«Մնջախաղի դերասանի նման հայրս շարժուձևով բառեր էր քանդակում». Անրի Վերնոյ
Ինչպես մեր ճանապարհը գտնելու համար, այնպես էլ մեր աոաջին, անհրաժեշտ գնումները կատարելիս, բառերի բացը լրացրին ձեռք ու ոտքի շարժումները։
Հայրս շատ արտահայտիչ շարժուձև ուներ, որոնք հնարավորին չափով վերցված էին կյանքից։ Տնտեսական ապրանքների խանութում նա սեղմված բռունցքը գետնին քսելով ապահովեց մի շիշ ժավելի հեղուկ, հատակ լվանալու լաթ և ավել։ Մի ձեռքով պատկերելով ծորակ, ապա ձեռքի ափերը իրար շփելով լվացվելու շարժում արեց և վաճառողի ծիծաղի հետ ստացավ երկու մեծ կտոր մարսելյան օճառ։
Մնջախաղի դերասանի նման նա շարժուձևով բառեր էր քանդակում և մեր մոմլաթե պայուսակը լցվում էր առաջին անհրաժեշտության առարկաներով։
Խնդիրը լրջացավ մսավաճառի խանութում։ Հայրս նայում էր վաճառասեղանին ցուցադրված մսերին, բայց ակներևաբար փնտրածը չէր գտնում։ Երբ հերթը հասավ մեզ, հայրս աշխատեց բացատրել, թե ինչ է՝ ուզում։ Նա մատնացույց արեց միսը, ապա ձեռքերով օդի մեջ գծեց երևակայական մի պատկեր։ Բայց այստեղ «մարմներեն» թարգմանված նրա խոսքը չհասկացվեց։ Հայրս նաև բառեր ասաց երեք լեզուներով, բայց ոչ ոք թուրքերեն, հունարեն և հայերեն չէր հասկանում։
Հաճախորդները, մսավաճառի աշակերտը, գանձապահը աչք դառած նայում էին տարաշխարհիկ այս մարդուն, որ օդի մեջ շարժելով թևերը, հավանաբար խոսում էր Ֆրանսիայում անհայտ առասպելական ինչ-որ անասունի մասին։
Հանկարծ խոր լռություն տիրեց խանութում։ Հուսահատված հայրս երեք անգամ ուժգին խփեց աչ ազդրին և ոչխարի նման մայեց։
– Բե՜ե՜ե՜։
Միանգամից բոլորի շրթունքից դուրս թռավ միևնույն բառը։ Ոչխարի ազդր է ուզում այս մարդը։
Մնջախաղի տեսարանն ավարտված էր։
Մնջախաղի վարպետն ու որդին բռնեցին տունդարձի ճամփան։
Այսօր ես ամաչում եմ այնօրվա իմ ամաչելու համար։
Անրի Վերնոյ «Մայրիկ»