Մահը
1
Մահն ինձ այցելեց հենց նույն կիրակի:
Այլ բան չկարծեք… Հրավերն՝ իմն էր:
Խոսելու բան կար, նաև անհարկի
Խնդրո առարկան՝ ոչ հին, ոչ՝ նոր էր:
Ուշ ժամին մեկ էլ դուռը բախեցին,
Շեմին հայտնվեց ինչ-որ անծանոթ.
Զարմացա: Ո՞վ է այս տարաժամն,
Ցցվել իմ շեմին… Ավե՞տ է, թե՞ բոթ…
Ոչ շատ բարեհաճ, սակայն հարգաքով,
«Ներեցե՛ք, — ասի, — ի՞նչ է հարկավոր:
Թե՞ իջևան եք փնտրում գիշերով,
Ձեր այցը հազիվ լինի հարգևոր»:
«Հյուր ունեմ, — ասի, — ուր որ է կգա…
Հաճելի բան չէ, նրան տեսնելը.
Ձեր մնալն այստեղ, Աստված է վկա,
Վտանգավոր ու շատ անվայել է…»
«Մի՛ լռեք… Ի՞նչ եք ուզում այս ժամին, —
Հարցրի դժգոհ տանտիրոջ փութով: —
Հեռացե՛ք, քանզի այս տարաժամին,
Հյու՛ր ունեմ՝ ասի, գալու է շուտով»:
«Գիտե՛մ, — հեգնոտ ու կծո՛ւ, անպատկա՛ռ,
Քմծիծաղ տվեց անծանոթը նույն: —
Չէիր սպասում գալուս անպատճառ,
Ես եմ քո հյուրը՝ անհաշտիդ հանգույն…»
2
Չէ՛, նա նման չէր այն իմացածին,
Որին սովոր ենք մտապատկերել՝
Գանգ ու կմախքով, գերանդին ձեռքին —
Լոկ անտեղյակը կարող էր կերտել…
Շքեղ հագուստով, հավուր պատշաճի,
Ինչպես վայել է պճնամոլ մեկին,
Թավշե սևերում՝ նրբակար ոճի –
Անկիրք, անհոգի կանգնած իմ շեմին:
Առաջին պահին այդ ինքնակոչին,
Որ թվաց նաև ինձ ձեռ է առնում,
Գրողի ծոցը ասացի՝ կորչի՛…
Եթե հարգալից բան չի հասկանում:
«Ուշադի՛ր նայիր», — ասաց նա խոսուն..
Ու ես սարսուռով ետ-ետ գնացի.
Նրա կյանքազուրկ ակների փոսում՝
Հալոցք կար շարժուն՝ կրակ ու բոցի:
Ու թաքցնելով սարսուռս ներքին,
Սպասված հյուրին խնդրեցի ներս գալ.
Նա տնավարի փռվեց բազմոցին,
Հառելով վրաս դեմքը հրափայլ:
3
Անցած երկյուղով, նստած դեմ առ դեմ,
Ու նրա հարցին՝ ինչու՞ եմ կանչել.
Ասացի. « Գիտե՞ս, հոգնել եմ արդեն,
Ժամանակն է, որ իրար ճանաչենք»:
«Թեև բարեկամ չեմ եղել ես քեզ,
Բայց տմարդի է թիկունքից խփել»-
Այս բառերի հետ ձեռնոցս, ի տես,
Նետեցի նրա դեմին անտարբեր:
«Քո հետ մեր մարտը ազնիվ կլինի, —
Ասացի անվախ, մեծամտորեն, —
Հուսամ, դրանից բնավ չես նեղվի
Մարտավկաներ թե որ չլինեն»:
Ընդոստ վեր թռավ հյուրս բազմոցից.
«Աճապարում ես…» — ասաց… Հրացայտ
Ծուխ ու բոց ժայթքեց նրա ակներից,
Չարություն ժայթքեց՝ խոսուն, բացահայտ:
«Երբ քո ժամը գա, ես ինքս կգամ,
Ու մահդ, անշու՛շտ, դաժան կլինի.
Եվ դու կզղջաս, և դու ինքնակամ
Կպաղատես, որ այն թեթև լինի…»
«Շատ ես սխալվում,- ընդհատեցի ես: —
Գնա մի ուրիշ վախեցող գտի:
Պաշտպանվի՛ր, տխմա՛ր, եթե կարող ես,
Քո դեմ կանգնած է ըմբոստ մի հոգի»…
«Չեմ էլ մտածում, երբ է հարմար քեզ,
Քո ժամկետները պահիր այլ մեկին,
Այս մենամարտում կսպանեմ ես քեզ,
Այս մենամարտում՝ չկա ոչ ոքի…»
«Գիտե՛մ, դու հզոր, անհաղթ ես նաև,
Իմացի՛ր, ես էլ վախկոտ չեմ բնավ,
Ինքն իրեն խոցել դյուրին չէ թեև,
Բայց ես դա կանեմ՝ հանգիստ ու անահ»:
«Ինձ սպանելով, կսպանեմ ես քեզ,
Եվ իմ աչքերում վարանք չես տեսնի,
Եվ դու իմ առջև անզոր կլինես,
Ու ես կդառնամ հավերժի տեսիլ»:
«Դու կսատակես բիբերիս խորքում,
Եվ քո հոգեառ ձեռքն ինձ չի հասնի.
Ու ես կմտնեմ մի անդարձ խոր քուն,
Եվ դու չես տիրի հոգուս անհասին»…
4
Դա անհավասար ու խենթ մի մարտ էր:
Նա՝ ցասկոտ տեսքով, իսկ ես՝ անվարան…
Կուլ տվի մի բուռ լիքը քնաբեր՝
Հաղթական դեմքով նայելով նրան…
5
Հոգիս ճախրում էր այլ եզերքներում,
Որպեսզի հասնի այն աստղափայլին,
Ուր իմ արթմնի երազանքներում,
Նրան էր մնում սիրելի մի կին…
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Չեմ հիշում՝ աչքս ո՞նց, ե՞րբ էր կպել…
Ու ողջն այդ, ասես, երազ էր անդուր.
Աղոտ մի դեմք էր վրաս խոնարհվել,
Ու դիմակապով գթության մի քույր…
Կարեն Առաքելյան