Մի հետաքրքիր դրվագ կոմպոզիտոր ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ կյանքից
Մի հետաքրքիր դրվագ կոմպոզիտորի կյանքից՝ քաղված ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Լոլա Դոլուխանյանի հուշերից։
«1965թ-ին, երբ ղեկավարում էի Կոմերիտմիության կենտկոմի արվեստի և մշակույթի բաժինը, որոշեցի Երևանում գեղեցկության մրցույթ կազմակերպել: Այն տարիների համար դա բավականին համարձակ քայլ էր: Շատ էինք լսել արտասահմանյան գեղեցկության մրցույթների մասին և մեծ էր նմանատիպ մրցույթ կազմակերպելու ցանկությունը, քանի որ Երևանն էլ էր հարուստ գեղեցկուհիներով:
Դա առաջին գեղեցկության մրցույթն էր լինելու ողջ ԽՍՀՄ-ի տարածքում, և այն մեծ հետաքրքրություն առաջացրեց. բոլորը ցանկանում էին ներկա գտնվել այդ երեկոյին: Մեծ ոգևորությամբ էինք պատրաստվում:
Երեկոյի նախօրեին, երբ տուն էի վերադառնում, հանկարծ փողոցի մեջտեղում մի մեքենա կանգ առավ, որից դուրս եկավ Առնո Բաբաջանյանը: «Այդ ի՞նչ մրցույթ եք կազմակերպում: Ես էլ եմ ցանկանում լինել ժյուրիի կազմում»,- ասաց նա: Իհարկե, շատ շոյված էի:
Մրցույթի օրը նա ինձ կանչեց դաշնամուրի մոտ: «Գիշերը երգ եմ գրել՝ հատուկ մրցույթի համար, փոխանցիր նոտաները երաժիշտներին»: Այնուհետև նվագեց այն: Շատ հպարտ եմ, որ դարձա այդ երգի առաջին ունկնդիրը: Երգը կոչվում էր «Королева красоты»:
Ամբողջ երեկոյի ընթացքում այն հնչում էր բեմից, իսկ դաշնամուրի մոտ նստած էր հենց ինքը՝ Առնոն: Անմոռանալի երեկո էր՝ ուրախությունով ու ծաղիկներով լի»:
Աղջիկները բոլորը գեղեցկուհիներ էին և դժվար էր ընտրություն կատարել: Հաղթող ճանաչվեց Գայանե Բորյանը և կրկին հնչեց «Королева Красоты» երգը, որը հետագայում մեծ ճանաչում ստացավ, սակայն ոչ բոլորը գիտեն, որ այն գրվել է Երևանում կայացած առաջին գեղեցկության մրցույթի առիթով և նվիրված է մեր հայ գեղեցկուհիներին:
Նկարում՝ Առնո Բաբաջանյան և Մայա Պլիսեցկայա
Նյութը՝ Գայանե Իսկանդարյանի ֆեյսբուքյան էջից