Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան
Օհան Դուրյանի ներդրումը երաժշտական արվեստում անգնահատելի է և հասնում է վիթխարի չափերի:
Այսօր ցանկանում եմ, սակայն, գնահատության ընդհանուր խոսքեր ասելու փոխարեն անդրադառնալ Մաեստրոյի ղեկավարությամբ Հայաստանի ազգային օպերայի և բալետի թատրոնում տեղի ունեցած Գ. Դոնիցետտիի «Պողիկտոս» օպերայի ներկայացման պրեմիերային, որն այն տարիներին Երևանում հազվագյուտ մշակութային նորություն էր:
Գ. Դոնիցետտին իր օպերան ստեղծելիս ոգեշնչվել է ֆրանսիական կլասիցիստական դրամայի դասական հեղինակ Պ. Կոռնեյլի «Պոլիկտոս» ողբերգությունից:
Պիեսի նյութը ֆրանսիացի դրամատուրգը, իր իսկ վկայությամբ, քաղել է 16-րդ դարի բյուզանդացի պատմաբան Սիմեոն Մետաֆրասթեսի «Վարք սրբոց» («Սինասքար») աշխատությունից, որը ներառում է շուրջ 150 սրբերի կենսագրություն, ինչպես նաև կարդինալ Ցեզար Պարոնիուսի (XVI դար) «Եկեղեցական նոթեր»-ից:
Ողբերգության գործողությունները ներկայացնում են 249-251 թվականներին տեղի ունեցած իրադարձությունները, երբ նախաքրիստոնեական Հայաստանի զգալի մասը գտնվում էր Հռոմի տիրապետության տակ: Ինչպես վկայում են վերոնշյալ աշխատությունները` այդ ժամանակ ապրել է «մի հայ ազնվական, որի անունն էր Պողիկտոս»: Իր մտերիմ ընկերոջ` Ներսեսի հորդորներից ոգեշնչված` նա որոշում է քրիստոնեություն ընդունել և «առանց նույնիսկ մկրտվելու` կամենում է հիշատակության արժանի գործ կատարել: Չնայած Հայաստանում հռոմեացի կառավարիչ Ֆելիքսի (Ֆելիչեի) փեսան էր, սակայն ընդդիմանում է կայսեր հրամանին, որով արգելվում էր դավանել քրիստոնեություն»:
Կոռնեյլը, մասնավորապես, գրել է. «Պողիկտոսն ապրել է 250 թվականին. ազգությամբ հայ էր… Նա պատռել է կայսեր հրամանը, փշրել կուռքերի արձանները, որոնք զետեղվում էին տաճարներում` պատվանդանների վրա՝ հայերի կողմից պաշտվելու նպատակով…
Չանսալով իր կնոջ պաղատանքներին, աներոջ խնդրանքին՝ վերադառնալ հնոց հավատքին, Պողիկտոսը քրիստոնեություն է ընդունում, ենթարկվում հետապնդումների և հենց աներոջ կողմից էլ, ի վերջո, տանջամահ արվում»:
Այս պատմությունը տեղի է ունեցել Մելիտենա քաղաքում, որն ավելի ուշ հայտնի պիտի դառնար Մալաթիա անունով:
Որոշում էր կայացվել «Պողիկտոս» օպերայի առաջնաելույթը տալ 1993 թվականի հուլիսի 17-ին, քանի որ «յոթերորդ ամսվա 17-րդ օրն է Նոյյան տապանը կանգնել Արարատի գագաթին»: Հայ ժողովրդի մեծատաղանդ զավակներ Վեհափառ Հայրապետ Վազգեն Առաջինը (որի շնորհիվ ու ջանքերով էր օպերայի պարտիտուրը Իտալիայից Հայաստան բերվել) և Օհան Դուրյանն էին ներկայացման պրեմիերայի կայացման օրը համապատասխանեցրել աստվածաշնչյան այդ իրադարձությանը:
Ներկայացմանը օպերայի դահլիճը լեփ-լեցուն էր, և ասեղ գցելու տեղ չկար (դա, իհարկե, սովորական երևույթ էր Մաեստրոյի յուրաքանչյուր համերգի համար):
Բեմադրությունը Տիգրան Լևոնյանինն էր, պարերի բեմադրությունը՝ Վիլեն Գալստյանինը, բեմադրության նկարիչը՝ Եվգենի Սաֆրոնովն էր: Մասնակցում էին`
Պողիկտոս` Ռազմիկ Պապիկյան
Պաոլինա` Հասմիկ Հացագործյան
Սևերոս` Կոնստանտին Սիմոնյան
Կալիստեն` Վալերի Հարությունյան:
