ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԸ` ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ
1912 թվին Հովհաննես Թումանյանը յուր որդի Արտավազդի հետ, որ շատ շնորհալի երիտասարդ էր՝ օժտված նկարչական տաղանդով, այցելեցին Մոսկվայի՝ իմ արվեստանոցը: Առաջին անգամ էր, որ ես տեսա պոետների թագավորին: Թումանյանն ինձ վրա թողեց հմայիչ տպավորություն: Մեր խոսակցության նյութն էր արվեստը և գրականությունը: Մինչ այդ ճանաչում էի նրան ստեղծագործություններով և հանկարծ տեսնում եմ իմ առաջ բանաստեղծին: Ուրախությանս չափ չկար: Նա, իմ պատկերացումով, մեր ազգի խղճի մարմնացումն էր, և ամեն մի հանդիպումից այդ համոզմունքն ավելի էր ամրապնդվում իմ մեջ:1914 թվին էր, պատերազմի օրերին եկել էի Թիֆլիս, այնտեղ էին հավաքվել մեր մտավորականները: Հաճախ լինում էի Թումանյանի տանը, որտեղ հանդիպում էի Լևոն Շանթին, Վահան Տերյանին, մեր ժողովրդի հերոս Անդրանիկին և շատ ուրիշների: Խոսակցության նյութն էր լինում Հայաստանի ճակատագրի հարցը: Մեկ տարի անց իմացանք, թե ինչ սարսափելի կոտորածի է մատնվել արևմտահայ ժողովուրդը: Համատարած գաղթ էր սկսվել դեպի Անդրկովկաս. մայրերը կորցնում էին իրենց զավակներին, հազարներով մահանում էին սովից և համաճարակից: Անհնար է նկարագրել այն ողբերգությունը, որին ես ներկա եղա: Այնտեղ էր Հովհաննես Թումանյանը յուր դուստր Նվարդի հետ: Թումանյանը՝ իր ժողովրդի հարազատ զավակը, որ միշտ օգնության է հասնում նրան այդ դառը օրերին: Վեհարանը, որի կառուցումը դեռ ավարտված չէր, կողպված էր: Թումանյանը մարդ ուղարկեց կաթողիկոսի մոտ, որ բանալին տա: Նա մերժեց: Թումանյանը երկրորդ անգամ ուղարկեց: Նա նորից մերժեց՝ ասելով. «Ամենայն հայոց կաթողիկոսը չի տալիս բանալին»: Թումանյանը պատասխանեց. «Գնացեք և ասացեք, որ Ամենայն հայոց բանաստեղծը կոտրեց դուռը և այդպիսով պատսպարեց ցրտից ու անձրևից»:1921թ. ՀՕԿ նախագահ Թումանյանը գնալու էր Պոլիս: Գնալուց առաջ եկել էր Երևան, ուր ես արդեն հաստատվել էի իմ ընտանիքով: Մի օր նա եկավ մեզ այցելության, մեծ ուրախություն պատճառեց նաև իմ կնոջը, որը նրա մեծ բարեկամ Ղազարոս Աղայանի աղջիկն է: Բավական խոսեցինք զանազան հարցերի շուրջ: Շատ տխուր էր, չէր ցանկանում գնալ Պոլիս, կարծես նախազգում էր, որ լավ չի վերջանալու այդ ճանապարհորդությունը: Նա գնաց, որ օգնություն հասցնի մեր կարոտյալ անապաստաններին: Շատ չանցած՝ նա անբուժելի հիվանդացավ, և ես այլևս չտեսա նրան:1923 թվին մենք կորցրինք մեր հսկա պոետին և հային: Մ. Սարյան Հովհաննես Թումանյանի դիմանկարը՝ մահվան առիթով նկարված, 1923 #Սարյան_144#Հայ_մեծեր#Ծննդյան_օր_Թումանյան_155#Թանգարան_գրադարան#թումանյան155 #ճամփորդ_հոգի