ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ կամ…
Գուրգեն Յանիկյանի «Բանտարկյալի ձայնը» գրքից մեջբերումներ անելու առիթներ առաջիկայում հավանաբար շատ կլինեն, այսօր հրապարակում եմ նրա բանտային օրագրության այն հատվածը, որը վերաբերում է ամերիկյան բանտերի վարք ու բարքին: Նպատակս, իհարկե, այսօրվա մեր վիճակի հետ համեմատությունն է: Նկատի ունեցեք, խոսքը վերաբերում է 1970-ականների՝ կես դար առաջվա ԱՄՆ-ին: Խնդրեմ.
«Ամերիկայում ամեն բանտարկյալի վրա պետությունը ծախսում է 13500 դոլար, այսինքն ամսական 1100 դոլար: …Մարդիկ այստեղ ազատ են ամեն հոգսից: Օրը երեք անգամ կերակուր են ստանում, որը երբեմն չի տարբերվում ազատ աշխարհի ռեստորաններում պատրաստվածներից: Ամեն շաբաթ թարմացվում են անկողնային պարագաները՝ վերմակը, սավանը, բարձի երեսը, հատկացվում երկու ձեռք նոր սպիտակեղեն, երկու շապիկ և երկու վարտիք: Օճառը բաց արկղով դրված է,
վերցրու՝ որքան ուզում ես: Նույնը՝ ծխախոտն ու լուցկին: Ուրբաթ երեկոյան վրայիդ շորերը գցում ես զամբյուղը և ստանում ես մաքուրը: Շաբաթը մեկ անգամ կինոդիտում, այն էլ՝ լավագույն ֆիլմերի: Փափուկ բազկաթոռներով առանձին սենյակում կարող ես առավոտից մինչև երեկո հեռուստացույց դիտել: Ամեն միջանցքում կա լոգարան՝ տաք և պաղ ջրով: Ամեն ոք ունի անձնական ռադիոընդունիչ:
…Բանտարկյալներն ապահովված են հիվանդանոցով և ամեն տեսակ դեղերով ու բուժաշխատողներով: Չեք հավատա, քանի բանտարկյալի գիտեմ, որ պլաստիկ վիրահատության ենթարկվեցին՝ դեմքի թերությունները շտկելու համար: Եթե ատամների խնդիր ունես՝ կարող ես ողջ ատամնաշարդ փոխել: Մի խոսքով, ամեն ինչ առկա է՝ առանց մի ցենտ վճարելու մարդավարի ապրելու համար»:
Գուրգեն Յանիկյանը պատմում է, որ ամերիկյան բանտում կա դպրոց, կա աշխատելու և վաստակելու հնարավորություն, ամուսնացածներին տրվում է հարմարավետ պայմաններում միասին անցկացնելու երկար ժամանակ:
Ավելի հետաքրքիր է պատմության այս դրվագը. մեր հայրենակիցն սկզբում զարմացել է, ապա հասկացել, թե ինչու են բանտարկյալներն ազատվելու համար տխրում, նրանք զրկվում են կյանքի այդ հիանալի ընձեռումներից ու դուրս գալուց հետո ամեն ինչ անում են նորից բանտ ընկնելու համար: Յանիկյանն ասում է՝ ճանաչում եմ ոմանց, ովքեր բանտ են վերադարձել չորրորդ անգամ:
Այստեղ արժե հիշել Օ’Հենրիի պատմվածքի հերոսին, նա էլ էր ամեն հանցանք գործում բանտ ընկնելու համար… Դե, նրա պատմությունը մի քիչ այլ կերպ է շարունակվում:
Ինչևէ, այս շոգ-կրակին չզլացա գրքից մի հատված մուտքագրել միայն նրա համար, որպեսզի պարզ լինի, թե այսօր մեր բանտերում ու մեկուսարաններում ինչ դժոխային վիճակ է տիրում, հիվանդներին հոգեբանորեն ու գուցե նաև այլ ձևերով խոշտանգելով հասցնում են մահվան: Արմեն Գրիգորյանը դատավարության ժամանակ մեր րոպեում հոգին ավանդեց, Նարեկ Մանթաշյանի վիճակը վատ է, շաքարախտով հիվանդ Աղվան Հովսեփյանը տանջահար է լինում, Մանվել Գրիգորյանի օրինակն էլ նախորդեց այս ամենին, ավաղ, առանց եզրակացությունների, առանց ըմբոստության քայլերի:
Վերջին կես դարում, ենթադրում եմ, ամերիկյան բանտերը դարձել են առավել մարդասիրական: Բայց ինչո՞ւ է այդ երկրի դեսպանատունն անտարբեր մեր երկրի քրեակատարողական հիմնարկներում կատարվող սարսափների հանդեպ: Մարդասիրությո՞ւնն էլ տարատեսակներ ունենա: Ասենք զարմանալու ինչ կա՝ 44 օր բերանները ջուր առած միջազգային հանրությունը հիմա բացի մի բանից ուրիշ հոգս չունի՝ Հայաստանի բզկտման հաշվին որքան կարելի շուտ տիրանալ ռուսական նավթ ու գազի ադրբեջանական այլընտրանքին:
Տեսնելով արդարադատության ոտնահարման այս լկտի, բացահայտ արշավը, ինձ իրավունք եմ տալիս հոգուս ճիչը չզսպել՝ դուք տարատեսակ չեք, դուք չտեսակ եք:
ՀՐԱՉՈՒՀԻ ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ
19.07.2022թ.