«Մշակույթով պիտի հաղթենք, մշակույթն է մեր ուժը, միասնությունն ու պատմությունը…». Լորիս Ճգնավորյան
Լորիս Ճգնավորյան երաժշտագետի մասին կարելի է երկար խոսել: Նա այն նվիրյալ արվեստագետներից է, որոնք հանգիստ չեն որոնում, որոնց կոչումը ստեղծագործելն է, մշտապես նորը փնտրելը արվեստի խոր աշխարհում: Նրանք լի են ուժով, ավյունով, համարձակությամբ ու դառնում են ձևաչափերից դուրս մտածող ու գործող, նախաձեռնող ու նպատակասլաց այն արվեստագետներից, որոնց գործունեությունն արվեստի աշխարհում ցնցումներ է առաջ բերում. ցնցումներ, որոնք բոհեմային կյանքում ծնունդ են առնում կույր խանդից, ոչ բարի կամեցողությունից և ավերմունք են սփռում: Դժբախտաբար, Ճգնավորյանին Հայաստանում այս երևույթն անճանաչ չմնաց: Նա մեզ մոտ ասպարեզ իջավ 1980-ականների վերջերին, ստանձնեց Հայաստանի Պետական սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարի դժվարին պաշտոնն ու եռանդով լծվեց նորարարություններ մտցնելու գործին: Որոշեց ընդլայնել համերգային ծավալը և տարվա ընթացքում հինգից տասը համերգ տալու փոխարեն յուրաքանչյուր շաբաթվա ուրբաթ օրը ունկնդրին ներկայանալ նոր ծրագրով, որը բաղկացած էր լինելու երեք մասից՝ մեկ նախերգանքից, մեկ կոնցերտից ու մեկ սիմֆոնիայից: Իհարկե, մեզ` ունկնդիրներիս համար դա ցնծություն էր: Առաջին իսկ համերգից պարզ դարձավ, որ աշխատանքը կատարվում է մեծ պատասխանատվությամբ, վարպետությամբ ու խստապահանջությամբ: Ներածականով ներկայացվում էին տեղեկություններ կատարվելիք ստեղծագործությունների, կատարողների ստեղծագործական գործունեության, կոչումների ու մրցանակների մասին: Նախատիպը չունեցող աշխատաոճ էր դա: Ճգնավորյանի մեծությունը դրևսորվում էր նաև մեծարելու բացառիկ ունակությամբ: Ինչպիսի՜ հպարտությամբ ու ոգևորությամբ էր կատարում մասնավորապես Ա. Խաչատրյանի ստեղծագործությունները, նվագախմբում` հավելյալ գործիքների ներառմամբ. նրա կողմից ներկայացվող խաչատրյանական յուրաքանչյուր գործ ստանում էր նոր մեկնաբանություն, դրանից բացի գործը կատարելության հասցնելու տաղանդ ուներ: Այսպես` Խաչատրյանի «Ադաջիոն», որ կատարել է բազմիցս, ոչ միայն յուրաքանչյուր կատարումն էր տարբերվում նախորդից, այլև միևնույն համերգի ընթացքում գործի կրկնակի կատարումները`միմյանցից: Ճգնավորյանը վերանորոգեց Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճը, երգեհոնը, ջեռուցման և այլ կոմունալ խնդիրների համար լուծում գտավ: Դահլիճը վերանվանվեց «ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ» համերգասրահ: Հայաստանի Պետական սիմֆոնիկը վերանվանվեց Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախումբ: Համերգային տոմսերի գները մատչելի էին, համերգների ծրագրերը`բազմաբովանդակ ու հետաքրքիր, հետևաբար` դահլիճը` լեփ-լեցուն: Բայց այն, ինչ հիացնում էր ունկնդիրներիս, դառնում էր Ճգնավորյանի դեմ եփվող ապուրի բաղադրատոմսը: Նրա ակտիվ գործունեությունը ցնցեց թմբիր ապրող երաժշտական աշխարհի հիմքերը, որոշ արվեստագետների խաղաղ կեցությունը, ասես մաեստրոն մարտահրավեր էր նետել: Ինչպիսի՜ աղմուկ բարձրացավ Ճգնավորյանի կողմից Թաթուլ Ալթունյանի անվան երգի, պարի պետական համույթի ելույթները «Արամ Խաչատրյան» համերգասրահում արգելելու արդյունքում, որը, սակայն, մաեստրոն լիովին համոզիչ պատճառաբանեց. պարերից առաջացած ցնցումներից մեծ դժվարությամբ վերանորոգված երգեհոնը շարքից նորից դուրս պիտի գա: Միանգամայն պարզ ու անկեղծ բացատրություն, որն, այնուամենայնիվ, անմատույց մնաց ոմանց համար: Իսկ Ճգնավորյանը ոչ միայ նհոգում էր դահլիճի մասին, այլև կազմակերպում էր նվագախմբի շրջագայությունները, փառատոները, ձայնագրությունները… Սրտի ցավով պիտի խոստովանեմ, որ ճնշել, օտարել ինքներս մեզ հաջողությամբ ենք կարողանում, պահպանել միմյանց, համերաշխորեն համագործակցել, հարգել աշխատանքը, ստեղծագործ ուժը, ոչ միշտ է հնարավոր դառնում… Բարեբախտաբար, անարդյունք անցան Ճգնավորյանին ու Օհան Դուրյանին գժտեցնելու փորձերը… 1993 թվական: Երևան: Մայիսի 28-ից մինչև հուլիսի 11-ը Լորիս Ճգնավորյանը մեծ շուքով կազմակերպեց «Արամ Խաչատրյան-90»` «Աշխարհը և մենք» սիմֆոնիկ երաժշտության ամառային փառատոնը: Դա Հայաստանի երաժշտական կյանքի պատմության մեջ այդպիսի ծավալով իրականացված առաջին մտահղացումն էր, որին մասնակցում էին ողջ աշխարհում հռչակ վայելող, անվանի երաժիշտներ ու նվագավարներ: Կատարվեցին Խաչատրյանի բոլոր գործերը, նույնիսկ`«մոռացվածները»: Երաժշտական Երևանը կրկին ալեկոծվեց. շուրջ հինգ տարի մոռացված մի երևույթ, որը մեզ՝ երաժշտասեր հասարակությանը, վերստին կյանքի կոչեց, ու մի անգամ ևս համոզվեցինք մաեստրոյի խոսքերի ճշմարտացիության մեջ. «Մշակույթով պիտի հաղթենք, մշակույթն է մեր ուժը, միասնությունն ու պատմությունը…»:
Այսօր Լորիս Ճգնավորյանը տոնում է իր ծննդյան փառապանծ 76-րդ տարեդարձը: Ի սրտե շնորհավորում եմ մաեստրոյին. բեղմնավոր ստեղծագործական կյանք մաղթում: Շնորհակալություն եմ հայտնում նրան իր հայրենանվեր աշխատանքի, եռանդի, հայրենիքի ու ազգի, արվեստի ու նաև արվեստասերների նկատմամբ ունեցած անկեղծ վերաբերմունքի համար, մեզ համար այնքան դժվարին տարիներին մեր կողքին լինելու և մեզ իր աշխատանքով հուսադրելու, մեր սրտերը ջերմացնելու, մեզ կյանք պարգևելու համար:
Պերճ Դոլինյան
13 հոկտեմբերի, 2013 թ.
Սալոնիկ