Մանրանկարչություն
Մեր ազգի ինքնության արտահայտությունը արվեստն է
Հայ միջնադարյան գիրքը կամուրջ է սերունդների միջև և հարուստ նյութ է մատուցում Հայաստանի պատմության, աշխարհագրության, արվեստի և այլ գիտությունների մասին: Ընդհանրապես մեր գրքային ժառանգությունը խիստ բազմազան է: Հայ արվեստում գիրքը շատ կարևոր դեր է խաղացել. այն բացի սերունդների միջև կամուրջ լինելուց, ճարտարապետական փոքր կառույց է, որում ամբողջապես արտացոլված է հայ ճարտարապետության ներդաշնակությունը: Հետաքրքրական է, որ մեր ճարտարապետական հուշարձանների արձանագրություններն ու գրքերի հիշատակարաններն իրենց բովանդակությամբ գրեթե նույնն են` հիշվում է կառուցման ժամանակը, իշխանական տունը, որին պատկանում է պատվիրատուն, երբեմն նաև պատմական անցուդարձը: Հազվադեպ է նշվում միայն ճարտարապետի անունը, հավանաբար նրա համար, որ եկեղեցին մշտնջենական ընծա է Աստծուն, ստեղծվում է հավատի հիմքի վրա, հետևաբար կառուցողը իր անվան հիշատակումն ավելորդ է համարել: Երկու դեպքում էլ` գիրք, թե եկեղեցի, գեղարվեստական նույն որակն են ներկայացնում, նույն նրբագույն ճաշակի ու խոր մտքի արտահայտությունները: Հայկական արվեստի մասին խոսելիս ավելի հաճախ անդրադառնում ենք մանրանկարչությանը, որն աչքի է ընկնում գունագեղությամբ և ոճական բազմազանությամբ, որի հնագույն նմուշները պահպանվել են Զ դարից: Ժ-ԺԱ դարերից մեզ են հասել անանուն մանրանկարիչների եզակի արժեք ներակայցնող մի քանի ձեռագրեր` «Էջմիածնի Ավետարան» (989 թ.), «Վեհափառի Ավետարան» (Ժ դար` հայտնաբերվել է 1977 թվականին), «Մուղնու Ավետարան» (ԺԱ դար), «1038 թ. Ավետարան»: «Էջմիածնի Ավետարան»-ը ունի բարձրարվեստ քանդակներով փղոսկրե կազմ և չորս մանրանկարներ` պահպանված Զ դարից: Գրքի կարևոր մասն են կազմում հիշատակարանները, որոնցում նշված են ծաղկողի, պատվիրատուի կամ գրչի անունները: Մեր հիշատակարաններն անանուն չեն, որովհետեւ գրիչները դիմում են Աստծուն պահպանության աղոթքով` նշելով իրենց ընտանիքի, զավակների անունները` խոր հավատով, որ իրենց աղոթքն անպայման կհասնի Աստծուն: Հիշատակարանները հարստացնում են հայկական գրքարվեստն ու մեր հիշողության գանձարանը, մի բան, որ բնորոշ չէ, օրինակ, բյուզանդական ձեռագրերին, դրանք չունեն ընդարձակ հիշատակարաններ. գրիչը սահմանափակվում է առավելագույնը մեկ-երկու տողով:
Հայաստանում գործել են բազմաթիվ մանրանկարչական կենտրոններ, որոնցից առանձնապես նշանավոր են Անի—Հաղբատի, Գլաձորի, Վանի, Մեծոփի, Տաթևի, Երզնկայի, Կարին—Էրզրումի, Ղրիմի և այլ գրչության դպրոցները, որտեղ ստեղծագործել են միջնադարյան վարպետ մանրանկարիչներ Ստեփանոսը, Իգնատիոսը, Մարգարեն, Գրիգոր Ծաղկողը, Մոմիկը (ԺԳ-ԺԴ դարեր), Ավագը, Հովհաննեսը, Թորոս Տարոնացին (ĸ դար), Գրիգոր Տաթևացին, Ծերուն Ծաղկողը (ԺԴ—ԺԵ դարեր) Գրիգորիսը, Վարդանը, Կարապետը, Մանվելը, Մկրտիչ Նաղաշը, Թոմա Կաֆայեցին (ԺԵ-րդ դար), Բարսեղը, Նաղաշ Հովնաթանը, Ղազար Բաբերդցին, Հակոբ Ջուղայեցին (Ժէ դար), Թեոդորոս Կարնեցին (ԺԸ դար) և շատ ուրիշներ: Հայ մանրանկարչության պատմության մեջ յուրահատուկ տեղ ունի կիլիկյան դպրոցը: Այստեղ առանձնապես նշանավոր են Հռոմկլայում` Թորոս Ռոսլինը, Վարդանը (ԺԳ դար), Դրազարկում` Գրիգորը (ԺԳ դար) և ուրիշներ, Սկևռայում ` Գրիգոր Մլիճեցին (ԺԲ դար) և այլք, Սսում` Գրիգոր Պիծակը, Սարգիս Պիծակը, Ավագը (ԺԴ դար) և այլք: Մեզ հասած հայկական միջնադարյան ձեռագրերի զգալի մասը՝ շուրջ 11.000, պահվում է Մաշտոցի անվան Մատենադարանում։ Այս մատյանները շատ լավ են ներկայացնում մանրանկարչությունը։ Հայկական ձեռագրերի խոշոր հավաքածուներ կան նաև արտասահմանում, մասնավորապես Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի, Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան միաբանությունների մատենադարաններում, ինչպես նաև աշխարհի տարբեր գրադարաններում և թանգարաններում, որոնք հնարավորություն են տալիս ներկայացնելու հայ մատենական գեղանկարչության զարգացման ամբողջական ընթացքը:
Նյութը` Սիրանույշ Առաքելյանի