ՄԱՇՏՈՑԻ ԴՊՐԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Արևելյան Հայաստանի գավառներում դպրոցներ բացելու լավագույն օրինակը Արցախի Ամարասի վանքն է, որի անունը տալիս միշտ հիշում են, որ կից դպրոցը V դարի սկզբին բացել է հայոց առաջին ուսուցիչը: Ավելի ուշ, երբ Մաշտոցն անցնում է Մեծ Հայքի բյուզանդահպատակ գավառներ, սկսում է պայքար մղել բորբորիտների աղանդի դեմ: Դրա համար բյուզանդական իշխանության կողմից նրան շնորհվում է ակումիտ՝ «անքուն, ճգնող» տիտղոսը, սակայն արգելվում է զբաղվել դպրոցների հարցով: Այս պատճառով 420-422 թթ. նա Սահակ Պարթևի նամակներով գնում է Կոստնանդնուպոլիս, հանդիպում Թեոդոս Բ կայսերը և հունաց պատրիարք Ատտիկոսին, մեծամեծ պարգևներ ստանում և իրավունք ձեռք բերում դպրոցներ բացելու Արևմտյան Հայաստանում: Իսկ թե նախապես ինչո՛ւ էին մերժում Մաշտոցին, պարզ է դառնում Խորենացու մեջբերած 3 նամակներից, որոնցից ամենամեծ մեղադրանքը հնչում է «Թեոդոսի թուղթը Սահակին» նամակում. «Մենք… քեզ շատ մեղադրեցինք, որ բոլոր սրտով միտվեցիր հեթանոս թագավորների կողմը և մեզ մինչև իսկ գրով հարկ չհամարեցիր տեղեկություն տալ: …Արհամարհելով մեր քաղաքում եղող ճարտարներին, ինչ-որ ասորիների մոտ էիր որոնում իմաստության գյուտը: Այդ պատճառով մենք բարեհաճ էինք, որ մեր ծառաներն արհամարհեցին այդպիսի ուսումը: Բայց որովհետև Մեսրոպը հետո մեզ պատմեց, թե այդ արվեստը գլուխ եկավ երկնային շնորհով, մենք գրեցինք, որ ամենայն փութաջանությամբ սովորեն և քեզ պատվով ընդունեն» (Մ. Խ., Պատմություն հայոց., էջ 298):Ահա և երկնային շնորհի հիշատակումը, որով բյուզանդական կայսեր սիրտը փափկում է, և նա թույլ է տալիս, որ Արևմտյան Հայաստանում սովորեցնեն հայերեն:Այս մասին, ի դեպ, մեր երկու հեղինակները հակադիր մոտեցում ունեն: Ի տարբերություն Խորենացու նշած տեսիլի՝ «Եվ տեսնում է ո՛չ երազ քնի մեջ, ո՛չ տեսիլք արթնության մեջ, այլ սրտի գործարանում նրա հոգու աչքին երևում է աջ ձեռքի թաթ՝ քարի վրա գրելիս…» (Մ. Խ., ն. տ., էջ 292), Կորյունն ասում է. «Նա իր սուրբ աջով հայրաբար ծնեց նոր և սքանչելի ծնունդներ – հայերեն լեզվի նշանագրեր: Եվ այնտեղ (Եդեսիայում) շուտով նշանակեց, անվանեց ու դասավորեց, հորինեց սիղոբաներով — կապերով» (Կորյուն, ն. տ., էջ 42):Այսպիսով, նամակից և երկու տեքստերի համեմատությունից երևում է, որ Մաշտոցն անտեսել է տարիների իր չարչարանքն ու նվաճումը, միայն թե շահեր կայսեր դրական վերաբերմունքը և Արևմտյան Հայաստանում նույնպես բացեր հայոց դպրոցներ: Դարավոր պայքարը Հայքի կողմորոշման համար, սկսած Հայկ նահապետի ժամանակներից, մեծ խանդով շարունակվում էր 5-րդ դարում: Հեթանոս Արևելքն ու քրիստոնյա Արևմուտքը, մե՛կ սիրաշահելով, մե՛կ պատերազմելով, ամեն ինչ անում էին՝ իրենց կողմը թեքելու հայերին: Կայսրը մեղադրում էր, որ իրենց անտեսում են, իսկ պարսիկներն ուղղակի արգելում էին հունարենը՝ պարտադրելով ասորերեն: Աղվանքից վերադառնալիս Մաշտոցը տեսնում է, որ «Մեծն Սահակ զբաղված է Սուրբ գրքի թարգմանությամբ ասորերենից, հունարեն չգտնելու պատճառով: Որովհետև… պարսիկ վերակացուներն