«Մշակույթը նյութի վրա տարված ձևի հաղթանակն է». Կոստան Զարյան
Մշակույթը նյութի վրա տարված ձեւի հաղթանակն է։
Մշակույթը զարգանում է այնտեղ, ուր տիրում է ազնվականության, որակային ընտրության սկզբունքը։ Ընտրանին։
Մտածում եմ, որ եթե ուզում ենք մեր մշակութային աճը պահել, պետք է վերադառնանք մեր միթոսային բնույթին։
Վերջ ի վերջո, Հելլադան իբրեւ ազզություն գոյություն չի ունեցել, այլ գոյություն է ունեցել իբրեւ հզոր մշակույթ։
Հայ մշակույթը եւս զարգացել է պատմությունից դուրս։ Պատմական շրջանները չէ, որ ստեղծել են մեր արժեքները, այլ ուժեղ անհատները, այլ վանքերում առանձնացած խորհողները, բանաստեղծները, նկարիչները, պատմաբանները։ Միթոսային բնույթը չի ենթարկվում մարդկային ժամանակին, որ նշանակում է անդադրում փլուզում եւ քայքայում, այլ ենթարկվում է տիեզերական ժամանակին, որ կանոնավոր կերպով վերադառնում է ինքն իր վրա, երկնային շարժման պարբերությամբ։
Երբ մի երկրում, ինչպես մեր երկրում, ամեն ինչ ընթանում է տնտեսական ազդակների հրամայականով, տիրում է կենդանաբանական ժամանակը։
Բայց մինչ նյութական աշխարհը միշտ էլ ենթարկվում է կործանման, հոգեկան աշխարհը թաքցնում ու պահում է իր մեջ անտեսանելի մի կանոնավորություն։ Այդ կանոնավորության մեջ է ապրում արվեստագետը, ինչպես արագիլը իր բարձրաբերձ բույնում։
Թող իմացվի, որ մենք կրում ենք մեր մեջ մեր Հայաստանը, ինչպես մի տիեզերք, ինչպես մի ճակատագիր։ Նա ցեղի հետ կապված սկզբնասկիզբ այն ոգեղենությունն է, որ զետեղված է մեր էության ծալքերում եւ որով ներշնչվում է մեր ստեղծագործական թռիչքը։
Ու, ինչքան էլ գրավված երկրի անառակ առյուծները խըռպոտ ձայնով ոռնան ու բռնանան, ու չարչարեն, Ոգին չեն կարող մարել։
Ոգին գերազանցապես միթոսական եւ դյուցազներգական է։ Արվեստի եւ բանաստեղծության մեջ նա համակարգության է ենթարկում հոգու հիմնական ձգտումները եւ տիեզերքի հետ ունեցած մեր փոխհարաբերությունները։ Նա՛ է պեղում մարդկային անհատի խորքը, դրսեւորում նրա բարձրագույն կարելիությունները եւ նրան դնում իր խորհրդավոր կոչման պատվանդանի վրա։
Արտադրելու եւ ունենալու սկզբունքին նա հակադրում է լինելու, գոյանալու, արարչելու սկզբունքները։