Հանդիսատեսներս ականատես եղանք գեղեցիկ ու հզոր, անմոռաց մի ներկայացման, որը 1993 թվականի երևանյան հետընթաց ապրող ու սառած մշակութային կյանքում ջերմության բոց էր, ներկաներից յուրաքանչյուրի հոգին արվեստի՛ հզորությամբ ալիքող ջերմության բոց…
Դահլիճի օթյակում էին երջանկահիշատակ Վեհափառ Հայրապետը, Գոհար Գասպարյանը, բազմաթիվ նշանավոր հյուրեր սփյուռքից ու հայրենիքից:
Ներկայացումն ավարտվեց: Հանդիսատեսի համար նոր աշխարհ բացած ներկայացմանը տրվող ծափահարությունները շռնդալից էին, ու դրանց ձայնից սրահը թնդում էր: Ծափահարում էինք հոտնկայս, խելահեղ` ինքներս չիմանալով` ու՞մ` Օհան Դուրյանի՞ն, Վազգեն Առաջինի՞ն, Գոհար Գասպարյանի՞ն, Հասմիկ Հացագործյանի՞ն` իր հիանալի բեմական կեցվածքով ու քնքուշ սոպրանոյով: Ծափահարում էինք լիաբուռն, քանզի ծափահարությունները, հիրավի, վաստակել էին բոլորը: Իսկ մենք` հանդիսատեսներս, հատկապես կարոտ էինք հենց այդպիսի նորարարության` սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող, մտքի նինջն արթնացնող մի երևույթի:
«Պողիկտոս»-ի ներկայացումը բոլորիս հաղթանակն էր:
Պերճ Դոլինյան
8 Օգոստոսի, 2013
Ք.Սալոնիկ: Հունաստան
AZG Armenian Daily #001, 11/01/2011
ԱՄԵՆԱՄԵԾ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
Հիմա հայաստանյան որոշ արվեստախառն պետական այրեր կսկսեն ցավակցություն եւ ափսոսանք հայտնել, իսկ գուցե եւ լան, մազեր փետտեն, թաշկինակներ քամեն (աման-աման) տեսակ-տեսակ ճառերով պատմեն Դուրյանի մեծության, անգամ իրենց փայլուն հարաբերությունների մասին Մեծն Մաեստրոի հետ:
Ո՞ւր ես, Շիրազ. նորից ասա՝ «Գնա մեռի, արի սիրեմ»…
Բայց այդ մարդկանցից եւ ոչ մեկը իր վրա չի վերցնելու մեղքի այն բաժինը, որի պատճառով Մեծ hայը լքեց իր Հայրենիքը եւ մեկնեց Մոսկվա՝ կրթելու այլոց, այն դեպքում, երբ կարող էր դիրիժորության վարպետության մի ամբողջ փունջ դասեր պարգեւել արվեստի մեջ դեռ երեկվա, իսկ այսօր արդեն բիրդան աղա դարձած, հետն էլ Արվեստի վաստակավոր գործիչ անվանումը առած, գնած, գողացած, շրջապատի հաշվին յուրացրած, բայց ոչ ձեռք բերված կոչումը: Ու կհանդիպի Մաեստրոն նրանց, վերեւում, ու կթքի նրանց երեսներին, եւ իհարկե նրանք էլ կասեն, վայ, տես, անձրեւ է գալիս…
1992 թվի ցուրտ ձմեռն էր: Օպերային թատրոնի դահլիճը լեփ լեցուն էր ԻՍԿԱԿԱՆ արվեստագետներով եւ արվեստասերներով: Պատճառը՝ Օհան Դուրյանը կատարում էր Բեթհովենի թիվ 9 անմահ սիմֆոնիան: Ցուրտ էր, շատ ցուրտ, բայց ոչ ոք դահլիճը չլքեց: Հերոսներ էին նաեւ կատարող երաժիշտները երգչախմբով հանդերձ: Համերգի հիանալի ավարտից հետո ինձ մոտեցավ Ռադիոյի երաժշտական խմբագրության մեկնաբանը (Վալիկը) համերգի առթիվ տպավորության հարցազրույցի խնդրանքով: Եվ ահա թե ինչ ասացի,- Ես չէ, որ պիտի գնահատեմ Օհան Դուրյանի արվեստը, ամենամեծ գնահատականը այս ցուրտ, չտաքացվող դահլիճի լեփ լեցուն լինելն է…
ՆՈՒԲԱՐ ԱՍԼԱՆՅԱՆ, Հայֆա, Իսրայել
Մաեստրո ջան,ասա է,ասա…
Լավ ասացիր ,բայց այդքան էլ չկան;Չգիտեմ թե ուրիշները ինչպ՞ես,բայց ինձ համար համար մեկ չափանիշաը,դա Հայաստանի ԱԺ-ն է;Նայում եմ այդ ընտրանուն ու մտածում,թե եթե սա է ընտրանին,ապա նորմալ մահկանացուները ինչպիսի՞ն են;