ՄԵԼԻՆԵ ԱՆՈՒՄՅԱՆ. «Իմ խնդիրն եմ համարում հայ հասարակությանը հիշեցնել Թուրքիայի իրական դեմքը, քանի որ նկատելի է զգոնության կորուստ»
«Ժամանակը կերտողները» նախագծի շրջանակներում այսօր կզրուցենք թուրքագետ—պատմաբան, թարգմանչուհի Մելինե Անումյանի հետ:
— Ինչպե՞ս սկիզբ առավ Ձեր մասնագիտական ուղին:
-Մասնագիտության հարցում շատ արագ և բավականին վաղ տարիքում կողմնորոշվեցի։ Դեռևս 2-րդ, 3-րդ դասարաններից հստակ որոշել էի, որ հայագետ բանասեր եմ դառնալու։ Սակայն ճակատագիրն այլ ուղի էր սահմանել ինձ համար։ 1990-ական թվականներին, երբ Հայաստանում էլեկտրականության հովհարային անջատումներ
էին, պոլսահայ տատիկս հաճախ էր թուրքական հեռուստաալիքներ դիտում, քանի որ այդ ժամանակ հայերեն հաղորդումները սակավաթիվ էին, իսկ նա ռուսերեն չգիտեր։ Ակամա ամեն օր թուրքերեն լսելով՝ 14-15 տարեկանում արդեն սկսեցի լիովին հասկանալ խոսակցական թուրքերենը և 7-րդ, 8-րդ դասարաններում որոշեցի թուրքագետ դառնալ։
1994 թ․ ընդունվեցի ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության բաժինը։ Ուսանողական տարիքում գիտակցեցի, որ հայ թուրքագետը պարտավոր է իր գիտելիքները ծառայեցնել ի նպաստ Հայ դատի։ Եվ համալսարանն ավարտելուց հետո ասպիրանտուրան շարունակեցի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, որն այն տարիներին ենթակա էր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիային, իսկ ներկայում առանձին հիմնադրամ է։
— Կխոսե՞ք Ձեր ստեղծագործական ձեռքբերումներից:
-Ստեղծագործական կյանքում ամենամեծ ձեռքբերումներիցս եմ համարում 2 մենագրություններս, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանությանը, մասնավորապես՝ երիտթուրքերի 1919-1921 թթ․ և 1926 թ․ դատավարություններին։ Կարծում եմ, գրքերիս գլխավոր առավելությունն այն է, որ դրանք հիմնված են օսմանյան և թուրքական արխիվային նյութերի վրա։ Մենագրություններիցս մեկի վերնագիրն է՝ «Երիտթուրքերի 1919-1921 թթ․ դատավարությունների վավերագրերը ըստ օսմանյան մամուլի», իսկ մյուսինը՝ «Ճանաչում և դատապարտում․ երիտթուրքերի դատավարությունները (1919-1921 թթ. և 1926 թ.)»: Ի դեպ երկրորդ գիրքս հրատարակվել է նաև անգլերեն (Բեյրութում, 2017 թ.) և թուրքերեն (Ստամբուլ, 2018 թ.)։
Գրքերում օսմանյան և թուրքական բազմաթիվ աղբյուրների առկայությունը և դրանց հիմնավորվածությունը թույլ չեն տվել, որ որևէ թուրք պատմաբան կամ այլ մասնագետ կասկածի ենթարկեն մենագրություններում ներկայացված փաստերի իսկությունը։
Ձեռքբերում եմ համարում նաև այն, որ այդ թեման ներկայացրել եմ ոչ միայն հայաստանյան և սփյուռքահայ հանրությանը, այլ նաև՝ Թուրքիայում, Իրանում, ԱՄՆ-ում և եվրոպական մի շարք երկրներում։
— Ի՞նչ առաքելություն ունեք Դուք՝ որպես հայ և որպես մասնագետ:
-Կնախընտրեի «հայ» և «մասնագետ» բառերը միացնել։ Ինչպես նկատեցիք, հաճախ եմ օգտագործում «հայ թուրքագետ» արտահայտությունը, քանի որ, կարծում եմ՝ ի տարբերություն, օրինակ, ռուս կամ եվրոպացի թուրքագետների նպատակների՝ հայ թուրքագետի առաքելությունը լիովին տարբեր է։ Մի առիթով այս հարցի մասին գրել էի․ «․․․Իսկ իրականում ինչու՞ են Հայաստանում թուրքագետ դառնում։ Հայերն այս մասնագիտությունն ընտրում են, որպեսզի կարողանան արդյունավետ մեխանիզմներ գտնել՝ ընդդեմ թուրքական սպառնալիքներին, որպեսզի կարողանան պայքարել հանուն Հայ դատի արդար լուծման, որպեսզի ծառայեն Հայկական հարցի վերջնական հանգուցալուծմանը․․․»։
