Մշակութային եղեռն
Որևէ ժողովրդի կամ էթնիկ խմբի մշակույթը ոչնչացնելու նպատակով իրականացված գործողությունները ազգային-մշակութային ցեղասպանություն են կոչում: Ըստ իրավագետ Ռաֆայել Լեմկինի, ցեղասպանությունը ոչ միայն ազգային կամ կրոնական խմբի ֆիզիկական բնաջնջմամբ վերացումը, այլև նրա ազգային-հոգևոր մշակույթի ոչնչացումն է: «Ազգային-մշակութային ցեղասպանություն» հասկացությունը, սակայն, չի մտել «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» ՄԱԿ-ի 1948թ.դեկտեմբերի 9 կոնվեցիայի մեջ:
Բազմաթիվ փաստեր վկայում են, որ Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային կոտորածներին ու տեղահանությանը համընթաց երիտթուրքական կառավարությունը կանխամտածված և ծրագրավորված կերպով ձգտել է ոչնչացնել նաև հայկական քաղաքակրթության նյութական վկայությունները: Գիտակցելով եկեղեցու և հավատի դերը հայ ժողովրդի կյանքում` թուրքական կառավարությունը նպատակամղված սպանել է հայ հոգևորականներին, ոչնչացրել եկեղեցիներն ու վանքերը, հազարավոր միջնադարյան ձեռագիր մատյաններ, զավթել եկեղեցական գույքը: br>
Հայկական կոտորածների արաբ ականատեսներից մեկը` փաստաբան Ֆայեզ էլ Ղոսեյնը, իր հիշողություններում գրում է. «…Հայերի կոտորածներից հետո կառավարությունը հանձնաժողովներ է ստեղծել, որոնք զբաղվում են լքյալ գույքի վաճառքով: Հայկական մշակութային արժեքներն ամենաէժան գնով են վաճառվում… Ես մի անգամ գնացի եկեղեցի` տեսնելու, թե ինչպե՞ս է կազմակերպվում այդ իրերի վաճառքը: Հայկական դպրոցների դռները փակ են: Գիտության գրքերը թուրքերն օգտագործում են շուկայում պանիր, խուրմա, արևածաղիկ փաթեթավորելու համար»:
Ըստ 1912-1913 թթ. Կ. Պոլսի հայկական Պատրիարքարանի կողմից կազմված և թուրքական կառավարությանը ներկայացված պաշտոնական պատմագրության Օսմանյան կայսրության ողջ տարածքում հայկական եկեղեցիների ու վանքերի թիվն անցնում էր 2000-ից (այդ թվում` IV-V դդ. վաղ քրիստոնեական եզակի հուշարձաններ), որոնց մեծ մասը ցեղասպանության ժամանակ թալանվեց, այրվեց և ավերվեց:
Հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության նկատմամբ` երիտթուրքերի որդեգրած ոչնչացման քաղաքականությունը շարունակվեց նաև Հանրապետական Թուրքիայում, քանզի դրանք դիտվում էին որպես հայկական ներկայության անցանկալի վկաներ:
Սկսած 1920-ական թթ. Թուրքիայում սկսվել է նաև Արևմտյան Հայաստանի տեղանունները փոխելու գործընթաց: Ներկայումս Արևմտյան Հայաստանի տեղանունների ավելի քան 90%-ը թրքացվել են: Հայկական աշխարհագրական տեղանունները փոխարինվել են թուրքականով, ծրագրված կերպով ոչնչացվել են հարյուրավոր ճարտարապետական հուշարձաններ կամ չեզոքացվել է դրանց հայկական ինքնությունը:
Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1974թ. տվյալների` 1923-ից հետո կանգուն մնացած հայկական 913 պատմական-ճարտարապետական հուշարձաններից 464-ն ամբողջովին անհետացել են, 252-ն ավերակ են, 197-ն ամբողջովին նորոգման կարիք ունեն:
Հայկական ճարտարապետական շինությունները հետևողականորեն պայթեցվել են, որպես թիրախ օգտագործվել թուրքական բանակի զինավարժությունների ժամանակ, իսկ քարերն օգտագործվում են որպես շինանյութ: Որոշ գյուղական վայրերում դրանք ծառայում են որպես գոմ, պահեստ, բանտ: Շատ դեպքերում հայկական եկեղեցիները վերածվել են մզկիթների:
1987թ. հունիսի 18-ին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևի 6-րդ կետում նշված է, որ թուրքական կառավարությունն ուշադրություն պետք է ցուցաբերի Թուրքիայում ապրող հայ համայնքի լեզվի, մշակույթի, կրթական համակարգի նկատմամբ` միաժամանակ պահանջելով պատշաճ վերաբերմունք Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հուշարձանների հանդեպ:
Հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը կամ դրա յուրացումը` հայերի դեմ իրագործված ցեղասպանության թուրքական քաղաքականության շարունակությունն է:
Ներկայացված են հայ միջնադարյան հուշարձաններ` ավերված Հայոց ցեղասպանության տարիներին և հաջորդող ժամանակաշրջանում
Հոռոմոսի վանք, 10-11րդ դարեր


• Հոռոմոսի վանքը մինչև 1965թ. և 1998թ-ին (լուսանկարը` Ս. Կարապետյանի)
Անիի Ս. Փրկիչ եկեղեցի , 11-րդ դար


• Հուշարձանը 1910-ական թթ. և 2000թ-ին (լուսանկարը` Ս. Կարապետյանի)
Բագնայրի վանք, 11-13րդ դարեր, գուղ Բագնայր (Ղոզլուջա)


• Հուշարձանը մինչև 1960-ական թթ. և 2000թ-ին (լուսանկարը` Ս. Կարապետյանի)
Խծկոնքի վանք, 11-13րդ դարեր


• Վանական համալիրը 20-րդ դարի սկզբին
• Վանական համալիրը 1966թ.` պայթեցումից հետո


• Վանական համալիրը 20-րդ դարի սկզբին
• Վանական համալիրը մեր օրերում (լուսանկարը` Ս. Կարապետյանի)


• Վանական համալիրը 20-րդ դարի սկզբին
• Վանական համալիրը 2000թ-ին` 1966թ. պայթեցումից հետո (լուսանկարը` Ս. Կարապետյանի)
Տեկորի տաճար, 5-րդ դար


• Հուշարձանը մինչև 1912թ. և 2000թ-ին (լուսանկարը` Ս. Կարապետյանի
Բագրևանդի Ս. Հովհաննես եկեղեցի, 613-619թթ.


• Հուշարձանը մինչև 1966թ. և 2000թ-ին (լուսանկարը` Ս. Կարապետյանի)


• Անի, միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք, քաղաքի զինանշանը 1910- ական թթ. և 2000թ-ին` թուրքական վերանորոգումից հետո


• Վան, Աղբակի գավառ, Ս. Բարդուղիմեոս Առաքյալի վանք, 1913թ. և 1980թ. (լուսանկարը` Ա Հախնազարյանի )


• Վան, Լիմ կղզու մենաստանը հյուսիս-արևելյան կողմից, (լուսանկարը` Ս. Կարապետյանի)


• Մուշ, Ս. Առաքելոց վանք, 4-15րդ դարեր, 1900-ականների սկիզբ և 2000թ. (լուսանկարը` Ս. Կարապետյանի)


• Մուշ, Ս. Կարապետ վանքը հարավ-արևելյան կողմից, 4-18րդ դարեր, 1900-ականների սկիզբ
• Մուշ, Չանկլի գյուղ, Ս. Կարապետ վանքի տեղանքը, 2000թ. (լուսանկարը` Ս. Կարապետյանի)


• Ռշտունիքի շրջան, Նարեկավանքը հարավ-արևմտյան կողմից, 1900-ականների սկիզբ
• Վան, Ռշտունիքի շրջան, ավերված Նարեկավանքի տեղում կառուցված մզկիթ, 2004թ. (լուսանկարը` Ս. Կարապետյանի)


• Վան, Կողբանց գյուղ, Սալնապատ վանքի ավերակները հարավ-արևմտյան կողմից, 10-13րդ դարեր, 1900-ականների սկիզբ և 2004թ. (լուսանկարը` Ս. Կարապետյանի)


• Վան, Շուշանց գյուղ, Կրմրավոր Ս. Աստվածածին վանքի տեղանքը, 1900-ականների սկիզբ և 2004թ. (լուսանկարը` Ս. Կարապետյանի)


• Վան, Վարագավանք, 5-19րդ դարեր, 1900-ականների սկիզբ և 2004թ. (լուսանկարը` Ս. Կարապետյանի)
Լուսանկարների աղբյուրները.
«Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպություն»
Աղբյուրը՝ genocide-museum.am