իրենց մասում ոչ ոքի թույլ չէին տալիս հունարեն սովորել, այլ միայն ասորերեն» (Մ. Խ., ն. տ., էջ 293-294): Իսկ սեմական լեզվի խրթնության մասին Ղազար Փարպեցին գրում է. «Ամեն մարդ սրտագին փափագում էր հայերեն գիտության ուսումը և ուրախ էր, որ փրկվում էր ասորերենի պատճառած տանջանքներից, որպես խավարից դեպի լույս ելներ»:Պատկերը չի փոխվել նաև 21-րդ դարում, թեև խաղացող կողմերն ավելի շատ են և բոլորովին այլ ազգեր: Զարմանալին այն է, որ հին մեծապետներից ասորիներն այսօր գրեթե բնաջինջ են եղել, պարսիկները, հույները, ինչպես նաև հետագայում մեր դեմ ելած արաբները դարձել են բարեկամներ, իսկ նոր բնակալող հարևաններին ավելացել են Հյուսիսն ու ծայր Արևմուտքը: Նույնն է մնացել միայն կռվախնձորը՝ Հայք-Հայաստանը՝ փրկության իր նոր մարտահրավերներով, որոնց հաղթական ելքը կրկին երևում է դպրաշինության հզոր առանցքի մեջ:Մաշտոցի միջազգային գործունեությունը կարելի է բաժանել 3 շրջանի`1. 405-ին հայոց այբուբենի համար ճանաչում ապահովելը,2. Վիրքում և Աղվանքում աղանդների դեմ պայքարը,3. հարևան երկրներին գիր պարգևելը:Առաջին դեպքում հիացմունքի արժանին Մաշտոցի հեռատեսությունն է: Նա լավ հասկանում էր, որ համազգային կարևորության գյուտը հարկավոր հնչեղությունը չէր ունենա, եթե հենց սկզբից չապահովվեր հայոց այբուբենի ճանաչումը, այդ իսկ պատճառով հատուկ հանդիպումներ է խնդրում հոգևոր առաջնորդներից: Սամոսատի հույն եպիսկոպոսը և Եդեսիայի հոգևոր առաջնորդը բազում գովասանքներով են ընդունում նրան, հանձնում իրենց ավետագրերը, որոնցով Մաշտոցը վավերացնում է դարակազմիկ նորույթը և հետո միայն աշակերտների խմբով վերադառնում հայրենիք:Որպես նվիրյալ քրիստոնյա՝ Մաշտոցը բացառիկ գործունեություն է ծավալում քարոզչության մեջ՝ ուղղափառ հավատի բերելով նեստորականության և այլ աղանդների հետևորդներին, իսկ իբրև մեծ մարդասեր՝ ընդառաջում է հարևան քրիստոնյա երկրներին՝ նրանց համար ևս ստեղծելով գիր, դպրոց և ազգային լեզվով Աստվածաշունչ: Ջաղա անունով թարգմանչի հետ նա վրացիներին օգնում է հունի մեջ գցելու նորաստեղծ դպրոցը՝ ուսուցիչներ թողնելով իր աշակերտներից, իսկ աղվաններին օգնում է թարգմանելու Աստվածաշունչը և տարածելու նոր գիրը. «Նա նշանագիրներ ստեղծեց գարգարացոց այն կոկորդաձայն, կոշտ, խժական, կոպիտ լեզվի համար՝ այնտեղ վերակացու թողնելով իր Հովնաթան աշակերտին, նաև արքունական դռանը քահանաներ նշանակելով» (Մ. Խորենացի, ն.տ., էջ 293):Վրացիները մաշտոցյան այբուբենը՝ խուցուրին, գործածել են մինչև 12-րդ դար, իսկ աղվանական տառերն առ այսօր կարելի է տեսնել լեզգիների գրավոր խոսքում: Ձեռագիր մատյաններում պահպանված այդ զույգ այբուբենները՝ բավական նման հայոց տառերին, այժմ ցուցադրվում են իր իսկ՝ Մեսրոպ Մաշտոցի անունը կրող Մատենադարանում: Որոշ մասնագետներ խոսում են նաև Մաշտոցի կողմից Կասպից ծովի հյուսիս-արևմուտքում ապրող վաչկատուն ցեղերի՝ հոների համար այբուբեն ստեղծելու մասին, բայց, ցավոք, այդ գրերը մեզ չեն հասել… Արմենուհի Դեմիրճյան Հոդվածը լույս է տեսել «Մանկավարժական համալսարան» ամսագրում Նկարում՝ Սուրբ Ամարասի վանքը