Եթե ձևակերպեմ մեկ նախադասությամբ՝ որպես հայ թուրքագետ՝ իմ առաքելությունն եմ համարում ողջ մասնագիտական կյանքի ընթացքում պայքարել հենց այդ նպատակների իրականացման համար․․
Իհարկե, չեմ պնդի, թե հայ թուրքագետը չպետք է ուսումնասիրի թուրք գրականություն, թուրքերեն լեզու և այլ թուրքագիտական ենթաճյուղեր, սակայն կարծում եմ, որ յուրաքանչյուր հայ թուրքագետի առաքելությունը նախ և առաջ պետք է լինի ուսումնասիրել այնպիսի թեմաներ կամ ենթաճյուղեր, որոնցով կնպաստեն Հայկական հարցի հայանպաստ լուծմանը և կծառայեն ի շահ Հայաստանի Հանրապետությանը․․․
— «Կրթված կանայք հասարակության համար գանձ են»,-ասել է Մխիթար Գոշը: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այս միտքը:
— Ակնառու է, որ դեռևս միջնադարում հայ ժողովուրդը գիտակցել է կնոջ դերն ու նշանակությունը, և դա դրսևորվել է Գոշի «Դատաստանագրքում»։ Այսօր մեզ ժողովրդավարություն և մարդու իրավունքներ «սովորեցնող» Եվրոպայում այն ժամանակահատվածում հնարավոր չէր խոսել ոչ միայն կնոջ, այլ առհասարակ՝ մարդու իրավունքների մասին։ Մեզ ընդամենն անհրաժեշտ է ճանաչել ինքներս մեզ և գնահատել այն, ինչ ունենք։
Բոլորս գիտակցում ենք, որ երեխայի դաստիարակության մեջ առյուծի բաժինը կնոջն է, և ուսյալ կինը կրթված հասարակության գրավականն է։ Հենց դա է նկատի ունեցել միջնադարյան հայ իրավական մտքի տիտան Մխիթար Գոշը՝ ասելով․ «Կրթված կանայք հասարակության համար գանձ են»։
— Ինչ է տալիս մեզ՝ հայերիս, գերմանացի գիտնական Հենրիխ Շլիմանի այն վկայությունը, թե. «Եվրոպայի դժբախտությունն այն էր, որ նա որպես քաղաքակրթական հիմք ընդունեց Հունաստանը, և ոչ Հայաստանը»:
—Առաջին հերթին այն մեզ պետք է մղի ավելի շատ խորամուխ լինելու մեր պատմության խորքերը, ավելի լավ ընկալելու մեր մշակույթն ու քաղաքակրթությունը և հետևաբար՝ ավելի հիմնավոր ճանաչելու ինքներս մեզ։
Ինչպես գրված էր Դելֆյան տաճարի ճակատին՝ «Ծանի՛ր զքեզ», այսինքն՝ ճանաչիր ինքդ քեզ։ Մեզանում ընդունված է արժևորել և բարձրացնել այն, ինչ մերը չէ՝ եվրոպական մշակույթը, արևմտյան քաղաքակրթության արժեքները և այլն։ Այնինչ, ինչպես կասեր Խորենացին․ «․․․Մեր աշխարհում էլ գրելու և հիշատակելու արժանի շատ սխրագործություններ են կատարվել», և դա վերաբերում է ինչպես մշակույթին, այնպես էլ քաղաքակրթության մյուս շերտերին։
— Ո՞րն է Ձեր գաղափարախոսությունը:
-Միշտ մնալ լավ մարդ ու լավ մասնագետ հասարակության համար, ինչպես նաև՝ լավ կին ընտանիքիս համար։ Կյանքի ընթացքում, երբ բախվում ես տարբեր խնդիրների, խոչընդոտների, անարդարության, ամենադժվարը չհիասթափվելն է և պայքարը շարունակելը։ Երբ անարդար վերաբերմունքի եմ հանդիպում, երբ որևէ վատ բան է պատահում ինձ, դա ոչ միայն չի կոտրում պայքարելու իմ կամքը, այլ հակառակը՝ լրացուցիչ մղիչ ուժ է դառնում նպատակներիս հասնելու համար։
Յուրաքանչյուր մարդու և ամեն մի հայի հավատամքը պետք է լինի լավ մարդ և լավ հայրենակից մնալը։ Այսօր մեր երկրում խնդիրների թիվն ու բովանդակությունն աննախադեպ աճել են, և հայի համար դժվարացել է այդ հավատամքին հետևելը։ Սակայն այսօր ավելի քան անհրաժեշտ է տոկուն մնալ և լինել հավատարիմ այդ գաղափարներին։
— Մերօրյա իրականությունն ինչպե՞ս է արտացոլվում Ձեր ստեղծագործությունների կոնտեքստում:
-Եթե նախկինում իմ գիտական հետաքրքրությունները հիմնականում ուղղված էին պատմական հարցերին, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանությանը և դրա այն հետևանքներին, ինչպիսիք են, օրինակ, ծպտյալ և իսլամացած հայերը, ապա այժմ նկատի ունենալով մեր երկրին սպառնացող լուրջ վտանգները՝ իմ ուշադրությունն ավելի սևեռված է արդի քաղաքական խնդիրներին, այն բոլոր մարտահրավերներին, որոնց բախվում է այսօր Հայաստանի Հանրապետությունը՝ կապված Թուրքիա պետության ծավալապաշտական նպատակների հետ։ Իմ խնդիրն եմ համարում հայ հասարակությանը հիշեցնել Թուրքիայի իրական դեմքը, քանի որ նկատելի է զգոնության կորուստ։
— Ի՞նչն է խանգարում մասնագիտական ունակությունները ռեալիզացնելուն:
-Ձեր թույլտվությամբ, մի փոքր փոխեմ այս հարցը՝ խնդրին դրական դիտանկյունից մոտենալով․ ի՞նչն է օգնում մասնագիտական ունակությունները ռեալիզացնելուն։ Ինձ համար ամենաազդեցիկ մղիչ ուժը միշտ եղել և մնում է այն հավատքը, որ մասնագիտական ունակություններս օգտագործելով՝ իրոք օգտակար գործ եմ կատարում մեր երկրի և համայն հայության համար։ Եթե չլիներ այդ հավատքը, դժվար իմ մեջ ուժ գտնեի հաղթահարելու օսմաներեն սովորելու դժվարությունները, որպեսզի բազմաթիվ աղբյուրներին հասանելիություն ունենամ։ Գիտակցելով, որ Հայոց ցեղասպանության փաստագրման առումով ամենակարևորը օսմանյան աղբյուրներն են, ամիսներով օր ու գիշեր աշխատում էի այդ փաստաթղթերը վերծանելու ուղղությամբ, ինչի համար իրապես մեծ կամքի ուժ էր պահանջվում, քանի որ այդ լեզուն սովորելու համար ունեի ընդամենը 2-3 ամիս ժամանակ։
Ինչ վերաբերում է Հայաստանում մասնագիտական ունակությունները ռեալիզացնելուն խանգարող հանգամանքներին առհասարակ, կարծում եմ, որ դրանք առաջին հերթին կապված են աշխատաշուկայի թելադրած պայմանների հետ։ Եթե նորավարտ երիտասարդները վստահ լինեն, որ կգտնեն իրենց մասնագիտությամբ աշխատանք, համոզված եմ, որ ավելի ոգևորված և նպատակաուղղված կհմտանան իրենց մասնագիտության մեջ։
— Ձեր վերաբերմունքն այսօրվա իրականությանն ինչպիսի՞ն է։
-Ոչ մի հայ մարդ չի կարող անտարբեր մնալ այսօրվա իրականության առաջ, որը, ցավոք, շատ մտահոգիչ է։ Բնականաբար, իմ մեջ ևս կա տագնապ և շատ բան փոխելու ցանկություն։ Այսօր մեզ, առավել քան երբևէ, պետք են համախմբում, միաբանություն, հայրենիքին տեր կանգնելու ցանկություն, հույս ու հավատք, որպեսզի մեկընդմիշտ հեռացնենք ներկայիս ապազգային պետական գործիչներին, իշխանության բերենք իրոք երկրի վիճակով ու ապագայով մտահոգ և առկա խնդիրներին լուծում տալու կարող ազգային ուժերի և կառուցենք մեր երազած հայրենիքը․․․
— Ինչպիսի՞ հայրենիք կցանկանայիք ավանդել գալիք սերունդներին:
-Գալիք սերունդներին ցանկանում եմ ավանդել ապահով, անկախ, միացյալ Հայաստան, որտեղ իշխանության են եկել ազգային գործիչները, որտեղ հայրենադարձվել և մշտական բնակություն են հաստատել մեր բոլոր սփյուռքահայ ազգակիցները, Հայաստան, որն ընդգրկում է ամբողջ Ջավախքը, Արցախը և Արևմտյան Հայաստանը, Հայաստան, որը վերականգնել է իր միջազգային հեղինակությունը, Հայաստան, որի հետ հաշվի են նստում, Հայաստան, որը շրջապատված է ոչ թե թշնամիներով, այլ՝ ծովերով․․․
ՄԱԳԱՂԱԹՑԻ