«Մայրաքաղաքի հատակագծման գործին նա վերաբերվում էր մեծ խստապահանջությամբ ու անօրինակ սիրով». Ալեքսանդր Թամանյանի կնոջ` Կամիլլա Թամանյանի հուշերից
Սկիզբը` «Մեր պսակադրությունը կատարվեց Պետերբուրգի հայոց եկեղեցում, հայկական ծեսով», «Ալեքսանդր Թամանյանի կնոջ` Կամիլլա Թամանյանի հուշերից»:
1917 թվականի սեպտեմբերին ես երկու աղջիկներիս՝ 8 տարեկան Մարիայի, մեկ տարեկան Արոչկայի և որդուս`7 տարեկան Գևորգի հետ Պետրոգրադից մեկնեցի Անապա, որտեղ և մնացի մինչև 1920 թվականը։ Ալեքսանդր Իվանովիչը մնաց Պետրոգրադում մինչև 1919 թվականը, նա եկավ Անապա՝ մեզ տեսնելու և ապա գնաց Երևան, ուր հասավ 1919 թվականի ամառվա վերջին:
1920 թվականի ամառը ես երեխաների հետ ուղևորվեցի Երեվան և մեծ դժվարություններով ու զրկանքներով հասա Սանահին կայարանը, որը այն ժամանակ մենշևիկյան Վրաստանի և դաշնակցական Հայաստանի, այսպես կոչված, չեզոք գոտու սահմանն էր։ Սանահինում մենք մնացինք բացօթյա, շատ ծանր պայմաններում, երկաթգծի պլատֆորմից դեպի ներքև տանող քարե աստիճանների տակ: Այդտեղ կիսաքաղց դրությամբ երեխաներիս հետ մնացի մի քանի օր, երբ վերջապես մի երկաթուղային, ինչպես հետո պարզվեց, ինժ. Գր. Շիրմազանի հանձնարարությամբ, մեզ գտավ և մի կերպ, գնացքի մեջ տեղավորելով, ճանապարհեց Երևան։ Ալեքսանդր Իվանովիչը մեզ դիմավորեց Ալեքսանդրապոլում (Լենինականում), ուր մի քանի օր հանգստացանք բժ. Արեշյանի քրոջ մոտ։
Գալով Երևան՝ մենք սկզբում տեղավորվեցինք հին բաղնիքի մոտ՝ երկու սենյակից մի տան մեջ, հայտնի նկարիչ Կուստոդիեվի քրոջ՝ Եկատերինա Միխայլովնա Վոլնիցկայայի հարևանությամբ։
Երևան գալուց հետո Թամանյանը ճարտարապետական նախագծեր էր կատարում, շատ եռանդ և ժամանակ էր նվիրում նաև հնությունների պահպանության գործին։ 1921 թ. դաշնակցական ավանտյուրայի տապալումից հետո, դաշնակցականները՝ ավանտյուրան ճնշող Կարմիր Բանակի և Սովետական իշխանության մասին, իրենց տարածած սուտ լուրերով, կարողացան թյուրիմացության մեջ գցել Թամանյանին, և Թամանյանը գնաց Պարսկաստան։ Նույն թվականին ես ևս երեխաների հետ նրա մոտ՝ Թավրիզ գնացի։ Պարսկաստանում մնացինք մինչև 1923 թվականը։ Այդ տարիներին Թամանյանը իր նախաձեռնությամբ հատակագծային մի շարք աշխատանքներ կատարեց Թավրիզում։ Մեկ տարի չանցած կորցրինք մեր անդրանիկ աղջկան՝ Մարուսյային, որը շատ մեծ հարված էր մեզ համար։
1923 թվականին Խորհրդային Հայաստանի կառավարության հրավերով ամբողջ ընտանիքով տեղափոխվեցինք Երևան, ուր այնքան շատ էր ձգտում Թամանյանը։
Վերադառնալով հայրենիք՝ նա իր ամբողջ եռանդը, փորձը և գիտությունը նվիրեց նորաստեղծ Խորհրդային Հայաստանի վերակառուցման գործին, Առաջին իսկ օրերից նա ձեռնամուխ եղավ Երևանի հատակագծման աշխատանքներին։ Այդ աշխատանքին զուգահեռ նա կազմեց Երգէսի և Այղր լճի ջրհան կայանի նախագծերը։ Թամանյանը հետևում և ղեկավարում էր նրանց շինարարությանը: Այդ ժամանակ էր, որ մշակեց Լուկաշենի և մի քանի այլ ավանների հատակագծերը։
Մայրաքաղաքի հատակագծման գործին նա վերաբերվում էր մեծ խստապահանջությամբ ու անօրինակ սիրով։ Քաղաքի հատակագծի վրա աշխատելիս Թամանյանը մտածում էր և այսպիսի մի առաջարկի մասին՝ Երևանի հիմնական մասը տեղադրել Քանաքեռի սարահարթում, բայց այն տարիներին այդպիսի միտքը թվում էր անիրագործելի և աջակցություն չգտավ։
Երևանի հատակագծից բացի, Թամանյանը մշտապես զբաղված էր տարբեր նշանակության և բնույթի շենքերի նախագծերով և կառուցումով, սրանց մեջ, ամենից շատ, իր կյանքի ամենակարևոր, ամենասիրելի գործով՝ ժողտան նախագծով։ Ժողտունը նախագծելու ժամանակ Թամանյանը մտածում էր, որ այն պետք է լիներ մասսայական ներկայացումների թատրոն:
