Մարտնչող Քահանան
Հատված Խաչիկ Մաթևոսի Տեր-Ռաֆայելյանի «Տոհմապատում» (Երևան 2004թ.) գրքից:
Հետո կոտորածի հերթը հասավ աղուհացով դիմավորողներին: Նրանք նույնպես չկարողացան խուսափել թուրք ջարդարարների մսաղացին բաժին դառնալուց: «Մենք աղուհացի փոխարեն գնդակների տարափով կդիմավորենք թշնամուն, -ասում է Տեր Տաճատը, — պետք է առաջնորդվենք Վարդանանց կարգախոսով՝ «Մահն իմացյալ անմահություն է»: Մեր քար ու քռի մեջ կկասեցնենք թուրքերի առաջխաղացումը, մինչև հասնեն աշխարհազորայինների հիմնական խմբերը»:
Նա ծառայել էր ռուսական բանակում, ծանոթ էր զինատեսակներին և մասամբ տիրապետում էր մարտավարության կանոններին: Տեր Տաճատին հայտնի էր, որ այդ նույն ժամանակ ղողանջում են շրջանի բոլոր եկեղեցիների զանգերը: Ապարանի շրջկենտրոնում 64-ամյա Տեր Ռաֆայելը Ս. Խաչ եկեղեցում կատարում է Սուրբ պատարագի կարգը, որից հետո շրջանի մարտունակ ամբողջ բնակչությունը դուրս էր գալու թշնամու դեմ: Առաջինը Տեր Տաճատին օգնության հասան Գյուլուջա (Վարդենիս) գյուղի քահանա Տեր Հովհաննեսը, Դովրի գյուղի քահանա Տեր Գրիգորը, Փարպի գյուղի քահանա Տեր Գևորգը և եզդիների ջոկատները: Նրանցից յուրաքանչյուրը ջոկատում ուներ հարյուրից ավելի զինյալ մարտիկ: Տեղ են հասել նաև աշխարհազորայինների հիմնական խմբերը:
Նրանց մեջ քիչ չէին ռուսական բանակում ծառայած նախկին զինվորներ ու հրամանատարներ:
Ապարան գյուղի մեծահարուստ Մելիք Սիրեկանը բացել էր ամբարները, ոչինչ չէր խնայում աշխարհազորայիններին օգնելու համար: Մյուս ունևորները հետևեցին Մելիք Սիրեկանի օրինակին: Կանայք, երեխաներն անգամ օգնում էին դիմադրության մարտիկներին:
Հայտնի է, որ Ապարանի բնակչությունը հիմնականում վերաբնակեցվել է Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ, Բայազետ, Մուշ, Էրզրում, Սասուն և այլ գավառներից: Նրանք իրենց մեջ կրում են պապերի հարազատ արյունը, համառ են, դրսևորում են երկաթյա կամք, ունեն մարտնչող ոգի: Արդյունքում, չնայած զգալի կորուստներին (թուրքերինը տասնապատիկից ավելի էին), Ապարանի աշխարհազորայինների պատնեշը հուսալիորեն փակել է թուրք հրոսակների ճանապարհը դեպի Երևան: Որից հետո տեղ հասած ազգային զորամասերը՝ զորավար Դրաստամատ Կանայանի (Դրոյի) հրամանատարությամբ, պատրաստվել են հակահարձակման: Զորամասի մեջ մտնում էին 6-րդ հրաձգային գունդը, հեծյալների գունդը, կամավորական ջոկատներ՝ Սեդրակ Ջալալյանի, Արսեն Տեր-Պողոսյանի, Ջանգիր աղայի զինյալները: Վճռական ճակատամարտը տեղի է ունենում Բաշ-Ապարանի մերձակա Ուղտասարի փեշերին, որով և այն պատմության մեջ հայտնի է որպես Բաշ-Ապարանի ճակատամարտ: Ապարանցիների ինքնապաշտպանական պայքարի արթնացած ոգին ճակատամարտում տվել է իր արդյունքը՝ գլխովին ջախջախվել է ոսոխը, ետ շպրտվել՝ տալով զգալի կորուստ: Իր կտակի համաձայն վերջերս ճակատամարտի տեղում հողին է հանձնվել անվանի հայրենասեր ու զորավար Դրաստամատ Կանայանի աճյունը: Փառք ու պատիվ նրան:
