սևերես» է, երկնքի մի բուռ ճերմակ ամպն անգամ բզկտված ու հալածված է… Մորթված գյուղը լցվել է գիշատիչ աչքերով, ագռավների կռինչով ու շների կաղկանձով: ․․․․Գնդակահարել էին արշալույսը, արնոտել դեմքը: Գյուղը («Ուր մարդու գործից գա՜յլն էլ է նողկում») գնդակահարվել էր ու խեղդվել արյան մեջ:Համատարած համրության մեջ հեղինակն անսպասելի ձայնախազեր է մտցնում. հանկարծ մի դուռ է բացվում, վիրավոր գլխով մի մամիկ է դուրս գալիս, աղոթարանի սալաքարի վրա չոքում ու հառաչում ճիչ-մրմունջով` Աստված կա՜… Չորսբոլորը մորթված, զարկված հարազատներն ու համագյուղացիներն էին: Երբ նրանց մեջ տեսավ Լուսիկ հարսնուկին, որ երեկ նույն ժամին թոնիրն էր վառում, մի խենթ ցանկություն «վրնջաց մամիկի հոգում». նա որոշեց վառել գյուղի երեք հարյուր ծխի երեք հարյուր թոնիրները: Եվ վերջին ճիգերը հավաքելով`մամիկը վառեց բոլոր թոնիրները: «Երդիկներից բարձրացած ծուխը լիզում էր տների կտուրները, տների փոշոտ քարերը, Մարութա սարից իջած հովի պես շոյում արևի տակ անթաղ մնացած մարդկանց»: Իսկ դիմացի սարին հայտնված ասկյարները սարսափահար էին եղել` տեսնելով գյուղի «կենդանացումը»:Մամիկի` թոնիրները վառելու գիտակցական ձգտումը ենթագիտակցական շերտում վերածվում է թուրք հավաքականության անբարո էության դեմ ցասման և ըմբոստության պոռթկման, որը, անշուշտ, հենց նույն` ենթագիտակցական ոլորտում էլ պարգևում է բարոյական հաղթանակի բերկրանքը և դրանով իսկ թերևս փրկում մամիկին (այս դեպքում` հայրենազրկված և եղեռնահար եղած մարդկանց ընդհանրացված կերպարը) ցնորությունից ու խելագարությունից:Մուշեղ Գալշոյանն իր ակնարկներում (և ընդհանրապես արձակում) ոչ միայն ոգեղենացրել, այլև յուրաքանչյուր ընթերցողի ներսում գոյավորել, ներկա է դարձրել կարոտի ցավի անթեղը և տառապանքին դիմակայելու անկոտրում կամքը: Անանց պահելով ցեղասպանության նկատմամբ ատելությունը` նա իր արձակով կերտել է ազգային ձգտումների մի աշխարհ, որի բարոյահոգեբանական հղագրումները դուրս են ժամանակի չափումներից․ դրանք նաև գալիքի հայ սերունդների համար են։ Զուխրա Երվանդյան
Գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