Ժողտան աշխատանքը պահանջում էր ուժերի լարում, մեծ եռանդ ու համբերություն՝ անհրաժեշտ նյութեր հավաքելու համար, և կարևորը՝ մեծ պայքար մղել իր ստեղծագործական ուղղությունը չընդունողների, հատկապես կոնստրուկտիվիստների դեմ։
Թամանյանը շատ բացասական վերաբերմունք ուներ կոնստրուկտիվիզմի նկատմամբ։ Կոնստրուկտիվիստների հարձակումները վշտացնում էին նրան, նա ծանր ապրումներ էր ունենում, բայց այդ բոլորը տանում էր արիաբար, լայն հասարակության աջակցությունից խրախուսված, համոզված իր իրավացիության մեջ:
Հայաստան գալու առաջին իսկ տարուց սկսած Թամանյանը զբաղվում էր հայ հին ճարտարապետության ուսումնասիրությամբ, այդ գործում նրան մեծ օգնություն էր ցույց տալիս մեր ընտանիքի և Ալեքսանդր Իվանովիչի մտերիմ բարեկամ՝ ճարտարապետ Թորոս Թորամանյանը:
1920 թվականի աշնանը, մի խումբ հնագետների և արվեստագետների հետ, Թամանյանը գնաց Անի, այդ նշանավոր քաղաքի ճարտարապետական հուշարձաններն ուսումնասիրելու համար: Սակայն վրա հասավ հայ — թուրքական պատերազմը և Թամանյանն իր ընկերների հետ, հոկտեմբերի վերջին, մեծ դժվարությամբ, վերադարձավ Երևան:
Հին հուշարձաններից Թամանյանը ամենից ավելի հրապուրված էր Երերուքով, ուր հաճախ էր գնում: Նրա և Հնությունների պահպանության կոմիտեի արխիվներում պահպանվել են Երերուքի մանրամասն չափագրման և ուսումնասիրության նյութեր: Ալեքսանդր Իվանովիչը երազում էր վերականգնել այդ հազվագյուտ հուշարձանը:
Թամանյանը շատ բարձր էր գնահատում Թորամանյանին և հարգում, որպես հայ հին ճարտարապետության ու գեղարվեստի մեծ գիտակի ու անձնվեր մշակի: Սիրում և գնահատում էր Տարագրոսին: Նրանք երեքն էլ ծնվել էին միևնույն օրը՝ մարտի 4 -ին հին տոմարով, և կատակով իրենց բարեկամության պատճառն այդ էին համարում:
Հայաստանի գեղանկարիչներից նա ամենից բարձր գնահատում էր Մ. Սարյանին, Հ. Կոջոյանին, Ստ. Աղաջանյանին, Եղ. Թադևոսյանին: Շատ էր սիրում կլասիկ գրողներին, մանավանդ Լեվ Տոլստոյին: Ինչպես սկզբում ասացինք, Թամանյանը երաժշտասեր էր և հաճախ ասում էր, որ ինքը, եթե ճարտարապետ չդառնար, ապա կլիներ դիրիժոր:
Ալեքսանդր Սպենդիարյանի հետ նա ծանոթացել էր դեռևս Պետերբուրգում եղած ժամանակ: Հիշում եմ, ինչպես մի օր Կարապետ Տարասովի մոտից տուն վերադառնալով, հայտնեց, որ ծանոթացել է երիտասարդ կոմպոզիտոր Սպենդիարյանի հետ: Նույն երեկույթին երգելիս է եղել հայ բարիտոն Կոստանյանը, որի «Ալ վարդ»-ը Թամանյանի վրա մեծ տպավորություն էր գործել: Այդ ծանոթությունը, մանավանդ Սպենդիարյանի Երևան տեղափոխվելուց հետո, վերածվեց մտերիմ բարեկամության:
Թամանյանը թեև Եվրոպայում չէր եղել, բայց քաջ տեղյակ էր նրա արվեստին ու ճարտարապետությանը և ամենից բարձր դասում էր հունականը և հռոմեականը:
Նա համառությամբ և հետևողականորեն տարիների ընթացքում հավաքեց եվրոպական և ռուս ճարտարապետության կլասիկների մեծ գրականություն: Միաժամանակ հավաքել էր ռուս ականավոր ճարտարապետների կատարած ճարտարապետական գծագրերի հարուստ ժողովածու:
Իր կատարած աշխատանքներից նա ամենից բարձր էր գնահատում Մոսկվայում Շչերբատովի տունը, իսկ Երևանում՝ ժողտունը, Երգէսը և Կառավարական տունը:
Վերջին տարիների լարված աշխատանքը, հոգեկան ապրումները շատ էին ազդում Ալեքսանդր Իվանովիչի վրա: Նա շատ շուտ էր քրտնում, այդ պատճառով էլ հաճախ էր հիվանդանում:
Մանավանդ մեզ համար շատ ծանր էր մեր երկրորդ դստեր՝ Արոչկայի կորուստը. Ալեքսանդր Իվանովիչը խորը ապրեց այդ: Իր հիվանդանալուց մի քանի օր առաջ նա կրկնում էր. «Միթե արդեն 17 ամիս է, որ ես ապրում եմ առանց Արոչկայիս»:
Հիվանդանալով, անկողնում պառկեց միայն երկու օր, նրա մաշված սիրտը չդիմացավ և 1936 թվականի փետրվարի 20-ին, երեկոյան ժամը մոտավորապես 8-ին, Ալեքսանդր Իվանովիչը ընդմիշտ փակեց աչքերը: