«Մաքրամաքուր հոգիներին». Կարեն Առաքելյանի բանաստեղծություններից
ՄԱՔՐԱՄԱՔՈՒՐ ՀՈԳԻՆԵՐԻՆ
Սրտահույզ էր, հոգեպարար ու անկեղծ,
Ամեն մաղթանք, ամեն ծաղիկ՝ բուրավետ.
Ես չգիտեմ, որքանո՞վ եմ բանաստեղծ,
Բայց հաճո է, երբ ասում են՝ ի՛մ պոետ…
Եվ հաճո է, որ սրբապիղծ այս դարում,
Երազներ կան, ու եթերներ անաղարտ.
Հոգիներ կան, որ երգերն են զարդարում,
Ու սրտերում դեռ աճում է սիրո վարդ:
Արեգակի հուսաբեկբեկ կերոնով,
Երկնավորը լուսայգներ է ավետում.
Պատմությունը չի սկսվել Ներոնով,
Եվ Հռոմի այրումով չի ավարտվում…
Հազարավոր դարեր եկան ու անցան,
Սերն ու Բարին ոչ մի չար ուժ չփշրեց.
Անցած գարնան ալ վարդերն էլ չորացան,
Վարդարմատից թուփը նորից վարդ տվեց —
Մաքրամաքուր հոգիներում երկնաբույր,
Հազարաթև կռունկներ են թևածում.
Երազների աստղաճամփով ամենուր
Եվ այգերին՝ արևների վերածվում…
Ու ցնծում է սիրտը ամեն շողի հետ,
Հոգիները ջերմանում են եթերում.
Եվ հուսավառ ու աստղային մի պոետ –
Քնքշանվաղ սիրո երգեր է գրում: