Մահացել է դերասանուհի Հեղինե Հովհաննիսյանը
Մարտի 3-ին, կյանքի 89-րդ տարում վախճանվել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, պրոֆեսոր Հեղինե Հովհաննիսյանը (Ելենա Տեր-Հովհաննիսյան):
Հեղինե Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով:
Հեղինե Հովհաննիսյանը ծնվել էր 1926 թ. օգոստոսի 4-ին, Երևանում: 1961 թ. արժանացել ՀԽՍՀ վաստակավոր, 1984 թ.` ժողովրդական արտիստի կոչմանը: Նրա լավագույն թատերական դերերից են` Գոներիլ` Շեքսպիրի «Լիր արքա», Գլաֆիրա` Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները», Վարյա` Չեխովի «Բալենու այգին», Լիզա` Տոլստոյի «Կենդանի դիակ», Չեբոկսարովա` Օստրովսկու «Կատաղի փողեր» և այլն: Նկարահանվել էր կինոյում` «Տղամարդիկ» (Կարինեի մայր), «Սայաթ-Նովա» (թագուհի) և այլն:
Մասնակցել է ռադիո և հեռուստաբեմադրությունների:
1968 թվականից դասավանդում էր Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, պրոֆեսոր էր:
2002 թ. արժանացել է «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակի: