Մերգելյանի թեորեմ
«Համակրանքը դեպի այդ համեստ ու լռակյաց պատանին, որ հայացքը վար, ուշադիր լսում էր եւ տալիս դիպուկ հարցեր, համակում է առաջին իսկ հանդիպողին։ Զգացվում էր այդ ուսանողի բացառիկ սերը դեպի ստեղծագործական աշխատանքը եւ այն, որ նա բոլորովին չէր խուսափում դժվարին խնդիրներ ձեռնարկելուց». Արտաշես Շահինյանը`
Մերգելյանի մասին:
Գիտությունը, իհարկե, ժողովրդական թեմա չէ, եւ հնարավոր չէ անգիր անել ու արտասանել, թեկուզ` բարձրաշխարհիկ երեկույթներին, ինչպես, ասենք, բանաստեղծությունը կամ դարձնել քննարկման առարկա հոտնկայս, ձեռի հետ, ասենք` տրանսպորտում կամ շուկայի իրարանցման մեջ, ինչպես ամենայն քաղաքականությունը. այն վիճելի է մինչեւ հաստատվելը, իսկ հաստատվելուց հետո ճանապարհը սոսկ զարգացումն է` բոլոր առումներով` թե՛ կիրառական, թե՛ տեսական, սակայն նուրբ ու զգայուն է, նաեւ խոցելի ու նախանձի թիրախ, ինչպես իր արարիչը, ինչպես շատ բան այս կյանքում, որ տրված չէ ապաշնորհ երազողին, սակայն հասու է գիտունին, որ ջանք ու եռանդ չի խնայում երազանքն իրականություն դարձնելու ճանապարհին` կուլ տալով բոլոր հարվածները, խոչընդոտներն ու անհարմարությունները…
Թե որքանով է գիտությունը ժողովրդական, կարծես թե, պարզ է, մեղմ ասած` ոչ այնքան, սակայն կան գիտնականներ, որ, իրավամբ, ժողովրդական են, քանզի եթե ժողովուրդը չի տիրապետում գիտության բարդություններին, շատ լավ ըմբռնում է գիտության խորհուրդը եւ պարծենում նվիրյալներով, ովքեր նրան հասու են դարձնում դրա պտուղներին… Այս առումով հայ ժողովուրդը պարծանքների պակաս չունի, որոնց շարքում են Մխիթար Հերացին, Հակոբ Ղրիմեցին, Վիկտոր Համբարձումյանը, Սերգեյ Համբարձումյանը, Հովհաննես Ադամյանը, Մանուկ Աբեղյանը, Հրաչյա Աճառյանը, Ալիխանյան եղբայրները, Սերգեյ Մերգելյանը ու շատ-շատերը… Ի դեպ, թվարկումս միանգամայն պատահական է եւ կապ չունի որեւէ մեկին հիշատակելու կամ չհիշատակելու համեմատական առավելության կամ նվազ կարեւորության հետ. կարծում եմ, հասկանալի է, որ բոլորին հիշելու կամ դասակարգելու համար առավել լուրջ ու կոորդինացված աշխատանք է պետք, ինչն ամենեւին չի տեղավորվի ո՛չ մեկ եւ ո՛չ էլ մի քանի հոդվածների եւ, առհասարակ, հոդվածի տիրույթում… Սակայն ամենեւին պատահական չէ Սերգեյ Մերգելյանի՛ն նրանց շարքում հիշատակելը, քանզի «մեղավորը» նրա ծննդյան օրն է` մայիսի 19-ը, 1928 թվական…
Երեւանի հանրահայտ աշխարհագրական կողմնորոշիչ կետերից մեկը «Մերգելյան ինստիտուտն» է, այն նույն Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը, որ 1956 թ. հիմնադրվեց Մերգելյանի ջանքերով, եւ որը նա ղեկավարեց 1956-60 թթ., եւ որը ժողովուրդը կնքեց նրա անունով` պարծանքով ու հպարտությամբ, թեեւ ժողովրդական լայն զանգվածներին հազիվ թե հայտնի լինեն մեծ գիտնականի ծանր կենսագրությունը, գիտության ասպարեզում բուն նվաճումները եւ աշխատանքային բարդությունները… Շատ բան պետք էլ չէ ժողովրդին` հպարտություն զգալու, կարեւորը նրա համար արդյունքն է, իսկ ճանապարհը քչերին է հետաքրքրում ու քչերին է հասու, այն ճանապարհը, որ անցավ մեծ գիտնականը` թե՛ կենսագրությամբ, թե՛ գիտությամբ եւ թե՛ աշխատանքով… Առաջին բանը, որ պիտի հաղթահարեր ընտանիքի հետ, սիբիրյան աքսորն էր, առանց որեւէ պատճառի ու փաստարկման, աքսորում ձեռք բերված ծանր հիվանդությունը, այնուհետեւ մաթեմատիկան, որ, թվում է, ամենաբարդն էր առարկաներից, որ տրվում էր նրան, քանզի մաթեմատիկան առավել ըմբռնում էր պահանջում, քան սահուն ընթերցանություն, իսկ մաթեմատիկան կարճ ժամանակում յուրացնելուց ու գիտության գրանիտը հաջողությամբ «կրծելուց» հետո նրան սպառնում էին ադմինիստրատիվ աշխատանքի խարդավանքները, որոնք էլ իրենց նեղ շրջանակի մեջ առան գիտության լայնահուն շառավիղը, որով զբաղված էին գիտնականի միտքն ու հոգին։
Մերգելյանի գիտական գործունեությունը սրընթաց էր, սակավ նախադեպային, հանճարներին հատուկ. ԽՍՀՄ պատմության մեջ ամենաերիտասարդ գիտությունների դոկտորի աստիճանը շնորհվել է թեկնածուական թեզը պաշտպանելիս` 20 տարեկանում, 24 տարեկանից` ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ամենաերիտասարդ թղթակից անդամ, 20 տարեկանում, դեռ ասպիրանտուրայի ուսանող, լուծեց մաթեմատիկական ֆունկցիաների տեսության հիմնարար պրոբլեմներից մեկը, որի լուծումն ավելի քան 70 տարի չէր գտնվում։ Կոմպլեքս ֆունկցիաների հավասարաչափ բազմանդամային մոտարկման հնարավորության վերաբերյալ ապացուցած նրա թեորեմը համարվում է դասական, ներառված է ֆունկցիաների տեսության դասընթացում։ Ուսանել է Արտաշես Շահինյանին, իսկ գիտական ղեկավարը Մստիսլավ Կելդիշն էր, որի հետ հանդիպում էին երեկոյան Կելդիշի տանը, զրուցում մաթեմատիկական խնդիրների շուրջ։ Մեկուկես տարվա աշխատանքներից հետո նրա ներկայացրած թեզի պաշտոնական երեք ընդդիմախոսը` ակադեմիկոսներ Միխայիլ Լավրենտեւը, Սերգեյ Նիկոլսկին, թղթակից անդամ Ալեքսանդր Գելֆոնդը գիտխորհրդին առաջարկեցին Մերգելյանին միանգամից դոկտորական աստիճան շնորհել, եւ 1949 թ. 20-ամյա Մերգելյանը դարձավ ԽՍՀՄ ամենաերիտասարդ գիտությունների դոկտորը։ 1951 թ. գիտնականն ապացուցեց բազմանդամային մոտավորության թեորեմը, լուծեց անընդհատ ֆունկցիաները բազմանդամներով մոտարկելու խնդիրը, այնուհետ Բերշտայնի մոտարկման պրոբլեմը։ Մերգելյանի թեորեմը եզրափակեց 1885 թ. սկսված եւ Կարլ Վեյերշտրասի, Կարլ Ռունգեի, Ուոլշի, Միխայիլ Լավրենտեւի, Մստիսլավ Կելդիշի եւ այլոց դասական արդյունքներից կազմված հետազոտությունների շարքը։ «Մերգելյանի թեորեմ» եւ «Մերգելյանի բազմություն» նոր տերմինները հաստատվեցին մոտարկումների տեսության դասագրքերում եւ մենագրություններում…
Կարծես, գիտությունը ազգային դարձնելու ժամանակն էր, եւ երիտասարդ Մերգելյանը ձեռնամուխ եղավ Երեւանում ԽՍՀՄ եզակի ինստիտուտներից մեկի հիմնադրմանը։ Նրա մանկավարժական ու ադմինիստրատիվ աշխատանքների շնորհիվ Հայաստանում սկիզբ դրվեց ժամանակակից հաշվողական մեքենաների արտադրությանը։ Մերգելյանի աշխատանքային ու ստեղծագործական տարերքը չէր սահմանափակվում միայն հայաստանյան շրջանակներում, ուր նա վարեց մեծ ու փոքր պաշտոններ ու դարձավ խանդի ու նախանձի առարկա, սակայն նրա ոտքը, կարծես, չէր կտրվում Երեւանից. գնալով Մոսկվա եւ աշխատելով Վ. Ա. Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտի կոմպլեքսային վերլուծության բաժնում, դառնալով ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի մաթեմատիկայի բաժնի փոխտնօրեն, այնուամենայնիվ, կրկին հրավերով վերադառնում է Երեւան, զբաղեցնում Հայաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահի պաշտոնը, ասես` քիչ-քիչ հեռանալով գիտական բուն աշխատանքից եւ չհասնելով սպասված արդյունքի, իսկ արդյունքում փլուզվում է ԽՍՀՄ-ը, դրա հետ մեկտեղ` գիտնականի բոլոր հույսերը, եւ Մերգելյանն ստիպված է լինում մեկնել ԱՄՆ, դասավանդել Կոռնելի համալսարանում, երբեմն-երբեմն այցելելով Երեւան կամ Մոսկվա։ Մահկանացուն կնքում է ԱՄՆ-ում` 2008 թ. օգոստոսի 23-ին։ Հոգեհանգստի արարողությունը կատարվում է Գլենդելի գերեզմանատանը, իսկ աճյունասափորը` նրա իսկ ցանկությամբ, տեղափոխվում Մոսկվա եւ հողին հանձնվում Նովոդեւիչյան գերեզմանատանը, մոր եւ կնոջ կողքը։
Էլեոնորա Ներսիսյան
hhpress.am