Ըստ Դրոյի՝ 1918թ. մայիսի 28-ը կերտել են շրջանի հերոսները: Մեր համոզմամբ՝ Բաշ-Ապարանի պաշտպանության թեժ օրերին՝ մինչև աշխարհազորայինների օգնության հասնելը, Տեր Տաճատի ջոկատը (40-50 մարդ) մի քանի օր ու գիշեր կանգնեցրել է թուրք հրոսակների ընթացքը դեպի Ապարան- Երևան: Գիշերային հարձակումներից մեկի ժամանակ, լսելով ռուսերեն հրամաններ, որ արձակում էր Տեր Տաճատը, թուրքերը խուճապի են մատնվել, կարծելով կռվում են ռուսական բանակի հետ՝ դիմել են փախուստի՝ թողնելով մեծ քանակությամբ զինամթերք, նաև գնդացիր: Իմանալով այդ մասին ճակատամարտի ընդհանուր հրամանատար Դրոն շնորհակալություն է հայտնել Տեր Տաճատին և նրան նվիրել «Մաուզեր» տիպի ատրճանակ: Այդ զենքից Տեր Տաճատը չի բաժանվել մինչև 1931թ. մայիս, մինչև իր նահատակվելը Սաղմոսավանքի ձորի քարայրում: Դանագիրմազցի Ավետիս Վարդանյանը Տեր Տաճատի մասին ասել է. «Մի ձեռքում Քրիստոսի Սուրբ Խաչը, մյուսում՝ սուր, նա մինչև իր նահատակվելը՝ 1931թ., մարտնչել է քրիստոնեական հավատքի ու Հայաստանի անկախ Հանրապետության համար»:
***
Անուրանալի է Տոր Տաճատի ավանդը 1918թ. Բաշ-Ապարանի ճակատամարտում, որը պսակվեց թուրքերի դեմ տարած փայլուն հաղթանակով: Այդ ճակատամարտի մասին գրվել է ու դեռ շատ կգրվի:
Այստեղ մեր նպատակն է վեր հանել Տեր Տաճատի կենսագրությունը:
Տեր Տաճատը ծնվել է 1891թ. Ապարանի շրջանի Դանագիրմազ (Նիգավան) գյուղում: Նրա պապերը, հազիվ փրկված թուրքական կոտորածից, գաղթել են Արևմտյան Հայաստանից՝ Էրզրումից: Նա ամուսնացել է 1915թ: Ունեղել է մեկ աղջիկ, չորս տղա, որոնցից այժմ ողջ է կրտսեր տղան՝ Աշոտը: Տեր Տաճատը 1916թ. ձեռնադրվել է քահանա երջանկահիշատակ Տեր Գևորգ Ե կաթողիկոսի ձեռամբ:
Նրա համագյուղացիներն անվերապահորեն հավատացել են, որ տարիներ շարունակ իրենց ցանքերը հեռու են մնացել կարկտահարումից շնորհիվ Տեր Տաճատի աղոթքների: Հիմա էլ գյուղացիները դեռ հիշում են. «Երաշտի տարիներին բավական էր Տեր Տաճատը Մաշտոցը ձեռքին դաշտ դուրս գար, կտեղար հորդ անձրև»:
Այլ կերպ է դասավորվել Տեր Տաճատի կյանքը խորհրդային կարգերի օրոք: Տարեց մարդկանց հետ մեր զրույցների միջոցով պարզեցինք, որ Տեր Տաճատը հավասարապես մարտնչել է թե՛ Հայաստան ներխուժած թուրքական բանակի և թե՛ խորհրդային սին գաղափարների դեմ: Բռնաճնշումների տարիներին (30-ական թվականներ) նահատակված Տեր Տաճատի հարազատներն անգամ ժամանակին չեն համարձակվել հետաքրքրվել ու պարզել նրա զոհվելու հանգամանքներն ու գերեզմանի տեղը: Մեր երկար պրպտումներից հետո հաջողվեց ծանոթանալ Տեր Տաճատի հարազատներին՝ տղային և եղբոր տղային: Նրանք բռնաճնշումների ծանր տարիներին, տևական հալածանքներից ու աքսորներից հետո ընտանիքով հաստատվել են Երևանի Զեյթուն թաղամասում: Տեր Տաճատի կրտսեր որդին՝ Աշոտ Խաչատրյանը, ծնվել է 1930թ. հոկտեմբերի 4-ին: Ինչպես Աշոտի մայրն է հաճախ պատմել, իր հետախուզման մեջ եղած ժամանակ Աշոտին գիշերով մկրտել է հայրը՝ Տեր Տաճատը: Ուստի և բացառվում է այն ենթադրությունը, թե Տեր Տաճատը նահատակվել է քսանական թվականներին: Կյանքի վերջին տասնամյակում նա իշխանությունների կողմից համարվել է դաշնակցությանը հարող, ազգայնամոլ, հակապետական