Մեր պսակադրությունը կատարվեց Պետերբուրգի հայոց եկեղեցում, հայկական ծեսով
Սկիզբը` Ալեքսանդր Թամանյանի կնոջ` Կամիլլա Թամանյանի հուշերից
Թամանյանն ուսանողության տարիներին տարված էր թատրոնով, մանավանդ օպերայով, շատ էր հետաքրքրվում նաև երաժշտությամբ, դրան նպաստում էր և այն, որ նրա եղբայրներից Գրիգորը ջութակ էր նվագում, իսկ Մագդալինա քույրը լավ երգում էր և ձայնը մշակում հայտնի պրոֆեսոր Մազեթիի մոտ։
Գեղարվեստից ակադեմիայում այդ ժամանակ անց էին կացնում տրադիցիոն դարձած հավաքույթներ ՝ «հինգշաբթիներ», որի ժամանակ Ակադեմիան ավարտածները և ուսանողները, հաստատված կարգի համաձայն, լսում էին ստեղծագործական բնույթի դասախոսություններ, որոնք քննարկվում էին ներկաների կողմից։ Այս հավաքույթները դաստիարակչական կարևոր դեր ունեին, ինչպես ուսանողների, այնպես էլ Ակադեմիան նոր ավարտած երիտասարդ արվեստագետների համար։ Թամանյանը համարյա միշտ լինում էր այդ «հինգշաբթիներին», նա այստեղ հաճախ հանդիպում էր Ռեպինին և Սերովին:
Ուսանողության տարիներին Թամանյանն աշխատում էր որպես Պետերբուրգի հայոց եկեղեցական խորհրդի ճարտարապետ և այդ աշխատանքի համար ամսական ստանում էր 25 ռուբլի։ Ակադեմիան ավարտելուց հետո, եկեղեցական խորհուրդը Թամանյանին հանձնարարում է պատասխանատու մի աշխատանք` հիմնովին վերակառուցել Պետերբուրգի հայկական եկեղեցին, որը կառուցվել էր Լազարյանների միջոցներով, ճարտարապետ Ֆելտենի նախագծով և Պետերբուրգի 18-րդ դարի նշանավոր հուշարձաններից էր համարվում։ Այդ ժամանակ մենք դեռ ամուսնացած չէինք, բայց հաճախ էինք հանդիպում, և ես հիշում եմ, թե ինչպես Թամանյանը տարված էր այդ աշխատանքով։ Նա մեծ պատասխանատվություն էր զգում և հուզվում էր, իհարկե մեծ մասամբ այն պատճառով, որ դա նրա առաջին ինքնուրույն աշխատանքն էր։ Շատ չանցած եկեղեցու վերանորոգումն ավարտվեց՝ ճանաչում բերելով երիտասարդ ճարտարապետին: Եկեղեցու վերակառուցմանը զուգահեռ Թամանյանը ղեկավարում էր եկեղեցու բակում գտնվող շենքերի վերականգնման գործը: Այս աշխատանքների ընթացքում Թամանյանը մոտիկից ծանոթացավ Պետերբուրգի հայոց եկեղեցական խորհրդի անդամներին. Պետերբուրգի համայնքի աչքի ընկնող հասարակական գործիչներ Կարապետ Եզյանի (Եզով), Սուլթան շահի, գեներալ Բաղրամյանի, եկեղեցական խորհրդի նախագահ նշանավոր նեվրոպատոլոգ պրոֆեսոր Վարդան Վարդանյանի (Վարտանով), երիտասարդ վիրաբույժ Համբարձում Քեչեկի և ուրիշների հետ:
Այդ տարիներին էր, որ նա ծանոթացավ ու մտերմացավ հետագայում Հայաստանի Ժողկոմխորհի նախագահ, ականավոր պարտիական և պետական գործիչ Սարգիս Սրապիոնյանի (Լուկաշինի) հետ։
1904 թ. Թամանյանը, Ակադեմիան ավարտելով, սկսեց զբաղվել ինքնուրույն ստեղծագործական աշխատանքով և միաժամանակ աշխատել, որպես հայ եկեղեցիների ճարտարապետ։
Առաջին խոշոր ինքնուրույն աշխատանքը, որին եռանդով ձեռնամուխ եղավ Թամանյանը, «Cafe de France»-ի նախագիծն ու կառուցումն Էր։ Այս կաֆեն գտնվում Էր Նևսկի պողոտայի հայ եկեղեցու տներից մեկում։ Կաֆեյի ներսի զարդանկարման համար Թամանյանը հրավիրել էր Ե. Ե. Լանսերեին և Վ. Ա. Շչուկոյին, իսկ ճարտարապետական մասը կատարել էր ինքը:
1908 թ. սեպտեմբերին մենք ամուսնացանք: Չնայած հայրս մոլի կաթոլիկ էր, բայց Թամանյանին հաջողվեց համոզել նրան, և մեր պսակադրությունը կատարվեց Պետերբուրգի հայոց եկեղեցում, հայկական ծեսով։ Ամուսնանալուց հետո մինչև 1917 թ. մենք ապրում էինք Պետերբուրգում՝ Վասիլևսկի կղզում:
«Cafe de France»-ի շինարարությունը ավարտելուց հետո, 1911 թ. Ալեքսանդր Իվանովիչն սկսեց աշխատել իշխան Շչերբատովի Մոսկվայում կառուցվելիք տան նախագծի վրա։ Թամանյանին Շչերբատովի հետ ծանոթացրել էր արվեստագետ Ալեքսանդր Նիկոլաեվիչ Բենուան:
Մինչև Շչերբատովի տան նախագծումը և կառուցումը, Թամանյանը Պետերբուրգում կատարել էր ևս մի քանի կառուցում և մասնակցել մի-երկու կոնկուրսի: Պետք է ասեմ, որ Ալեքսանդր Իվանովիչը թերահավատ էր կոնկուրսների նկատմամբ, դրանց արդյունքները իրավացի չէր համարում, բայց այնուամենայնիվ մասնակցում էր: Առաջին անգամ նա մասնակցեց մի կոնկուրսի, ներկայացնելով Պետերբուրգի մզկիթի նախագիծը, որը կառուցվելու էր Բուխարայի Էմիրի համար, Կրոմվելյան պողոտայում, Կշեսինսկայայի նշանավոր առանձնատան կողքին։ Այդ նախագիծը նա կազմել էր ճարտարապետ Եվստաֆի Իոսիֆովիչ Կոնստանտինովիչի հետ միասին։ Նախագիծը որևէ մրցանակի չարժանացավ։Ն. Ե. Լանսերեի հետ միասին կազմել էր Վոլոկոլոմսկում կառուցվելիք իգական գիմնազիայի շենքի նախագիծը, որը մրցանակի արժանացավ: Այդ նախագիծն իրագործվեց թե ոչ, ես չեմ հիշում։
Շչերբատովի տան աշխատանքներն ավարտվեցին 1913-ին։ Նախագիծը մշակվում էր Պետերբուրգում. աշխատանքները դժվարանում էին տան կառուցման տեղի անհարմարության պատճառով (հողամասը նեղ էր և խոր ընկած): Շչերբատովը Մոսկվայի հին ազնվականներից էր, գեղարվեստասեր, գեղանկարչությամբ տարված անձնավորություն: Նոր տան մեջ նրա բնակարանը նման էր մի հարուստ պատկերասրահի։ Առանձնատունը բաղկացած էր մի քանի տասնյակ սենյակներից՝ զարդարված փարթամորեն ու ճաշակով։
Շչերբատովի տան նախագծման և կառուցման երեք տարվա ընթացքում Ալեքսանդր Իվանովիչն իր ամբողջ ժամանակը և ուշադրությունը նվիրել էր այդ գործին։ Աշխատանքին վերաբերվում էր մի առանձին սիրով և ուշադրությամբ։ Շինարարության ընթացքում նա անընդհատ լինում էր Մոսկվայում:
Շչերբատովը բարձրահասակ ու մարմնեղ մարդ էր, նա դժվարությամբ էր տեղավորվում Մոսկվայի ձիու կառքերում։ Լինելով բարձրաճաշակ մարդ՝ լրիվ վստահում էր Ալեքսանդր Իվանովիչին: Իհարկե, այդպիսի լուրջ և պատասխանատու գործը չէր կարող լինել առանց փոքրիկ և անխուսափելի ընդհարումների, Շչերբատովը երբեմն շինարարության վայրը գալով, ինքնակամ փոփոխություններ էր անում։ Բայց Թամանյանը, հավատարիմ լինելով իր հայացքներին և սկզբունքներին, տանտիրոջը թույլ չէր տալիս միջամտելու ճարտարապետական գործերի մեջ։ Թղթերի մեջ պահպանվել է մի հետաքրքիր ծաղրանկար՝ Շչերբատովի և Թամանյանի մասին, որը նկարել է Շչերբատովի տան դիմացի շենքի բնակիչներից մեկը. նկարված է նրանց ընդհարման այն պահը, երբ Թամանյանն արգելում է Շչերբատովին, մինչև տան ավարտվելը, մուտք գործել այնտեղ: Եվ պատմում էին, որ իսկապես, դրանից հետո, Շչերբատովը այլևս չի եկել, հեռվից է միայն դիտել իր տան շինարարությունը:
1914 թ. Մոսկվայի քաղաքային վարչությունը Շչերբատովի տունը, որպես այդ թվականի կառուցված քաղաքի լավագույն շենքի, պարգևատրեց առաջին մրցանակով և ոսկե մեդալով։ Միաժամանակ շենքի պատին պետք է փակցվեր մարմարե տախտակ, որի վրա պետք է գրված լիներ նախագծողի և կառուցողի անուն, ազգանունը։ Ինչքան գիտեմ, այդ բանը մինչև օրս չի կատարված, նույն, 1914 թ. սեպտեմբերին Ալեքսանդր Իվանովրչն ընտրվեց Պետերբուրգի Գեղարվեստից ակադեմիայի ակադեմիկոս: Այդ պատվավոր կոչումը մեծ բարոյական բավականություն պատճառեց թե Ալեքսանդր Իվանովիչին, թե մեզ՝ նրա մերձավորներին։ Ալեքսանգր Իվանովիչը ակադեմիկոս ընտրվեց 36 տարեկան հասակում և ակադեմիկոսներից ամենաերիտասարդն էր:
Մոտավորապես նույն թվականներին Թամանյանը աշխատում է Յարոսլավլում ցուցահանդեսի նախագծի և նրա իրականացման վրա: 1915 թ. նախագծում է և կառուցում Պրոզորովսկայա կայարանում (այժմ Կրատովո) Մոսկվա-Կազան երկաթգծի (Մոսկվայից մոտ 50 կմ) բանվոր ծառայողների ավանը (մինչև 1917 թվականը կառուցվել էին հիվանդանոցի և սանատորիայի շենքերը): Միաժամանակ նախագծում էր նույն երկաթգծի վարչության նիստերի դահլիճի ձևավորումը:
Թամանյանի 1915-1916 թթ. աշխատանքներից աչքի ընկան Մուսին-Պուշկինի Իլովնա կալվածքում վերակառուցված և Բորիսոգլեբ կալվածքում նորակառույց առանձնատները:
1916 թվականին Ալեքսանդր Իվանովիչը հրավիրվեց որպես Նորին մեծության կաբինետի ճարտարապետ, սակայն այդ պաշտոնում ոչ մի գործ չկատարեց:
Մեծ Հոկտեմբերի առաջին ամիսներին Թամանյանը մասնակցեց հայտնի դերասան Յուրի Յուրևի նախաձեռնությամբ ստեղծված Ողբերգության թատրոնի աշխատանքներին։ Այդ թատրոնի առաջին ներկայացումը կայացավ Պետերբուրգում, 1918 թ. Չինիզելի կրկեսում. բեմադրվեց Սոֆոկլեսի «Էդիպ արքա»-ն:
1917 թվականի ռևոլյուցիայի առաջին ամիսներին Ալեքսանդր Իվանովիչը ընտրվեց Պետրոգրադի Գեղարվեստական ակադեմիայի վիցե պրեզիդենտ։ Իր նոր պատվավոր աշխատանքին Թամանյանը վերաբերվում էր մեծ սիրով և ուշադրությամբ: Կազմել էր մի շարք ծրագրեր Ակադեմիայի աշխատանքների վերակառուցման ուղղությամբ։