Մելինա Մերկուրի. վերջին հույն աստվածուհին
Հմայիչ, համարձակ, հրապուրող, անհանգիստ, մարդամոտ, ջերմեռանդ դեմոկրատ, ականավոր քաղաքական գործիչ, հույն հանրահայտ և տաղանդավոր դերասանուհի, այլ կերպ ասած՝ Մելինա Մերկուրի, կամ, ինչպես հույն ժողովուրդն է ասում՝ մեր Մելինան…
Քսան տարի է անցել Բարեկենդանի՝ 1994 թվականի մարտի 6-ի տոնական երեկոյից, երբ Հունաստանը կորցրեց իր հարազատ զավակին… «Վերջին հույն աստվածուհին», որի առասպելը կենդանի է հույն ժողովրդի սրտում:
Մելինա Մերկուրին (կնքված՝ Մարիա-Ամալյա անունով, սակայն ողջ կյանքի ընթացքում ներկայացած և հանրահայտ դարձած Մելինա անունով) ծնվել է 1920 թվականի հոկտեմբերի 18-ին, Աթենքում, քաղաքական գործչի ընտանիքում: Պապը՝ Սպիրոս Մերկուրիսը, երկար տարիներ Աթենքի քաղաքապետն է եղել, հայրը՝ Ստամատիս Մերկուրիսը՝ Հունաստանի խորհրդարանի պատգամավոր, արդյունաբերության և ներքին գործերի նախարարությունների նախարար:
Վաղ մանկությունն անցկացրել է պապի տանը մինչև ծնողների բաժանվելը: Երեք տարեկան էր, երբ նրանք ամուսնալուծվեցին, և Մելինան մոր հետ հեռացավ սիրելի պապի տանից՝ ապրելու տատի տանը: Հետագայում պիտի հիշեր պապի և հոր ազատ ու անկախ ոգին, նրանց համեմատեր մոր և տատի խոնարհ ու համեստ կերպարների հետ և մտովի որոշում կայացներ. «Ես իմ կյանքը կապրեմ միայն ուժեղ ու անկախ…»:
18 տարեկանում Մելինան հստակեցրել էր իր պահանջները կյանքի նկատմամբ. որոշել էր դերասանուհի դառնալ՝ հակառակ մոր ցանկությանը: 1939 թ. նա գաղտնի ընդունվում է Թագավորական (այժմ՝ Ազգային) թատրոնին կից դերասանական բարձրագույն դպրոցը: Ուսումը սկսում է հույն հայտնի դերասան և ռեժիսոր Դիմիտրիոս Ռոտիրիսի դասարանում, որն էլ դառնում է Մելինայի մեծագույն ուսուցիչը:
Դեռևս չափազանց երիտասարդ՝ ամուսնանում է իր ճանապարհին հայտնված մեծահարուստ Պանոս Խարոկոպոսի հետ, որն առանձնապես նպատակ չուներ ամուր ընտանիք կազմելու: Մելինան իր անկախությունն ապահովելու նպատակով, ըստ նախնական համաձայնության, գաղտնի ամուսնանում է նրա հետ այն պայմանով, որ վերջինս օժանդակելու է իրեն նյութապես և նպաստելու է թատրոնում կարիերա ստեղծելուն:
Համաշխարհային երկրորդ պատերազմի տարիներն էին. ֆաշիստական Գերմանիան զավթել էր Հունաստանը: Մելինան հետագայում էլ ցավով էր հիշում այդ տարիները՝ ընդգծելով, որ երբեք իրեն չի կարող ներել, որ ձեռքերը ծալած, դիտորդի դերում ուսում էր ստանում, մինչդեռ հայրենիքը դժբախտության մեջ էր գտնվում:
1944-ին Հունաստանն ազատագրվում է ֆաշիստական լծից, և Մելինան սկսում է իր թատերական գործունեությունը: Նրա առաջին դերը Ալեքսիս Սոլոմոսի «Ազատության արահետները» պիեսում էր: Ցավով է բեմից նկատում հանդիսատեսի՝ ոչ միայն իր հանդեպ ունեցած անվստահությունը, այլև բոլոր նրանց, ովքեր պատերազմի ընթացքում «լավ են ապրել, ուրեմն ֆաշիստների հետ համագործակցել են, նրանց ծառայել»: Թեև ընկճվում է, սակայն մարտական բնավորությունը թույլ չի տալիս զենքը ցած դնել՝ համոզված, որ, միևնույնն է, ինքը կդառնա մեծ արտիստ և կապացուցի բոլորին իր նվիրվածությունը ազգին ու հայրենիքին:
«Ուզում եմ կախարդել, ասել ժողովրդին ճշմարտությունը, և եթե սա մեղք է համարվում, պատրաստ եմ պատժվելու»,_ ասում էր նա, երբ 1947-ին ընդունվում էր Ազգային թատրոն՝ որպես դերասանուհի: Այստեղ նորից հանդիպում է իր սիրելի դասատու Ռոտիրիսին: Երկուսի բծախնդիր բնավորությունն էլ ստիպում է դասատուին նույնիսկ արտահերթ, մասնավոր դասեր տալ Մելինային՝ նրանում կերտելու լավագույն դերասանին: Չնայած ողջ ուժերի ներդրմանը՝ Մելինան ստիպված էր ձանձրանալ՝ սպասելով գլխավոր դերին: 1949-ին, թեև Ռոտիրիսը դիմադրում էր, համաձայնում է խաղալ Բլանշի դերը Թենեսի Վիլյամսի «Տրամվայում»: Դա Մելինայի առաջին գլխավոր դերն էր, որը պսակվում է հաջողությամբ. նրան պատվում են հոտնկայս ծափահարություններով:
20-րդ դարի 50-ական թվականներին հույն կնոջ կարծրատիպը ամուսնանալն էր ու տանը նստելը: Այդ տարիներին հույն նշանավոր դրամատուրգ, ակադեմիկոս Յակովոս Կաբանելլիսը ճանաչում է վայրի գեղեցկությամբ մի բացառիկ կնոջ, որն ազատ ու անկախ, ժամանակի կանանցից տարբերվող կյանք էր վարում և 35 տարեկանում ամուսնության մասին լսել անգամ չէր ուզում. «Նախընտրում եմ մեռնել, քան ամուսնանալ». հանգամանք, որը կարծրատիպի հակառակ բևեռն էր: Մելինայի կերպարն ազդակ է դառնում, որպեսզի Կաբանելլիսը գրեր «Ստելլա» ստեղծագործությունը, որը հետագայում ֆիլմ էր դառնալու: Գլխավոր հերոսուհու՝ Ստելլայի կերպարը մարմնավորելու էր ինքը՝ Մելինան:
Մելինան ուսանողական տարիներին
1950 թ. ֆրանսիացի դրամատուրգ Մարսել Ասարը, Մելինայով հրապուրված, նրան հրավիրում է Փարիզ՝ աշխատելու առաջավոր դերասանների կողքին: Դերասանուհին ընդունում է առաջարկը, քանի որ վաղուց էր մտադրվել արտասահմանում կարիերա սկսել: Փարիզյան թատրոնները հելլենուհուն բարձրացնում են աստղային երկնակամար. գրեթե ամեն երեկոն նրան հաղթանակ էր բերում: Միակ փակ դուռը դեպի կինոն տանող ճանապարհին էր: Պատճառաբանությունը՝ դեմքի անհամապատասխանությունը կինեմատոգրաֆայի աշխարհի համար: Սակայն կինոռեժիսոր Միխալիս Կակոյաննիսը «Ստելլան» էկրանավորելիս անտեսեց ամեն ինչ, և դա դարձավ Մելինայի առաջին հաղթանակը կինոյում: 1955-ին ֆիլմը ներկայացվում է Կաննի միջազգային կինոփառատոնում: Մելինան համոզված էր, որ ֆիլմն առաջին մրցանակին է արժանանալու: Մեծ եղավ, սակայն, նրա հիասթափությունը, երբ ֆիլմը մրցանակ չշահեց: Փառատոնի ճաշկերույթի ժամանակ ամերիկացի մի ռեժիսոր, որը քիչ առաջ Ոսկե փյունիկ էր շահել, արտասվող Մելինային ասել է. «Մեկ մրցանակը չնչին բան է քեզ համար, դու ավելի մեծ արժեքներ ունես»: Այդ հանդիպումը պիտի սկիզբ դներ Մելինայի և Ժյուլ Դասենի՝ առաջին հայացքից ծնունդ առած սիրուն:
«Ստելլա»
Նյութը՝ Պերճ Դոլինյանի
Աղբյուրը` Լուսինե Զաքարյան Lousine Zaqaryan ֆեյսբուկյան էջ