անձ, որի պատճառով հետապնդվել է: Այդ ժամանակների մասին քիչ տեղեկություններ են հայտնի: Միայն հաստատ է, որ Տեր Տաճատը զոհվել է պետական անվտանգության մարմինների կողմից, Քասաղ գետի՝ Սաղմոսավան գյուղի մոտակա կիրճում: Զոհվելու ստույգ ժամանակն ու վայրը մնում են անհայտ: Որևէ տեղեկություն գտնել արխիվային պահոցներում նույնպես չհաջողվեց: Նրա նկատմամբ որևէ դատ կամ դատավճիռ չի կայացվել, փաստաթղթեր չեն ստեղծվել: 2002թ. նոյեմբերի 16-ին Տեր Տաճատի տղայի՝ Աշոտի, եղբոր տղայի՝ Սերգեյի և թոռների հետ այցելեցինք Սաղմոսավան գյուղ: Ճանապարհին՝ Օհանավանում բախտ ունեցանք ծանոթանալու 101 տարեկան Մեսրոպ Ալեքսանի Հայրապետյանի հետ: Իմանալով մեր գյուղ գնալու նպատակը՝ պատմեց այն ամենը, ինչ իրեն հայտնի էր: Միաժամանկ խորհուրդ տվեց հանդիպել Սաղմոսավանի այն մարդկանց, որոնց հարազատները ևս նույն զոհերի մեջ են եղել: Մեզ չհաջողվեց գտնել այդ մարդկանց, քանի որ բռնաճնշումների տարիներին նրանք հեռացել էին գյուղից ու ապրում են հանրապետության տարբեր վայրերում:
Ծանոթացանք Սաղմոսավան գյուղի բնակիչ Սարգիս Մեխակի Մարգարյանի հետ: Իմանալով մեր այցելության նպատակը՝ նա համաձայնեց մեզ ուղեկցել քարայր-պատսպարան, որտեղ 1931թ. մայիսին զոհվել են Տեր Տաճատը, ղարաքիլիսեցի (Հարթավան) Արամն ու նրանց վեց ընկերները: Սարգիսը պատմեց նաև նահատակների՝ օրեր տևած դիմադրության մասին: Քարայրը պայթեցնելուց հետո նրանք հայտնվել են անպաշտպան վիճակում: Քանի անգամ մերժել են զինաթափվելու և հանձնվելու առաջարկը: Շուրջկալի ղեկավարները կարգադրել են գնդակահարել տեղում: Օհանավանցի Կարապետ Առաքելյանը պատմեց, որ Սաղմոսավանցի Գևորգն ու Պատվականը շուրջկալի ժամանակ քարայրից դուրս են եկել և հանձնվել՝ հայտարարելով, որ քարայրում մարդ չի մնացել, միայն իրենք են եղել: Ստուգման համար քարայր է ուղարկվել մի զինվոր, որին նշանառու ղարաքիլիսեցի (Հարթավան) Արամը գնդակահարել է տեղում: Սխալ տեղեկության համար Գևորգին ու Պատվականին գնդակահարել են: Շուրջկալի զինվորներին չհանձնվելու նպատակով Տեր Խաչիկը, որը ի դեպ Կարապետ Առաքելյանի հորաքրոջ ամուսինն է եղել, Տեր Տաճատի հետ փաթաթվել և քարայրից գահավիժել են ձորը: Այդպես է ավարտվել մարտնչող քահանայի ոդիսականը:
Մեր օրերում, երբ իրակացել է Տեր Տաճատի երազանքը՝ Հայատանը դարձել է անկախ հանրապետություն, լայնորեն նշվել է Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակը, բռնաճնշումների զոհ դարձած, Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոս, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու նվիրյալ Տեր Տաճատի անունը չպետք է մնա տվերում, պետք է հիշվի: Կարծում ենք, ճիշտ կլինի նրա ծննդավայր Նիգավան գյուղի դպրոցը վերանվանել Տեր Տաճատի անունով, որով կհավերժացվի մարտնչող քահանայի հիշատակը:
Իմ պրպտումների ժամանակ ցույց տված օգնության համար շնորակալությունս եմ հայտնում Նիգավանի բնակիչ Մկրտիչ Պողոսյանին: Այլապես ինձ համար դժվար կլիներ գտնել Տեր Տաճատի հարազատներին:
2002թ. Երևան
smailil.livejournal.com